Մաքուր օդին սպասելիս

Թոքերը բոյկոտում եմ, բնապահպաններն ահազանգում, իսկ շրջակա միջավայրի նախարարությունը խոստանում։ Նշված եռուզեռը մեզ շրջապատող մթնոլորտի, մասնավորապես, մեր շնչած օդի շուրջ է։ Ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, Հայաստանում ևս, մաքուր օդի դեֆիցիտ կա։ Օդի աղտոտիչների ցանկի առաջին հորիզոնականում տրանսպորտն է։ Բնապահպաններն ասում են՝ արտանետումների քանակն անհամեմատ ավելի բարձր է լինում խցանումների ժամանակ։ Իսկ խցանումները մեր կյանքի անբաժան մասն են այսօր, ուրեմն՝ ինչպես վարվել, որտեղ և ինչպես գտնել մաքուր օդ։
Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկումներն իրականացվում են հիբրիդային դիտացանցի միջոցով: Այն բաղկացած է շաբաթական դիտարկումներ իրականացնող 211 շարժական դիտակետից ու 16 անշարժ դիտակայանից, որտեղ դիտարկումներն իրականացվում են ամենօրյա կտրվածքով: Երևան քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի և գետնամերձ օզոնի դիտարկումներ: Քաղաքում գործում է 42 շարժական դիտակետ և 5 անշարժ դիտակայան։ Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոնի կայքէջում ամրագրված ցուցանիշները փաստում են, որ մեր շնչած օդը, մեղմ ասած, այնքան էլ մաքուր չէ։ Մայրաքաղաքում օդի աղտոտման հիմնական աղբյուրը քաղաքային տրանսպորտն է, բայց էլի աղտոտիչներ կան։ «ԷկոԼուր» տեղեկատվական կենտրոնի նախագահ Ինգա Զարաֆյանն ասում է․
«Օդի աղտոտվածությունը ավելի քան 90 տոկոսով պայմանավորված է տրանսպորտով և հատկապես խցանումներով, որովհետև խցանումների պայմաններում արտանետումների քանակն անհամեմատ ավելի բարձր է լինում։ Օդն իրենց արտանետումներով աղտոտում են նաև հարյուրավոր փոքր ձեռնարկությունները, չնայած մենք հաճախ խոսում ենք միայն երկաթ ու մոլիբդեն արտադրող խոշոր ձեռնարկությունների մասին»։


Մայրաքաղաքի աղտոտվածության երրորդ հիմնական պատճառը, ըստ բնապահպանների,
շուրջ երեք տասնյակի հասնող հանքերն են։ Խորհրդային տարիների համեմատ մայրաքաղաքում
օդի մաքրությունը բարելավվել է, բայց տասնյակ
քարհանքերն ապահովում են փոշու կոնցենտրացիան։ Ինգա Զարաֆյանի խոսքով՝ մայրաքաղաքում
մենք ոչնչացրել ենք փոշուց ու մթնոլորտային այլ աղբից պաշտպանող բոլոր շերտերը, կանաչ տարածքների մասով
Երևանն այսօր լուրջ խնդրի առաջ է կանգնած։
«Նախկինում բոլոր բակերում կանաչ տարածքներ կային, անպայման մի քանի ծառ լինում էր։
Այսօր հաճախ զրո արձագանք է լինում, երբ քաղաքացիներն ահազանգում են՝ ասելով, որ այս կամ այն բակում ծառ է կտրվում»։
Ըստ Զարաֆյանի՝ հենց այսպիսի անտարբերության ներքո ոչնչացվեց ժամանակին Երևանի թոքերը համարվող Նորքի անտառը։ Վերջինի մասով, սակայն, լավ նորություն են հայտնում շրջակա միջավայրի նախարարությունից։ Նախարար Էրիկ Գրիգորյանն անձամբ հայտարարեց․ «Նորքի անտառի հետ կապված որոշումն ընդունվել է, կփորձենք կաթիլային համակարգ անցկացնել, որպեսզի այն վերականգնենք»։


Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ անտառների պահպանության մասով օրենսդրական լուրջ փոփոխություններ են իրականացվել։ Այսուհետ օրենքն ավելի խիստ պատժամիջոցներ է նախատեսում ապօրինի ծառահատումների դեմ։
Վերադառնալով մայրաքաղաքի թոքերը մաքրող կանաչ տարածքներին։ Ինգա Զարաֆյանն առաջարկում է օգտվել խորհրդային տարիների լավագույն փորձից։
«Նախկինում ծառատեսակները հատուկ ընտրվում էին, գոյություն ուներ կանաչապատման երեք շերտ, առաջինը օդը լավ մաքրող հատուկ ծառերն էին, երկրորդը ՝ թփերը, երրորդ շերտը՝ խոտը, ծաղիկները և այլն։ Այժմ կանաչապատումն իրականացվում է անկանոն ձևով։ Բացի այդ՝ ընտրվում են էժան ծառատեսակներ, որոնք չեն իրականացնում օդը մաքրելու իրենց գործառույթը։
Ըստ «ԷկոԼուր» կենտրոնի նախագահի Ինգա Զարաֆյանի, վաղուց հասունացել է ժամանակը, որպեսզի կանաչապատման հարցերով զբաղվեն մասնագետները։