Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը փակ կլինեն


ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ տոնական միջոցառումների կապակցությամբ, ժամը 18-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո:
Ոստիկանությունը՝ դիմելով քաղաքացիներին, հորդորում է, միասնական միջոցներ ձեռնարկել տոնական տրամադրությունը որևէ միջադեպով չխաթարելու, հանրային անվտանգությունն ապահովելու, քաղաքացու հպարտ կոչմանը վայել պահվածքի համար:
«Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ խնդրում ենք ձեռնպահ մնալ միջոցառման վայր դյուրավառ նյութեր, հրագործական արտադրատեսակներ, ճայթուկներ և նմանատիպ այլ իրեր բերելուց։ Դարձյալ անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ միջոցառումը դրոններով տեսանկարահանելուց»,- հաղորդում են Ոստիկանությունից։