ԿարևորՀասարակություն

Բռնվում են ոչ միայն հները, այլեւ՝ նորերը

Անցող 2019- ի դատաիրավական ոլորտի զարգացումները բազմաբնույթ էին, այս ոլորտից մեծ սպասումներ ունի նաեւ հասարակությունը՝ ակնկալելով նոր բացահայտումներ։ Անցնող տարին հարուստ էր աղմկահարույց գործերով եւ անակնկալ զարգացումներով։

Այս ամենով հանդերձ տարին ավարտում ենք ոլորտի դեռ անկատար վիճակով եւ չլուծված խնդիրներով։ Մեղադրյալ երկու նախկին նախագահ, այլ երկրներում ապաստան հայցած նախկին պաշտոնյաներ, կոռուպցիոն լուրջ բացահայտումներ եւ անկախ Հայաստանի պատմության մեջ 2 ամենաարյունալի հանցագործությունների քննություն․ սա 2019–ի թվային պատկերն է։  

Դատաիրավական ոլորտն այս տարի հարուստ էր զարգացումներով, բայց  արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դեռ գոհ չէ եղած արդյունքից։ Խոսքը արդարադատության ողջ համակարգի մասին է։

«Հայաստանում հեղափոխությունից առաջ  եւս կար արդարադատություն։ Հարցը՝ այդ արդարադատության որակն է եւ հանրության վստահության աստիճանը իրականացվող արդարադատության նկատմամբ»։

Իշխանությունը եւ հասարակության մի հատվածը անորակ եւ ոչ վստահելի է համարում ՍԴ աշխատանքը։ Տարվա ընթացքում մի քանի փորձ արվեց լուծել այս խնդիրը, բայց լուծումն այդպես էլ չգտնվեց։ Մի կողմը շարունակում է խոսել ՍԴ ճգնաժամի մասին, մյուսը՝ քաղաքական հետապնդումների։  Հրայր Թովմասյանը 2019- ին հրաժեշտ է տալիս ՍԴ նախագահի կարգավիճակով, բայց որպես մեղադրյալ՝ արդարադատության նախարար եղած ժամանակ թույլ տված չարաշահումների համար։ Ակնհայտ է, որ այս խնդիրը տեղափոխվում է 2020։ Արդարադատության նախարարը չի բացառում, որ հնարավոր երրորդ լուծումը կլինի հիմնարար․

 «Այո, կարող ենք 2020–ին ունենալ սահմանադրական բարեփոխումներ եւ, այո, կարող են դրույթներ լինեն, որոնք վերաբերելի են ՍԴ- ին»։

90 հատոր պաշարով եւ հանրային պահանջով տարվա դատավարությունը սկսվեց մայիսին։  «Մարտի 1»–ի գործով՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով ամբաստանյալի աթոռին հայտնվեցին միանգամից 4 բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ։ Գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ամիսներ անցկացրեցին տարբեր միջնորդություններ ներկայացնելով։ Այս տարի գործն այդպես էլ չմտավ դատաքննության փուլ։ Բազմաթիվ միջնորդություններ դեռ չարվեցին եւ պաշտպանական կողմը չի թաքցնում, որ 2020–ին էլ, հետագայում էլ օգտվելու է ունեցած իրավունքից, անելու` միջնորդությունները։

«Դատակոչվել է մեղադրանքի կողմից ավելի քան 800 վկա: 800 վկա հարցաքննելու համար 5-7 տարի ժամկետ է պետք, այն դեպքում, եթե այլ սուբյեկտիվ պատճառներով դատավարությունը չձգձգվի»:    

Արդեն երկրորդ տարին Ռոբերտ Քոչարյանը ամանորը կդիմավորի մեկուսարանում։

2019–ը ավարտվում է անակնկալ զարգացումով՝ տարեվերջին հայտնի դարձավ, որ վերաբացվում է «Հոկտեմբերի 27»–ի գործից անջատված մասի քննությունը։ Գործն առնչվում է հանցագործության այլ մասնակիցների, դրդիչների կամ հնարավոր կազմակերպիչների բացահայտմանը։ Վերաբացման հարցում առաջին քայլն արեց «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, որը, սակայն, չի վստահում ԱԱԾ–ին եւ պահանջում է՝ վերաբացված գործը չվստահել այդ կառույցին։

Կոռուպցիոն գործերը թերեւս անվերջ են 2019–ին։ Այս տարի քննված քրեական գործերով պարզվել է, որ կոռուպցիոն հանցագործություններով պետությանը 100 միլիարդ դրամի վնաս է պատճառվել: Հաջողվել է վերականգնել 9 մլրդ դրամից ավելին, արգելանք է դրվել շուրջ 10 մլրդ 200 մլն դրամի, հաշիվների, շարժական կամ անշարժ գույքի վրա: Տարվա ընթացքում վարչապետը խոստովանել էր, որ կոռուպցիայի իրական չափերը ինքն էլ չէր պատկերացնում․

«Կան քրեական գործեր՝ չարաշահումներ, յուրացումներ եւ այլն, եւ այլն։ Իհարկե, սրանց մեջ կան խոշորները, որոնք շատ լուրջ չափաքանակ են կազմում։ Արդյո՞ք սա ամբողջն է՝ ոչ, ամբողջը չէ, որովհետեւ մեր քննչական մարմիններն ունեն որոշակի հնարավորությունների սահմանափակում եւ իրենք աշխատում են իրենց հնարավորության ամբողջ ծավալով։ Երբ այս քրեական գործերը կավարտեն `կուղարկվեն դատարան, կգան նոր քրեական գործեր, որոնք նույնպես կքննվեն եւ կուղարկվեն դատարան»։

Կոռուպցիոն գործով մեղադրյալի կարգավիճակով է 2019–ը ճանապարհում Հայաստանի նախկին նախագահներից եւս մեկը՝ Սերժ Սարգսյանը։ Հայաստանից չհեռանալու ստորագրությամբ նա ազատության մեջ է, բայց Հայաստանից արդեն հասցրել են հեռանալ մի շարք նախկին պաշտոնյաներ՝ Արամ Հարությունյան, Միհրան Պողոսյան, Գեւորգ Կոստանյան, Միքայել Հարությունյան, Վահագն Հարությունյան։ Հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների ամբողջական ցանկը չէ։ Պետության կողմից հետախուզվողներից մեկը գրեթե մեկ տարի անց արտահանձնվեց։

Նախկին պաշտոնյա չէր, նախկին պաշտոնյաների որդին եւ զարմիկն էր՝ Ֆրանկլին Գոնսալեսը։ Այդպես իրեն ճանաչում էին վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ ընդհանրապես նա Սերժ Սարգսյանի եղբորորդին էր, որը Հայաստանում պետք է պատասխան տա ապօրինի ռազմամթերքի եւ թմրամիջոցների շրջանառության համար։

Տարվա շոկային եւ անհավանական բացահայտումներից էր թերեւս մանկավաճառությունը։  Տարվա վերջում աղմկահարույց բացահայտման հետքերով մեղադրանք առաջադրվեց մի քանի բժիշկի՝ «Հանրապետական» ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գլխավորությամբ։ Այս գործը նույնպես տեղափոխվում է եւ շարունակություն է ունենալու 2020–ին։

Անցնող տարվա ընթացքում գաղթակղություններից եւ պատասխանից չխուսափեցին նաեւ հեղափոխական պաշտոնյաները։ Կաշառքի, կոռուպցիոն դրսեւորումների եւ լիազորությունների չարաշահումների կիզակետում հայտնվեցին ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը, առողջապահության եւ սպորտի փոխնախարարներ Արսեն Դավթյանն ու Գեւորգ Լոռեցյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button