

2019-ի մշակութային օրացույցը լի էր, որակյալ ու հոբելյանական. մանսուրյանական երաժշտությամբ, Սիլվա Կապուտիկյանի ու Գեուրգ Էմինի բանաստեղծություններով լի, ազնավուրյան ձայնով անպակաս։
Բայց տարվա երկու կարևորագույն իրադարձությունները մեկ է Թումանյանի ու Կոմիտասի 150-ամյա հոբելյաններն էին՝ ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում:
1869-ին ծնվեցին Կոմիտասն ու Թումանյանը՝ մեկը երաժշտության Կոմիտասը դարձավ գրականության մեջ, մյուսն էլ՝ երաժշտության մեջ գրականության Թումանյանը:
Իրար նման ու իրարից տարբեր ճակատագրերով երկու մեծերի համար էլ այս տարի օրացույցում հոբելյանական էր: Ե՛վ Կոմիտասի, ե՛վ Թումանյանի 150-ամյակների միջոցառումների կենտրոնը Երևանում մեծերի թանգարաններում էր. երկուսի համար էլ թանգարանները մշակութային, գիտական կենտրոններ են, բայց ոչ տներ:
Ու չնայած միջոցառումների կենտրոնը Երեւանն էր, մեծերի ուժն այնքան հզոր էր, որ նրանց հոբելյանները հանեց Հայաստանի սահմաններից դուրս ու տարածեց աշխարհով մեկ։


Տարին սկսվեց պետական մակարդակի խոստումով՝ միջոցառումները ողջ տարի կանցկացվեն ամենաբարձր մակարդակով՝ ոչ մի օր առանց Թումանյան ու Կոմիտաս չի անցնի։ Հետո՝ ԱԺ պատգամավորները սկսեցին ասմունքել Թումանյան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն իրավունք վերապահեց Թումանյանի անունից հայ ժողովրդին ասելու. «Վե՛ր կաց եւ քայլի՛ր»։
Թումանյանի անունը ամբողջ տարվա ընթացքում մեծամասամբ Կոմիտասի անվան կողքին էր, եւ հակառակը։
Հանրային ռադիոն անցնող տարում շուրջ 9 ժամ «գրեց» Կոմիտաս, դրանից ծաղկաքաղեց 150 րոպեն ու դարձրեց եռասկավառակ ալբոմ՝ «Կոմիտաս 150 տարի/րոպե» խորհրդանշական վերնագրով։


Հանրային հեռուստաընկերությունը նկարահանեց փաստավավերագրական ֆիլմ՝ «Վարդապետը», որը գնաց, գտավ ու անցավ այն բոլոր տներով, քաղաքներով ու ճանապարհներով, որով անցել էր Կոմիտասը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էլ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ձայնագրեց Կոմիտասի բնօրինակ երկու նվագախմբային պիեսները՝ «Հիշողություն»` լարային նվագախմբի համար և «Անտառի գիշերը»` սիմֆոնիկ նվագախմբի համար:
Այս կարեւորագույն մշակութային իրադարձությունները, սակայն, ստվերեցին Գեւորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի, Տիգրան Մանսուրյանի, Շառլ Ազնավուրի ու Լեւոն Մալխասյանի հոբելյանները։


Կամ գուցե ես սխալվում եմ՝ չստվերեցին, այլ էմինական խոսքով զարդարեցին տարին ու հիշեցրին, որ զգույշ քայել, զգույշ գործել է պետք Հայաստանում, Կապուտիկյանի մեծական խոսքով զգուշացրին՝ կա անեծք վերին, 88-ի հրաշք ժողովրդին լլկել փորձել ցանկացողների համար, խաղաղության աղավնիների ձայնով հանգստացրին տարին մանսուրյանական մեղեդիով ու տարին դարձրին էլ ավելի համաշխարհային՝ Ազնավուրի հավերժական սիրո երգերով բոլոր։