ԿարևորՀասարակություն

Ովքեր եղանակ փոխեցին 2019–ին

Անձինք, երևույթներ  որոնք մեր կյանքում  փոթորիկ  առաջացրին կամ,  հակառակը, որքան էլ  ջանացին  եղանակ փոխել, այդպես էլ չստացվեց։ Արմինե Գևորգյանը, որ ամեն առավոտ եղանակի տեսություն է ներկայացրել, տարվերջին  ամփոփել է տարվա եղանակը փոխած իրադարձություններն ու հիշել նաև եղանակ փոխած գործիչներին։  

Երբ մամուլն առաջին անգամ գրեց  այս մասին, շատերը  կարծեցին,  թե բամբասանք է, բայց   լրատվամիջոցներն  այս անգամ չէին  սխալվում։ Շատերի համար լուրը  սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ։

«Պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է  առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին, նրա  լիազորությունները կասեցվել են» ։

Դավիթ Սանասարյանը մեղադրանքը չընդունեց, գործը շինծու որակեց ու այդ ամենի հետևում տեսավ  ԱԱԾ –ին։ Ավելին, ասաց, որ պատրաստ է ձեռքը կտրել, եթե

«Ես պատրաստ  եմ ձեռքս կտրել, եթե կհրապարակվի այն  տեսանյութը, որտեղ ես կաշառք եմ վերցնում»:

Նրա այս հայտարարությունը եղանակ չփոխեց։ ԱԱԾ պետ  Արթուր Վանեցյանն ասաց, որ անդամահատվելու կարիք չկա․ իրենց փաստերը հիմնավոր են։

Մինչ պարզ չէր՝ ձեռք կկտրվի՞,  թե՞  ոչ, գործին խառնվեց առողջապահության նախարարը, ու ոչ թե խորհուրդ, այլ ցուցմունք տվեց։ Թորոսյանի ու Սանասարյանի ջրերը սկսեցին մի առվով չհոսել։

Մինչև հիմա կարծում էի,  որ ֆան ակումբներ ունենում են միայն շուոբիզնեսի ներկայացուցիչները  կամ հայտնի մարդիկ, բայց  պարզվեց,  որ  նման ակումբ Ինստագրամում ունի նաև ԱԱԾ –ն՝  ի դեմս Արթուր Վանեցյանի։  Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին անգամ սիրեցին ԱԱԾ –ին,  կառույցին երգեր ձոնեցին  ու դրա  հետ  մեծ հույսեր կապեցին: Ու մինչ Վանեցյանը վայելում էր տաք ու արևոտ օրերը, երկինքն անսպասելիորեն  խավարեց,  ու  այնպիսի  կարկուտ տեղաց, որ Վանեցյանը  հրաժական տվեց։

Ասաց․Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Պատիվ ունեմ»: Հեռացավ նաև  ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից՝ այրելով  բոլոր կամուրջները։

Ուժայիններին վերաբերող թեման  այսքանով չավարտվեց: Հեղափոխության սիմվոլ դարձած, ցույցեր ցրող ու ցուցարարների հետ ամենաշատը նկարվող ու քննարկվող ոստիկանպետը՝  Վալերի Օսիպյանը փորձեց  ոստիկանությունում  կայուն եղանակ ստեղծել, բայց չհաջողեց։ Եկան  ցուրտ քամիներ ու նրան ցուրտ մոսկվաներ տարան։ Այնտեղից նախկին ոստիկանապետը լուր ուղարկեց ՝ իմ մասին չմտածեք․․․։

Ցուրտ օդային հոսանքներն արդեն  հեռանում  էին, երբ նոր ամպրոպ  պայթեց։ Եղանակային  պայմանների կտրուկ փոփոխության պատճառը նախարարների աշխատավարձի բարձրացումն էր։ Արձագանքն այդքան կտրուկ չէր լինի, եթե աշխատավարձերի բարձրացումը  գաղտնի չլիներ։ Բայց,  ինչպես կասեր մաեստրոն, գաղտնին դեռևս թաքուն չէ։

Նախարարների աշխատավարձի թեման  հազիվ մարսած՝  մեկ այլ փոթորիկ բարձրացավ, արդեն մշակութային դաշտում։  «Հուզանք ու զանգ» ներկայացումը ոչ թե հուզեց,  այլ  բարկացրեց շատերին։

Համացանցի օգտատերերը  ինչի մեջ ասես չմեղադրեցին կազմակերպիչներին ՝ է՛լ սատանիզմի, է՛լ ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզի, է՛լ ապազգայնության:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝  ներկայացման ֆինանսավորմանը մասնակցելու մասին տեղեկությունն ավելի վատացրեց եղանակը:  

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը մեկ այլ ցնցում էլ էր սպասվում․հայագիտական առարկաները ԲՈՒՀ–երում  ոչ պարտադիր դարձնելու մտադրությունը ամպրոպի պես պայթեց  ու մթագնեց երկինքը  ՀՅԴ երիտթևում։

Նախարար Արայիկ Հարությունյանը  դիմացավ բնական արհավիրքին, բայց նախարարի տեղակալը  չդիմացավ․ կաշառք ստանալու  կասկածանքով  ձերբակալվեց։ Այդ օրը մեկ այլ քամի էլ  բարձրացավ քաղաքական դաշտում․ մեղադրանք առաջադրվեց 3-րդ  նախագահ Սերժ Սարգսյանին:

Թվում էր, թե տեղեկությունը փոթորիկ  է խոստանում, բայց հասարակությունն ավելի բուռն արձագանքեց Լոռեցյանի ձերբակալությանը։

Տարեվերջին եղանակային  մի կտրուկ փոփոխություն էլ եղավ  «Լուսավոր Հայաստան»–ում․ քիչ  էր մնում խավարեր Դավիթ Խաժակյանի աստղը։ Մարուքյանն ասաց՝  մտածում են նրան հետ կանչել  Երևանի  ավագանուց։  Դաշտը փոթորկվեց, փոթորիկը բարձրացրեց Խաժակյանի վարկանիշը:

Բայց արշալույսները «Լուսավոր Հայաստանում»  խաղաղ  բացվեցին  ու «Լույսի» աստղը կրկին լուսավորեց  Երևանի  ավագանին։

Այս տարի եղանակը փոխվեց նաև  Հանրային  ռադիոյում․ ռադիոն նոր տնօրեն ունեցավ,  իսկ թե մեկ տարվա  ընթացքում ինչ եղանակ ստեղծեց Գարեգին Խումարյանը, արդեն կասի ռադիոլսողը։

Ցուցադրել ավելի
Back to top button