

Աննախադեպ տնտեսական ցուցանիշեր․ Հայաստանում անցնող տնտեսական տարին պատասխանատուներն այսպես են բնութագրում։ Ավելին, վարչապետ Փաշինյանի խոսքով, Հայաստանը 2019 թվականին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշերով աշխարհում եթե ոչ առաջին տասնյակի, ապա առաջին 15 երկրների մեջ կլինի:
Տարվա ընթացքում ֆինանսական շուկան կայուն էր, փոխարժեքի կտրուկ տատանումներ չգրանցվեցին։
Բոլոր կանխատեսումներով՝ 2019 թվականը կփակենք մոտ 7 և ավելի տոկոս տնտեսական աճով։ Աճի կանխատեսումներում արդեն տարեվերջին ԿԲ ու էկոնոմիկայի նախարարության կանխատեսումները համընկան։ Տարվա ընթացքում առաջատար էին ծառայությունների ու առևտրի, և որ ամենակարևորն է՝ արդյունաբերության ոլորտները։
Տնտեսական աճի մոդելի փոփոխության մասին ոլորտի պատասխանատուները խոսում էին մոտ 2 տարի։ 11 ամսվա արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.5 տոկոս է, արդյունաբերության աճը՝ 9.3 տոկոս, արտահանման աճը՝ 9 տոկոս: Տնտեսական բարձր ցուցանիշեր ապահովելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հատկապես գործարարներին
«Սովորաբար տնտեսական աճի ցուցանիշերով պարծենում են կառավարությունները, բայց ճշմարտությունը մեկն է՝ այդ աճը ստեղծում են, կերտում են գործարար համայնքի ներկայացուցիչները։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեր երկրում այսպիսի բարձր նշաձող սահմանելու համար»։
Տարվա 11 ամիսների ընթացքում կոնյակի արտահանումն ավելացել է մոտ 27, գինիներինը` 50 տոկոսով: Սա նոր զարգացում է մեր տնտեսության մեջ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշում է, որ նախորդ վերջին 2 տարիներին զարգացման միտումներն արդեն նկատելի էին, սակայն 2019- ը ռեկորդային է.
«Այս տարի մենք ունենք 11 ամիսների ընթացքում 24 մլն դոլար ընդհանուր արժեքով գինիների արտահանում, որը 50 տոկոսով ավելի է։ Շատ հուսադրող և կարևոր ցուցանիշ է: Հատկապես հատկանշական են մրգային գինիները, տարվա ընթացքում նկատելի է եղել դրանց առաջանցիկ աճը` 75 տոկոս։ Այսինքն՝ այս ոլորտում նույնպես մենք ունենք շատ զգալի ձեռքբերում»:
2019–ին հայկական վարունգը, ելակը, շոկոլադը նույնպես գրավել են արտաքին շուկաները։ Այստեղ, սակայն, դիվերսիֆիկացման անհրաժեշտություն է նկատվում։ Առանձին ապրանքատեսակների ավելացմանը զուգահեռ, գյուղատնտեսական ոլորտի ցուցանիշերը դեռ մտահոգիչ են։ Այստեղ անկումը շարունակվում է։ էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը սա բնական է համարում
«Պատճառները տարբեր են։ Մեր գյուղատնտեսությունը մեծապես կախված է բնակլիմայական պայմաններից, իսկ դա նշանակում է, որ ունենք ոչ զարգացած գյուղատնտեսություն։ Մենք ունենք նաև բազայի խնդիր, մինչ այսօր չենք կարողանում հասկանալ, թե ինչ ունենք այս երկրում»։


2019–ը աննախադեպ էր հարկային եկամուտների հավաքագրման մասով՝ մոտ 25 տոկոս աճ։ Հայտարարվում էր, որ դա պայմանավորված է ընթացիկ տարում Հայաստան ներկրված ավտոմեքենաների աննախադեպ քանակով:
Իսկ ահա 56 մլրդ դրամ կառավարությունը հատկացրեց նախորդ տարիներին կուտակած ԱԱՀ–ի պարտքը մարելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան․
«Այսինքն, դրանք, այսպես ասած, հուսահատ պարտքեր էին, որը երբեք ՀՀ- ում չի վերադարձվել։ Դա կուտակվել է երկար տարիների ընթացքում: Եվ, հետևաբար, բյուջեի կատարման զուտ փաստաթղթային առումով արտահայտվելու է այդ թիվը։ Այսինքն՝ հավաքագրումը հանած այն թիվը, որը մենք վերադարձրել ենք տնտեսավարողներին»:
2019- ին Հայաստանի միջազգային պահուստները նույնպես ավելացան։ ԿԲ –ն այս տարի մոտ 500 մլն ԱՄՆ դոլարի չափով ավելցուկային արտարժույթ է գնել։ Կառավարության վերջին նիստում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց՝
«Այս պահին մենք արտարժույթի առք ենք արել՝ 557 մլն, և մեր միջազգային պահուստները հասել են աննախադեպ մակարդակի: Այս պահին մենք անցել ենք 2.7 մլրդ դոլարի ցուցանիշը»:
2019- ին միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալությունները` «Ֆիտչն» ու «Մուդիսը» վերանայեցին ու բարելավեցին Հայաստանի դիրքերը։
Տարին աչքի ընկավ նաև ֆինանսական կայունությամբ ու կապիտալիզացվածությամբ։ Վառ ապացույցը․ այս օրերին փոխարժեքի կտրուկ տատանումներ ֆինանսական շուկայում չգրանցվեցին։
Հիպոթեքային վարկավորման ծավալներն ավելացան շուրջ 3 անգամ։ Տարվա համար հատկանշական դրսևորումներից էր նաև վարկային ներդրումների արագ աճը։ Սա Կենտրոնական բանկի և կառավարության իրականացրած համատեղ ծրագրերի արդյունքն է։
Տնտեսական տարին նշանավորվեց նաև նոր եվրոբոնդերի թողարկմամբ։ Ցածր եկամտաբերությամբ՝ 4,20 %-ով, այսինքն՝ նախորդից 2 տոկոսով ցածր` պարզաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Սկսեց նվազել նաև 7 մլրդ դոլարի շեմը հատած արտաքին պարտքը։ 2020 թվականին կանխատեսվում է, որ կառավարության պարտքը նախորդ տարիների համեմատ կաճի ավելի դանդաղ տեմպով, որի արդյունքում ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի ցուցանիշը կնվազի 1.4 տոկոսային կետով։
2019–ի բյուջեի ծախսային մասը, սակայն, թերակատարվեց մոտ 60 տոկոսով։ Փորձագետների մի մասը պնդում է՝ կառավարությունն ավելի շատ ծախսեր, տնտեսական ցուցանիշերն ավելին կլինեին։ Քիչ ծախսելն ուներ իր բացատրությունը՝ ավելի լավ է քիչ, սակայն՝ արդյունավետ ու վստահ, որ կոռուպցիոն ռիսկեր չլինեն` արձագանքեց կառավարությունը։
2019- ին , սակայն, միջոցներ չխնայվեցին ճանապարհաշինության վրա։ Դեկտեմբերի 1- ի տվյալներով` շուրջ 360 կմ ճանապարհ է նորոգվել ու հիմնանորոգվել։ 2020–ին խոստանում են նորոգել 500 կմ ճանապարհ։
Ընթացիկ տարվա ամենակարևոր ծրագրերից մեկը ՊԵԿ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի՝ Գյումրիի մաքսատան կառուցումն էր: Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին տեղափոխվել է Գյումրի:
Մաքսատունն օրական սպասարկում է շուրջ 1000 տրանսպորտային միջոց: Այս օրերին այստեղ աշխատում են արտահերթ ու արտակարգ ռեժիմով: Տարին նշանավորվեց նաեւ «Վերին Լարսում» մաքսային կցորդի նշանակմամբ:
2019–ն աչքի ընկավ նաև գների ցածր մակարդակով։ Տարվա ընթացքում գնաճը չգերազանցեց 2 տոկոսի շեմը։ Կառավարությունում խոստանում են՝ 2020–ին կանեն ավելին։