ԿարևորՀասարակություն

Ի՞նչ չնվիրել Ամանորին

Նախատոնական օրերին գրեթե բոլորիս ուղեղում նույն միտքն է՝ ի՞նչ նվիրել  հարազատներին ու մտերիմներին։ Ցանկություն կա ընտրելու ոչ միայն օրիգինալ, այլև օգտակար նվերներ։ Ի՞նչ նվիրել Ամանորին: Այս հարցի փոխարեն, Ալիսա Գևորգյանի ուղեղում, նախատոնական օրերին, ի՞նչ չնվիրել  Ամանորին հարցն էր, քանի որ հենց այդ հարցի շուրջ էլ կառուցել է ներկայացվող  ռեպորտաժը։  Համաձայնեք, որ անհաջող ընտրված նվերը կարող է փչացնել տոնական տրամադրությունը։

Ինչ չնվիրել Ամանորին․  շատերիդ համար գուցե տարօրինակ հնչող հարցի պատասխանի փնտրտուքով նախ պատմական աղբյուրներից ենք փորձում օգտվել։ Հնում այս հարցում ինչպես էին կողմնորոշվում մեր նախնիները։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որին տարօրինակ հարցերը  չեն զարմանցնում, միանգամից արձագանքում է․

«Նվերների կարգավորված հատուկ համակարգ գոյություն չուներ։ Կարևոր էր Նոր Տարուն իրար առատություն խորհրդանշող մթերքներ տալը։ Դա կարող էր լինել նուշ, ընկույզ, քաղցրավենիք, մեղր։ Այդ օրերին խուսափում էին իրար տալ կծու, թթու ուտելիք, սուր,  կտրող, ծակող գործիքներ, այն ամենն ինչ բացասական ինչ-որ զգացողություններ կարող էր առաջացնել»։

Կային մթերքներ, որոնք ոչ  թե նվիրել, այլ միմյանց անգամ փոխացել չէր  կարելի՝ առանց համապատասխան արարողակարգի։ Մասնավորապես․ «Եթե միմյանցից աղ կամ օճառ էին վերցնում, մի բանով պետք էր փոխհատուցել, այսինքն՝ իբրև դա գնվում է։ Համարվում էր, որ այդպիսով չար ազդեցությունը վերանում է»։

Ըստ ազգագրագետի, նվեր հասկացողությունը ավելի ուշ՝ 20-րդ դարում ի հայտ եկած երևույթ է։ Հին հայկական ավանդույթում առավել ընդունված էր ընտանիքների և ոչ թե ընտանիքի անդամների կամ էլ անհատների հետ նվերներ փոխանակելը։  Տոները, ինչպես ասում է Խառատյանը,  անհատական նվերների պարտադրանք չունեին։ Խնամիներին էին պարտադիր նվերներ ուղարկվում, դա կարող էր լինել խաշած հավ, թխվածք, չրեղեն, այն ամենն ինչ դրվում էր տոնական սեղանին։  

Ինչ չնվիրել Ամանորին. բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հաճելի անակնկալ մատուցել դերասանուհի Լալա Մնացականյանին,  հիշեք․«Եթե նվիրեն տղամարդու գուլպա, շատ կնյարդայնանամ»։

Փոխարենը՝  նախապաշարմունքներից Լալա Մնացականյանը հեռու է․ որպես նվեր արգելված օճառ էլ կընդունի, եթե լավը, հատկապես ֆրանսիականը  լինի։  Սուր, կտրող, ծակող գործիքներ և՛ ինքն է նվիրել, և՛ նվեր է ստացել։ Ամանորի նվերներ ընտրելու հարցում սահմանափակումներն առնչվում են միայն որակին, ճիշտ հասցեականությանն ու  նվերի պիտանիությանը․ «Ասում են անգամ սրբիչ չի կարելի նվիրել, ես նման բաներ չեմ հասկանում, միշտ նվիրում եմ այն, ինչ կցանկանայի ինքս ունենալ։ Հաճախ մեկը ինձ եմ գնում, մյուսը՝ նվիրելու համար։ Եթե ինձ համար լավ օճառ կամ սրբիչ եմ առնում, մեկն էլ նվերի համար եմ նախատեսում»։

Նվերներ ընտրելու հարցում  տղամարդիկ այնքան ճկուն չեն, որքան կանայք, երբեմն տղամարդու, այսպես ասած,  անհաջող  նվերը կարող է լուրջ նյարդայնացնել կնոջը, հատկապես երբ լուրջ վնաս է հասցվել ընտանեկան  բյուջեին։ Տիկին Լալայի բախտն այս հարցում բերել  է, ամուսինը գիտի ինչ նվիրել և, հատկապես, չնյարդայնացնելու համար ինչ չնվիրել կնոջը։

Այն, ինչ այսօր դուք ոչ մի դեպքում չէիք նվիրի Ամանորին, ժամանակին հայերը միմյանց նվիրում էին մեծ սիրով՝ կոմպոտ ու կենդանի  հավ։ Հատկապես սասունցիների մեջ տարածված տոնական ավանդույթին «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանն է ծանոթացնում. «Իմ մանկության տարիներին կոմպոտ ու հավ տանելու ավանդույթը պահպանվում էր։ Դրա փոխարեն այսօր էլ հյութ ու քաղցրավենիք են տանում»։

Էրգրից գաղթած ու Թալինի տարածաշրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակություն հաստատած սասունցիների շրջանում արգելված նվերներից է հատկապես օճառը։ Ավանդույթը խստորեն պահպանվում է նաև մեր օրերում, ասուն են՝ ցավ է բերում։ Անդրանիկ Մանուկյանն է շեշտում՝ նվեր հասկացողությունը սասունցիների մեջ ընդհանրապես նոր երևույթ է։ Հնում սասունցիները միմյանց նվերներ չէին տալիս, պարզապես օգնում էին նրանով, ինչի պակասը կար ընտանիքում։

«Դա ոչ թե նվեր էր, այլ մարդկային ջերմության, հոգատարության դրսևորում։ Եթե հարևանը, բարեկամը, երկրացին ինչ-որ խնդիր ուներ, մյուսները փորձում էին լրացնել  բացը»։

Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես․ այս ճշմարտությամբ էին առաջնորդվում մեր նախնիները։  Իմաստուն բառերից  հետո որքան դժվար է ասել հետևյալ խոսքերը․ չափազանց տհաճ է, երբ ինչ-որ բան նվիրում են համարժեք նվեր ստանալու ակնկալիքով․ նման նվերներ ընդհանրապես մի՛ արեք․ մասնագետի հորդորն է։  «Ժեստ» կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանն ասում է՝ նվերն առաջին հերթին դիմացինին   և սեփական անձին հաճույք պատճառելու համար  է ։ Գեղեցիկ արարքի արդյունքում բարձրանում է նաև  ինքնագնահատականը։

Ի՞նչ չի կարելի նվիրել  Ամանորին. հարցին հոգեբանն արձագանքում է՝ այն ամենը, ինչ կարող է վիրավորել։  Նվերների հանդեպ կանանց թուլությունը  գալիս է անհիշելի ժամանակներից։ Այս հարցում գենդերային անհավասարության զոհ են դարձել հատկապես հայ տղամարդիկ։ Նրանց կանանց մի ամբողջ միամսյակ է պարտադրվել, իսկ իրենք զրկված են անգամ օրացուցային մեկ հստակեցված տոնից։ Հոգեբանն ասում է, որ սրա հիմքում նաև ազգային ավանդույթն է․ աղջիկներին միշտ էլ երես են տվել նվերներով՝ համարելով, որ նրանք քնքուշ էակներ են, տղամարդուն նվեր տալը հնում այնքան էլ գեղեցիկ չի դիտվել, դա կանացիության ինչ-որ դրսևորում է ընկալվել։ Բայց ժամանակները փոխվել են․ օրինակ` Ամանորին զոքանչից Iphone-ի վերջին մոդելը ստանալիս որևէ տղամարդ  այսօր  չի հրաժարվի. «Իհարկե չի հրաժարվի, և դա նորմալ է, որովհետև տղամարդը ևս մարդ է և ուշադրության կարիք ունի»։

Արդյո՞ք հոգեբանական ցնցում է ապրում երեխան, որը չի ստացել  Ձմեռ պապին հասցեագրված հեռագրում նշած նվերը։ Ըստ հոգեբանի, երեխան կարող է խուսափել ցնցումներից, ավելին՝ հեշտությամբ մոռանալ  իր ցանկալի նվերը, եթե որպես այլընտրանք առաջարկվածը նրա հետաքրքրությունների ծիրում է։ Կարճ ասած, երեխային մի նվիրեք  բաներ, որոնք նրան բոլորովին չեն հետաքրքրում ։

Ինչ չի կարելի նվիրել մարդկանց․ հարցի համատեքստում  փորձենք հասկանալ՝ ինչ է հուշում միջազգային փորձը։ Էքստրասենսների միջազգային հանրությունը տեսակետը չի պարտադրում, բայց զգուշացնում է․ Ամանորին չի կարելի հայելի նվիրել, դա դժբախտություն է բերում ու տգեղության խորհրդանիշն է։ Ժամացույց նվիրելու դեպքում մարդուն մահ ու դժբախտություն եք նվիրում։ Սուր իրեր նվիրելու դեպքում նրանց վտանգի եք ենթարկում։

Հողաթափեր նվիրելն էլ միջազգային էքստրասենսները չեն ողջունում, ասում են՝  մահ են կանչում։ Շարֆն ու սաթե վզնոցը բաժանում են խորհրդանշում։ Մարգարիտն  արցունքների խորհրդանիշն է։ Այն մարդը, որը  ձեզ սանր է նվիրում՝ ցանկանում է իմանալ ձեր բոլոր գաղտնիքները։ Եթե ցանկանում եք, որ ձեր սիրելին հարուստ լինի, նրան դրամապանակ նվիրեք, մինչ այդ մեջը թղթադրամ դնելով։

Ցուցադրել ավելի
Back to top button