ԿարևորՀասարակություն

2019–ի խորհրդարանի մասին՝ մի քիչ հումորով, մի քիչ էլ լուրջ

2019–ը խորհրդարանի համար պատմական էր մի քանի առումով։ Ուղիղ մեկ տարի առաջ գործարկված խորհրդարանական կառավարումը ցույց տվեց  համակարգի  բոլոր՝ դրական եւ բացասական կողմերը։  Որոշ հարցերում խորհրդարանը դեռ անպատրաստ էր, որոշ դեպքերում՝ անփորձ, բայց մշտապես փորձում էր հանդես գալ նորովի։ Անցնող տարվա ընթացքում խորհրդարանում քննարկվել են այնպիսի հարցեր, որ որեւէ մեկն անգամ չէր պատկերացնի, թե դրանք կարող են հասնել թիվ մեկ քաղաքական ամբիոն։ Այսօր փորձենք հպանցիկ անդրադառնալ խորհրդարանի մեկ տարվա աշխատանքին՝ մի քիչ հումորով եւ մի քիչ լրջությամբ։

Տարվա  իրադարձություն

Ուղիղ մեկ տարի և 21 օր անցավ այն պահից, երբ ժողովրդի իշխանությունը համաժողովրդական շարժման աջակցությամբ մուտք գործեց խորհրդարանի շենք։ Այդ մուտքը համընկավ խորհրդարանական կառավարմանն անցնելու հետ։ Այնպես որ, նոր խորհրդարանն ու կառավարման նոր ձեւը տարեկիցներ են։ Երկուսն էլ մեկ տարվա ընթացքում պայքարեցին, սխալվեցին, որոշ դեպքերում էլ՝ շտկեցին սխալներն  ու շարժվեցին առաջ։ Հայաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ խորհրդարանի առաջին փորձությունը խորհրդարանական տեղերի ու պաշտոնների բաշխումն էր, հետո՝ նոր կառավարության ծրագրի հաստատումը։ Միանշանակ է մեկ բան՝ հայկական ավանդույթները պահպանվում են, եւ անգամ խորհրդարանն ընկալվում է իբրեւ «օջախ»։

Անի Սամսոնյան. «Դուք փորձում եք կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տունը»։

Արարատ Միրզոյան. «Առանց կռվի դուք կարող եք ասել, որ խոհանոցը ձերն է, հյուրասենյակը՝ մերը եւ տանը կռիվ չի լինի»։

Սիսակ Գաբրիելյան. «Թիվ չկա, թիվ չկա, թիվ չկա։ Եկեք մի հատ հասկանանք։ Միգուցե պարզենք, որ ոչ միայն թվեր չկան, այլ նաեւ նկարներ են մեզ պետք կառավարության ծրագրում։ Միգուցե ասենք՝ նկարներն էլ քիչ է, մի հատ այնպիսի ծրագիր բերեք, որ սկաները պահենք վրեն, վարչապետը միջից դուրս գա  ասի՝ ինչ է ուզում ինքը անի»։

Տարվա գլուխկոտրուկ

Որքան  ժամանակն անցնում է եւ բթացնում հեղափոխական իրադարձությունների զգացողությունները, այնքան խորհրդարանում հիշողությունների խառնաշփոթ է նկատվում։ Ով ինչ է արել մեկ տարի առաջ եւ որտեղ կլիներ իրադարձությունների այլ զարգացման դեպքում․ ահա քաղաքական հիմնական հարցը, որ տարվա ընթացքում պարբերաբար առաջ է քաշել խորհրդարանական  ընդդիմությունը։ Սա այն նուրբ հարցն է, որի դեպքում գործող իշխանության մեջ կրկին արթնանում է ընդդիմադիրը։ Այսքանը բավարար է թեժ կրքերն ապահովելու համար:

Նաիրա Զոհրաբյան. «Եթե չլիներ Բարգավաճ Հայաստանը, ապա գոնե այս խորհրդարանում, գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու։ Եվ հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք եւ որտեղ կհայտնվեիք»։

Համազասպ Դանիելյան. «Լո՞ւրջ եք ասում, ժողովուրդ»։
Նաիրա Զոհրաբյան. «Համազասպ, մի քիչ զուսպ եղեք»։

Հայկ Կոնջորյան. «Այն, ինչ դուք նշում եք իբրեւ թե լավություն եք արել մեզ, դուք չեք արել, դուք արել եք այն, ինչ ժողովուրդը պահանջել է։ Եվ եթե դուք չանեիք, այն, ինչ ժողովուրդը պահանջել է, ապա հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք»։

Արարատ Միրզոյան. «Շատ լավ է, որ պարոն Մարուքյանը վերադարձավ դահլիճ, որովհետեւ ես անհանգստանում էի՝ պարոն Մարուքյանը չկար, Մխիթար Հայրապետյանը չկար, տիկին Զոհրաբյանը չկար, ասացի՝ մի տեղ էքզիստենցիալ հարցերի մասին եք վիճում»։  

Տարվա  նպատակ

«Կնքահայրը» գուցե լավ ֆիլմ է, բայց նմանօրինակ բարքերն այլեւս անընդունելի են խորհրդարանականների համար։ Քրեական ենթամշակույթ կրողների մասնակցությունը երկրի քաղաքական, տնտեսական կյանքին  պետք է բացառվի, քրեական ենթամշակույթ կրողները եւ գովազդողները  կազատազրկվեն մինչեւ 20 տարի ժամկետով․ սա կառավարության նախաձեռնությունն է, որին թիկունք կանգնեց խորհրդարանական մեծամասնությունը։ Մեկ սեղանի շուրջ օրենքով գողերի հետ այլեւս չի նստի ոչ մի պաշտոնյա՝ խոստացավ արդարադատության նախարարը։ Քրեական ենթամշակույթին հայտարարված պատերազմը  պատգամավորների մի մասը միանշանակ չընդունեց, գործը հասավ անգամ սպառնալիքներին։ Իրավիճակին միջամտեց վարչապետը:

Ռուստամ Բադասյան. «Իրավապահներին հայտնի են ՀՀ–ում գործող բոլոր օրենքով գողերի անունները»։

Վարդան Ղուկասյան . «Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան։ Ամենախելոքը օրենքով գողերն են»։

Նիկոլ Փաշինյան. «Եթե կան մարդիկ, այդ թվում քաղաքական գործիչներ, այդ թվում պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու եւ որոնք մտածում են, որ այս օրենքի հետ կապված օրինակ՝ կարող են միջնորդավորված ձեւով սպառնալ հարցի հարակից զեկուցողներին ուղիղ ասում եմ՝ կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին»։

Տարվա բոլոլա

Խորհրդարանում տարվա ամենամեծ սկանդալը կամ  պրովոկացիան կապված է Լիլիթ Մարտիոսյանի անվան հետ։ Այս անունը գուցե այսօր էլ ձեզ ոչինչ չասի, բայց նրա խոսքի մի հատվածը ոչ միայն ծանոթ է գրեթե բոլորին, այլև մի մեծ խառնաշփոթ առաջացրեց խորհրդարանական կյանքում՝ ընդհուպ մինչեւ բողոքի ակցիաների կազմերակերպում ԱԺ շենքի մոտ։ Մինչդեռ ընթանում էր  սովորական խորհրդարանական լսում, որը հետո պետք է  դիվադադար աներ խորհրդարանի կյանքը։

Լիլիթ Մարտիրոսյան. «ՀՀ ԱԺ ամբիոնից ձեզ եմ դիմում տրանսգենդեր կին»։

Վարդան Ղուկասյան . «Աղջիկ ջան, հիմա էգն ու որձը խառնել եք իրար։ Այդպես չի կարելի չէ՞։ Էդ ամբիոնը պետք է մաքուր լինի, քահանան գա օրհնի։ Ես օրինակ շատ վատ եմ զգում, որ այդտեղից մենք էլ ելույթ պետք է ունենանք»։

Գեւորգ Պետրոսյան. «Հազարամյակներ առաջ այսպիսի ակտիվություն չի եղել ոչ ավանդական սեռական կողմնորոշումների»։

Տարվա  անկեղծություն

Այս մեկ տարվա ընթացքում հեղափոխական սպասումների մի մասն այդպես էլ իրականություն չդարձավ։ Ընդունված կարծիք է, որ լուրջ փոփոխությունների համար  ժամանակ է հարկավոր։ Ամեն դեպքում աշխատավարձի որոշակի բարձրացումներ եղան, ե՛ւ նախորդ  տարվա ընթացքում, ե՛ւ 2020-ին էլ դեռ սպասվում են ։ Սակայն, հայերի ամենասիրելի թեմաներից մեկը դեռ արդիական է։ Տարեսկզբին պարզվեց՝ վարկերի տակ են անգամ վարչապետն ու ԱԺ–ի նախագահը։ Նրանք չհապաղեցին կիսվել իրենց պատմություններով․

Նիկոլ Փաշինյան. «Մեր լվացքի մեքենայի վարկը մինչեւ հիմա չենք վերջացրել։ Մի 4 տարի առաջ ենք գնել»։

Արարատ Միրզոյան . «Ես էն օրը գնացի հեռուստացույց վերցնելու, էն էլ ինձ ապառիկ չտվեցին՝ հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին»։

Տարվա առեղծվածը

Ցանկացած հայ թեեւ հյուրասեր է, բայց այդպես էլ առեղծված մնաց, թե ով էր վերջերս հյուր եկել Հայաստան Արաբական Միացյալ Էմիրություններից։ Ասում էին՝ թագաժառանգ էր, բայց այդ պետության դեսպանությունը հերքեց։ Ասում էին՝ մեծ փողերով են եկել, բայց անգամ եկողների անուն ազգանունն անհայտ մնաց։

Войско взбунтовалось, говорят – царь не настоящий ,,,,,,,,,, թագավորի մեծը չէր, փոքրն էր ,,,, մնացածը դուք մտածեք։  

Տարվա նվերը

Խորհրդարանական կյանքում այս տարի այդպես էլ  իրականություն չդարձավ խոստացված ամենամեծ նվերը։ Այն պետք է ունենար ցեմենտի գործարանի տեսք եւ անցներ մի պատգամավորից մյուսին կամ հնից՝ նորին։ Առաջարկը հենց գործարանի սեփականատիրոջից էր։ Այդ քայլով նա փորձում էր  ապացուցել իր ճշմարտացիությունը։ Ապացույցների բացակայության դեպքում բացատրություն էր պահանջում։ Իրականում չեղավ ոչ նվերը, ոչ բացատրությունը:

Գագիկ Ծառուկյան. «Ասում է՝ ցեմենտի գործարանը քանիսո՞վ է ձեռք բերվել։ Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով ձեռք է բերվել ես նվեր տամ տվյալ հայտարարողին։ Բայց եթե չէ, մյուս օրն ինքը պետք է դրա համար պատասխան տա՝ ինչի՞ համար է այդպիսի արտահայտություն անում»։

Հայկ Գեւորգյան. «Թող ինքը որոշի, ես սպասում եմ առաջարկներին»։

Հաջորդ տարի առաջարկների սպասում է նաեւ ընտրողը, որը պատգամավորին մեկ տարի առաջ խորհրդարան է գործուղել հստակ նպատակներով, ծրագրերն իրականացնելու հույսերով եւ կյանքը փոխելու իրական սպասելիքներով։  

Ցուցադրել ավելի
Back to top button