ԿարևորՀասարակություն

Քաջարանը նոր ու անճանաչելի տեսք կունենա

2019 թվականին Քաջարան խոշորացված համայնքում մեկնարկել է չորս սուբվենցիոն ծրագիր, որոնց համար ընդհանուր առմամբ պետությունը ծախսել է 250 մլն (264 մլն) դրամից ավելի գումար։ Համայնքը՝ 64, իսկ ԶՊՄԿ-ն ներդրել է 152 միլիոն դրամ։ Համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ծանոթացրեց կատարված աշխատանքներին։

«Ամբողջությամբ փոխվել են վերելակները։ Նոր բելառուսական վերելակներ են։ Հին վերելակները շատ անմխիթար վիճակում էին։ Կարելի է ասել, որ չէին աշխատում։ Քաջարանում ունենք 10 բարձրահարկ շենքեր և 10 բարձրահարկ շենքերի վերելակները փոխվել են»։

Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը փորձարկելով ցուցադրում է  քաղաքի բարձրահարկերի վերելակները։ Դրանք նորով են փոխարինվել սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Համայնքը հատկացրել  37 միլիոն, իսկ կառավարությունը՝ 56 միլիոն դրամ։ Քաջարանում 2019 թվականին սկսվել են իրականացվել չորս սուբվենցիոն ծրագրեր։ Քաջարան քաղաքում լայնամաստշաբ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել։

Շինհրապարակի էր վերածվել նաև Աբովյան փողոցը․ 110 միլիոնի աշխատանք, որից 60 միլիոն տվել է համայնքը, իսկ մնացած 50-ը՝ կառավարությունը։ Հիշյալ փողոցում աշխատանքների մեծ մասն իրականացվել են, մյուս մասը կավարտեն 2020-ին։

«Այս փողոցին մոտ է գտնվում քաղաքային համար 2 դպրոցը և համայնքային ենթակայության մանկապարտեզը։ Այսինքն` անցուդարձը այս փողոցում ավելի շատ է։ Փողոցի լուսավորության հետ կապված` հին սյուները փոխարինում ենք նորով։ Այս փողոցում կլինի նաև երաժշտություն»։ 

Մանվել Փարամազյանը պատմում է, թե ինչ պատկեր կլինի Աբովյան փողոցի հարակից բակերում։

«Այստեղ խաղահրապարակ է լինելու, կոնկրետ լինելու է ֆուտբոլի դաշտ։ Մյուս մասը լինելու է մանկական խաղահրապարակ։ Պուրակի արժեքը 40 միլիոն է, 60 տոկոս համայնքի կողմից, 40 տոկոսն է  կառավարության կողմից»։

Համայնքի ղեկավարը տեղեկացրեց մեկ այլ նախաձեռնության մասին, որը կյանքի կկոչվի Բակունց փողոցում։

«65 միլիոնանոց ծրագիր է, 60 տոկոսը համայնքն է հատկացրել, իսկ մնացած 40-ը՝ պետությունը։ Ինչ ենք մենք ունենալու 2020 թվականին․ բարձր մակարդակով մարզահրապարակ՝ հագեցած մարզական գույքով։ Մյուս կողմը լինելու է երեխաների համար նախատեսված խաղահրապարակ»։

Ակտիվ շինարարություն էր ոչ միայն բուն Քաջարանում, այլև խոշորացված համայնքի բնակավայրերում։ Ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել Քաջարանց գյուղում, 48  միլիոն է հատկացվել, որից կեսը` պետությունը, մյուսը 24 միլիոնը` համայնքը։

«Ամբողջովին ասֆալտապատվել է Քաջարանց գյուղի ճանապարհի  մի հատվածը, բնակիչների խնդրանքով՝ գերեզմանոց տանող ճանապարհը։ Ճանապարհը անմխիթար վիճակում էր, մանավանդ որպես բարձր լեռնային գոտի տեղումների ժամանակ անհնար է այդ ճանապարհը անցնել»։

Լեռնաձոր բնակավայրում էլ  65 միլիոնի շինարարական աշխատանքներ են կատարվել, ասֆալտապատումից զատ նաև մայթեզրերը բարեկարգվեցին, հարակից պատերը։

«Մեր քաղաքականությունն այնպիսին է, որ համահունչ պետք է զարգանան և բնակավայրերը, և քաղաքը։ Երկփեղկվածություն չպետք է լինի»։

Բաբիկավան բնակավայրն էլ անմասն չի մնացել բարեկարգումից։ 2020-ին կունենա նոր ու գրավիչ տեսք։

«Մոտ 70 միլիոն  դրամի սուբվենցիոն ծրագիր է։ Ամբողջովին ասֆալտապատվել են ճանապարհները։ Վերականգնվել է մակերևութային ջրերի ջրահեռացումը։ Այստեղ նույնպես գործելու  է մարզահրապարակ ու խաղահրապարակ»։ Համայնքապետ Մանվել Փարամազյանը վստահեցնում է` առաջիկա տարիներին Քաջարանը նոր ու անճանաչելի տեսք է ունենալու։

Ցուցադրել ավելի
Back to top button