ԿարևորՀասարակություն

Բաժակներն առնենք կարմիր գինով լի․ ավանդական հայկական ամանորը

Զուսպ սեղաններ ու գինի․ Ամանորը նորովի սկսելու, բարեմաղթանքներ ասելու, դրական տրամադրությամբ տարին սկսելու առիթ է, սակայն կարեւոր է հիշել, որ կենացներ ասում են միայն գինու բաժակով, զգուշացնում է գինեգործը։ Իսկ գինու համտեսի հայ վարպետը, կամ ինչպես ֆրանսիացիները կասեին` սոմալիեն, երկար տարիների փորձառությունից հետո այսօր խմում է բացառապես իր պատրաստած մեղրի գինին․ «Ինքն արվեստ է, գեղեցիկ է, հրապուրիչ , գայթակղիչ»։

Եվ այս բոլոր գեղեցիկ ածականները գինու մասին են։ Գինեգործ Ավագ Հարությունյանը առանձնահատուկ նրբանկատությամբ է խոսում գինու մասին։

Բարի մտքերն արթնանում են, երբ վերցնում ենք գինով լի բաժակը եւ սա պատահական չէ, գինին արյուն է ու մեծ խորհուրդ ունի։ Գինի խմում են պսակադրության ժամանակ, գինին հացով տրվում է հաղորդություն ստանալիս, գինին խմում են Ամանորին։ Գինեգործը վստահեցնում է՝  հնում հայերը խմել են միայն գինի ու սա էլ պատահական չէ,  Հայաստանը գինեգործության բնօրրանն է․

Ինչպես պատահեց, որ գինու բնօրրանում սկսեցին խմել օղի ու կոնյակ։ Ամեն ինչ սկսվեց Ցարական Ռուսաստանից, պատմում է գինեգործը։ Գինու ստացումը համեմատվում է մաքրվելու, լուսավորվելու հետ․ Այն հոգեւոր մեծ խորհուրդ ունի։ Գինու առաջին կումը հոգեւոր ընկալում ունի։ Եվ դա է պատճառը, որ երկրորդ կումը հնարավորինս հետաձգվում է, որպեսզի երկնքի հետ կապը երկար տեւի, պատմում է Ավագ Հարությունյանը։

Իսկ ո՞ր գինին է համարվում լավը։ Դեռ խորհրդային տարիներին «Արարատի» գինու, կոնյակի արդյունաբերական  միավորման  համտեսի հանձնաժողովի անդամ 80- ամյա Վաղարշակ Դայանը ժամանակին շրջել է հանրապետության բոլոր շրջաններում, համտեսել տարբեր գինիներ։ Սակայն այսօր խմում է բացառապես իր պատրաստած մեղրի գինին։ Դա միայն իր ընտանիքի ու իր տուն մտնող հյուրի համար է, այն առանձնահատուկ է։

Բծախնդիր Վաղարշակ պապը մեղրի գինի համտեսելու հնարավորություն տվեց նաև ինձ։ Ամանորին ընդառաջ էլ գինեգործ Ավագ Հարությունյանն զգուշացնում է` կենացներ ասում են միայն գինու բաժակով։ Նաեւ մի նկատառում է անում. որքան սեղանը ճոխ է, այնքան ներսդ դատարկ է։ Թող 2020 թվականին լեցուն լինենք դրական զգացողություններով ու թող սեղանները լինեն ավելի ներդաշնակ։

Ցուցադրել ավելի
Back to top button