ԿարևորՀասարակություն

Սերը չմոռանաք. բաղադրատոմս Նունե Սարգսյանից

Չկա մի երկիր մոլորակի վրա, չկա մի անկյուն, որ չունենա Նոր տարվա տոնական ավանդույթներ։ Դրանք տարբեր են, ինչպես ազգերը, դրանք բազմագույն են, ինչպես աշխարհը, դրանք չկրկնվող են, ինչպես մեզանից յուրաքանչյուրը։ Արեւմտյան եկեղեցիների հետեւորդների համար դեկտեմբերի 24–ի լույս 25 գիշերն է ամենակարեւորը ողջ տարվա ընթացքում՝ Սուրբ Ծնունդը։ Չինաստանում, օրինակ, դեկտեմբերի 31-ը սովորական աշխատանքային օր է, որովհետեւ աշխարհի ամենաշատ բնակչությունն ունեցող ազգի համար նոր տարին օրացույցային այլ թվից ու ամսից է սկսվում։ Բայց անպայման սկսվում է՝ ինչ–որ մի օր։ Ու, երբ էլ որ սկսվի, իր հետ նոր երազանքներ, հույսեր ու սպասումներ է բերում։

Նունե Սարգսյանի հետ խոսելիս իմ միակ «գործիքը» ձայնն էր: Ասում է՝ Ամանորն իր համար հատուկ հոտ ունի, համ, գույն, երաժշտություն։ Հատուկ հարաբերություններ ունի։

Տիկին Նունեն նախագահի կինն է, Արմեն Սարգսյանի կինը, իրենց տան մեծն ու տոնական համեր, գույներ, մեղեդիներ ստեղծողը` խոհանոցում։

Գիտեք, ձայնով, միայն ձայնով շատ դժվար է համերի մասին խոսել, գիտեք, հոտերի մասին խոսելու համար էլ է թվում, թե միայն ձայնը քիչ է։ Բայց տիկին Նունեն նուրբ, շատ նուրբ է կարողանում պատմել համերի մասին, կամ ճիշտը կլինի, որ ստեղծում էր համերն ու հոտերը մեր խոսակցության միակ «գործիքով»:

«Բոված նուշի, արիշտայի, հալվայի հոտը, պասուց տոլմայի համով համերը։ Դրանք են Ամանորի հոտն ու համը։ Ես թոռնիկներիս հետ միշտ ստեղծագործում եմ խոհանոցում, սովորեցնում, որ կարեւոր է նաեւ խոհանոցի աշխատանքը»,– ասում է տիկին Նունեն։

Տիկին Սարգսյանը հենց սկսեց պատմել այդ հոտերի ու հատուկ համերի մասին, ես հալվայի ու տոլմայի համը զգացի, քաղցր, տնական:

Դրանք տնական են եղել անգամ այն ժամանակ, երբ Սարգսյանների ընտանիքը Հայաստանում չի ապրել։ 30 տարի եւ ավելի, ասում է տիկին Սարգսյանն ու պատմում, թե ինչպես է կարողացել պահել հայկականը Հայաստանի սահմաններից դուրս։

«Իհարկե, մենք վերցրել ենք նաեւ արեւմտյան արժեքներ։ Իմ մեծ տղայի կինը ամերիկուհի է, նա էլ իր ավանդույթներն է բերել։ Դեկտեմբերի 24–ին, եթե դրսում ենք, մեր սեղանին միշտ մի հնդկահավ անպայման հայտնվում է։ Տղայիս ընկերները գալիս են մեր տուն ու ուտում հնդկահավը, որի փորի մեջ մենք միշտ նարինջ ենք դնում։ Այն սպիցիֆիկ համերը հանում է»,– պատմում է տիկին Նունեն։

Տոնական հնդկահավ պատրաստելու այս բաղադրատոմսը բրիտանացի հայտնի շեֆ խոհարար Ջեմի Օլիվիերինն է։ Հենց նրա բաղադրատոմսով է պատրաստվում Սարգսյանների ընտանիքի տոնական սեղանի հնդկահավը։

Առաջին քայլով պետք է հնդկահավը մաքրել ու եփելուց 30 րոպե առաջ թողնել սենյակային ջերմաստիճանում, իսկ մինչ եփելը միացնել ջեռոցը՝ 240 աստիճան տաքությամբ։

2 գլուխ սոխը, 2 գազարը, 2 հատ նեխուրը, 1 գլուխ սխտորը, մեկ կապ կանաչին լավ լվանալ, կտրատել հավասար չափերի, նախընտրելի է բանջարեղենը չկեղեւազրկել, խառնել ամանի մեջ՝ ավելացնել ձիթապտղի ձեթ։ Բանջարեղենի վրա համեմունքներ չարժե ավելացնել։

Բանջարեղենային այս զանգվածն ավելացնել ջեռոցի տապակի վրա։ Հնդկահավի փորի մեջ դնել նարինջը՝ առանց կտրելու եւ կեղեւազրկելու, ավելացնել նաեւ՝ ուրց ու դաղձ։ Համեմունքները՝ ծովի աղն ու սեւ պղպեղը, լցնել հնդկահավի վրա՝ տարածել ձեռքերով։ Հետո հնդկահավը դնել բանջարեղենային զանգվածի վրա։

Եփել այնքան, մինչեւ ջեռոցից զգացվեն ճիշտ համեր ու երեւան ոսկեզօծ բանջարեղեններն ու հնդկահավը։

Իսկ վերջում Նունե Սարգսյանն առաջարկում է ավելացնել սեր՝ ամենքին ու ամեն ինչին գույն, համ, հոտ ու երջանկություն տվողը։

Ցուցադրել ավելի
Back to top button