ԿարևորՄիջազգային

2019-ը` փաստերով ու լուսանկարներով. միջազգային տարվա ամփոփում

Բողոքներ աշխարհով մեկ

Անցնող տարվա գլխավոր ֆենոմենը միանգամից երեք մայրցամաքներում սկիզբ առած աննախադեպ բողոքի գործողություններն էին՝ Վրաստան, Իրան, Իրաք, Լիբանան, Ռուսաստան, Ֆրանսիա, Չիլի, Էկվադոր, Հոնկոնգ, ․․․ Տասնյակ երկրներում մարդիկ դուրս եկան բողոքի, մի քանիսում ժողովրդական ցասումն ավարտվեց իշխանափոխությամբ, մյուսներում կրքերը դեռ բորբոքված են, և 2020 նույնպես խոստանում է անհանգիստ լինել։

Միջազգային մամուլի առաջին էջերում վերլուծաբանները շարունակում են մտորել՝ կա՞ արդյոք դրանց մեջ կապ և գալիս այն եզրահանգման, որ բոլորն ունեն մեկ ընդհանուր խթանիչ. ակունքը անարդարությունն  է, տարածման միջոցը՝ համացանցը:  Եվ ամենակարեւորը` Չիլիից մինչեւ Իրաք, Իրանից մինջեւ Հոնկոնգ.  բողոքի գործողությունները չունեին առաջնորդ, մասնակիցները` երիտասարդներն էին։

Թուրքիայում` նեոօսմանական նկրտումների տարի

Թուրքիան տարածաշրջանային պետություններում առկա անկայունության ֆոնին շտապեց առաջ տանել ու ամրապնդել իր ազգային շահերը։

Դեկտեմբերի վերջին օրերին նախագահ Ռեջեպ Էրդողանը հայտարարեց Լիբիա զորք ուղարկելու մտադրության մասին։ Պաշտոնական Տրիպոլիի խնդրեց խառնվել Լիբիայի գործերին, Էրդողանը համաձայնեց։ Ըստ ամենայնի, հենց հունվարի առաջին օրերին  թուրք օրենսդիրները հավանություն կտան նախագահի` աֆրիկյան ափ զորքերի ուղարկելու առաջարկին։

Սիրիայի հյուսիս–արևելքում Անկարան  հոկտեմբերի 9–ին սկսեց Խաղաղության ակունք անունը կրող ռազմական գործողությունը՝ Թուրքիային սահմանակից մոտ 500 կիլոմետր երկարությամբ և 30 կիլոմետր լայնությամբ անվտանգության գոտի ստեղծելու պատրվակով՝ չնայած Արևմուտքի դիմակայությանը։ Արդեն հոկտեմբերի 22–ին նախագահներ Ռեջեբ Թաիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը Սիրիային կիսեցին ազդեցության գոտիների։

Հակառակ Արևմուտքին, ՆԱՏՕ- ի  դիմակայությանն ու Վաշինգտոնի պատժամիջոցներին՝ Անկարան 2019–ի ամռանը սկսեց ստանալ Ռուսաստանից Ս-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերն ու դրանց արտադրության որոշ տեխնոլոգիաներ։ Ի պատասխան պատժամիջոցների` Անկարան բարձրացրեց ամերիկյան հակաօդային ուժերի կողմից շահագործվող թուրքական Ինջիրլիք ռազմակայանը փակելու հարցը։

Հետխորհրդային վերջին մոհիկանի դարաշրջանի ավարտը

ԵԱՏՄ–ում մեր գործընկեր պետությունում՝ Ղազախստանոււմ ավարտվեց Նուրսուլթան Նազարբաևի դարաշրջանը։ Մարտի 19–ին՝ 30 տարվա պաշտոնավարումից հետո նա հայտարարեց հեռանալու մասին, բայց պահպանեց ազգի առաջնորդի տիտղոսն ու Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Նոր նախագահ դարձավ Նազարբաևի քաղաքական հետնորդ Քասիմ–Ժոոմարտ Տոկաևը։ Ղազախստանի մայրաքաղաքը, ի պատիվ Նազարբաևի, 2019—ին վերանվանվեց Նուրսուլթան։

Մեղադրանք նախկին նախագահին

Հայաստանի մյուս գործընկեր պետությունում՝ Ղրղզստանում, իրավապահները գրոհեցին նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի առանձնատունը և ձերբակալեցին նրան։ Գործող իշխանությունները նրան մեղադրում են առանձնակի ծանր հանցագործություններ մեջ։ Նախկին նախագահն ու նրա կողմնակիցները կարծում են, որ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Դերասան-նախագահ կամ Զելենսկու ֆենոմենը

Եվս մեկ աղմկահարույց իրադարձություն անցնող տարում Ուկրաինայի նախագահի պաշտոնում  Վլադիմիր Զելենսկու ընտրվելն էր։ Նա կինոն դարձրեց իրականություն։ Դերասան, հումորիստ ուկրաինացու  քաղաքական կարիերան մինչ այդ  սահմանափակվել էր նկարահանման հրապարակում նախագահի կերպարի մարմնավորմամբ։ Նրա նախընտրական քարոզարշավը վերածվեց իսկական դիտարժան շոուի, որի քաղաքական արդյունքը դարձա համոզիչ հաղթանակը իր գլխավոր հակառակորդի` Պետրո Պորոշենկոյի նկատմամբ։

Պատմական իմպիչմենթ կամ մի հեռախոսազրույցի պատմություն

2019-ին Դոնալդ Թրամփը դարձավ ամերիկյան պատմության մեջ երկրի երրորդ նախագահը, որի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսվեց։ Պատճառը Թրամփ–Զելենսկի հեռախոսազրույցն է, որի ընթացքում, ըստ դեմոկրատների մեղադրանքի, Սպիտակ տան գործող ղեկավարը Ուկրաինայի նախագահին հորդորել է հետաքննություն սկսել հաջորդ նախագահական ընտրություններում իր հավանական քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու դեմ։ Ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկությունից հետո գործընթացը շարունակություն կստանա հաջորդ տարի՝ Սենատում։

Բրեքզիթ կամ ապահարզանն այլեւս մշուշոտ չէ

Տարվա մարդը Հին աշխարհամասում  դարձավ Բորիս Ջոնսոնը։ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր հնգամսյա գործունեության ընթացքում նա կարողացավ հանգուցալուծել արդեն երրորդ տարին առկախված՝ Միացյալ Թագավորության ԵՄ–ից դուրս գալու հարցը։ Ընդ ուրում՝ նրա վարչապետության շրջանում Լոնդոնը չգնաց Բրյուսելին լուրջ զիջումների։ Արտահերթ ընտրություններում նա համոզիչ հաղթանակ տարավ եւ կիրագործի իր գլխավոր նպատակը` Եվրոպայի եւ Մեծ Բրիտանիայի ապահարզանը նշանակված է հունվարի 31–ին։

Ցուցադրել ավելի
Back to top button