ԿարևորՀասարակություն

Սյունիքը ներկայացնող պատգամավորները՝ անցնող տարվա մասին

Սյունիքի շահերը խորհրդարանում ներկայացնող երեք կուսակցությունների պատգամավորները մարզի վերաբերյալ ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնել, որո՞նք են լուծվել, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություներով են հանդես եկել։

ԱԺ-ում Սյունիքի շահերը ներկայացնում են հինգ պատգամավոր՝ երեք կուսակցություններից։ Վերջին մեկ տարվա ընթացքում ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնել, որո՞նք են լուծվել, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություներով են հանդես եկել։ 

Խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Տիգրան Կարապետյանը նշում  է՝ այս տարի ամիսներ շարունակ քննարկումներ են եղել Գորիսի տեխնոպարկի հետ կապված. «Մենք բազմաթիվ անգամ հարցը բարձրացրել ենք Սյունիքի տեխնոպարկի հետ կապված, այսինքն՝ խնդիրն արձանագրված է։ Մարզի տնտեսության առյուծի բաժինը հանքարդյունաբերությունն է, գունավոր մետաղների գների տատանումները ուղղակի ազդեցություն են ունենում մարզի տնտեսության վրա։ Այս առումով տնտեսության դիվերսիֆիկացիան, եթե ընդհանուր ձևակերպում տանք, մեր մարզի հիմնական խնդիրն է և տեխնոլոգիական ոլորտի, զբոսաշրջության զարգացումը հենց նպաստելու է դրա լուծմանը։ Հույս ունենք, որ մենք մոտակա ժամանակներն այս խնդիրը լուծած կլինենք»։

Տիգրան Կարապետյանը հավելում է՝ գործադիրի հետ քննարկումների փուլում են, ուշադրության կենտրոնում է մարզի բնակավայրերի ջրի խնդիրը։ Պատգամավորը, չնայած ժամկետներ չնշեց, բայց տեղեկացրեց, որ Տեղ համայնքի Խնածախ գյուղի ջրի խնդիրը կլուծվի։ Նրա խոսքով՝ իրեն նաև տարաբնույթ դիմումներ են հասցեագրվում։

«Ստացվող դիմումների գերակշիռ մասը ֆինանսական աջակցության ակնկալիքով գրված դիմումներ են։ Կան նաև հենց պատգամավորի գործառույթներին վերաբերող հարցեր՝ կապված անշարժ գույքի հետ, ոտնահարված իրավունքների հետ կապված, նախկին կատարված հանցագործություններ, որի  դեպքում  քրեական գործեր են կարճվել, խնդրում են պատգամավորների միջնորդությունները»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարևոր համարեց քաղաքացիների հետ անհատական աշխատանքները։

«Մի քանի քաղաքացիների հետ  ծրագրել ենք, հանձնաժողովի փորձագետները կազմել են ֆերմերային տնտեսության բիզնես ծրագրեր, Եվրոպական Միության օժանդակությամբ, առաջիկայում պատասխանը կլինի, հույս ունեմ պատասխանը կլինի դրական, որովհետև մեր փորձագետների օգնությամբ բավականաչափ բիզնես ծրագրեր են կազմվել։ Ինձ հիմնականում դիմում են անձինք՝ դատապարտյալների հետ կապված․ աշխատել ենք հնարավորինս լուծել»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն առանձնացնում է Սյունիքում լուծված խոշոր խնդիրները. «Ֆիզկուլտուրնիկների չորրորդ կարգի վթարային շենքի խնդիրն է, որը կառավարությունը պատրաստ է ամեն րոպե լուծել, բայց քանի դեռ բնակիչներից երեքը դեռևս չեն համաձայնել այն աջակցությանը, որն առաջարկում է կառավարությունը, խնդիրը մնում է առկախ։ Իմ տարբեր առաջարկություններով Սիսիանի թանգարանը և պատկերասրահը հաջորդ տարի հիմնովին կնորոգվեն մոտ 190 միլիոնի շրջանակում։ ՋՕԸ-երի խնդրով իմ բարձրացրած հարցի շնորհիվ լրջորեն սկսեց զբաղվել  կառավարությունը, և այն աղմկահարույց բացահայտումները, որ ներկայումս տեղի են ունենում, նաև իմ հարցի շնորհիվ է»։

Սրբուհի Գրիգորյանը օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ նշում է․

«Այս պահի դրությամբ կա հինգ նախագիծ։ Մեկը ներկայումս գտնվում է շրջանառության մեջ, որը առնչվում  է հեմոդիալիզ ընդունող քաղաքացիների ճանապարհածախսի փոխհատուցմանը։ Եթե ինձ հաջողվի այնպես անել, որ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ այդ առաջարկը անցնի, քաղաքացիները այլևս չեն սպասի որոշմանը, կամ մարզպետի ձեռքին չեն նայի  և օրենքով կստանան իրենց փոխհատուցումը»։

Կարեն Համբարձումյանը «Իմ քայլը» խմբակցությունից Սյունիքի երկրորդ պատգամավորն է։ Անդրադառնում է այն աշխատանքներին, որոնք անմիջական իր միջոցով չեն իրականացվել. «Կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում ունենք մի քանի տասնյակ սուբվենցիոն ծրագրեր։ Կարծում եմ, անզեն աչքով տեսանելի է մարզի ճանապարհների ասֆալտապատումը»։

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ նախաձեռնություններին՝ նշում է․ «Օրենսդրական նախաձեռնությամբ դեռ հանդես չեմ եկել, ունեմ մի քանի նախաձեռնություններ, բայց չեմ խոսի այսօր։ Իմ նախաձեռնությունների մեջ կան շփումներ, կան կառավարությունում քննարկվող հարցեր, բայց վստահաբար ասում եմ` 2020-ին կտեսնեք իմ կողմից ներկայացված նախաձեռնություններ»։

Սյունիքից «Իմ քայլը» խմբակցությունից երրորդ պատգամավորն էլ Արմեն Խաչատրյանն է։ Նա զանգերին չպատասխանեց։ Պատգամավորը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ կփորձեն լուծել, օրինակ, Խնածախում չորս այրված տների խնդիրը, սակայն խնդիրը դեռևս առկախ է մնում։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button