ԿարևորՀասարակություն

Արմավիրում եկամուտների մուտքերն ուղղվել են քաղաքի բարեկարգմանը, փողոցների լուսավորությանը, մանկապարտեզների նորոգմանը

Արմավիրի քաղաքապետն ամփոփել է տարին: 2019թ-ին Արմավիրում համայնքային բյուջեով նորոգվել են մանկապարտեզներ, 1 մանկապարտեզում անցկացվել է ջեռուցման համակարգ, գիշերային լուսավորություն է անցկացվել մի քանի փողոցներում: Ճանապարհային կանոնավոր  երթևեկության նպատակով  տեղադրվել են նոր լուսացույցեր: Քաղաքապետն անդրադարձել է նաև թիվ 8 մանկապարտեզի տնօրենին աշխատանքից ազատելու խնդրին:

Արմավիրի  քաղաքապետը 2019թ-ից  գոհ է, սեփական եկամուտների մասով բյուջեն կատարվել է 103 տոկոսով և ծրագրերի մեծ մասն իրականացվել: Կատարված աշխատանքների մասին Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը պարբերաբար տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ քաղաքի բնակիչները ներկայացրել են նաև այլ  առաջարկություններ՝ հաջորդիվ իրականացնելու նպատակով: Սեփական եկամուտների մուտքերն ուղղվել են քաղաքի բարեկարգմանը,  մանկապարտեզների նորոգմանը և այն աշխատանքների իրականացմանը, որոնք փոփոխություն են բերելու Արմավիր քաղաքում։

«2019 թվականը հաջողված տարի էր, որովհետև մեր առջև դրված գրեթե բոլոր թիրախները կարողացանք հաջողությամբ կատարել: Բոլոր տեղերի շինարարություններն ավարտված են, բացի թիվ 4 մանկապարտեզից, քանի որ պայմանագիր ենք երկարացրել, ֆինանսավորման մի մասը չենք փոխանցել և կապալառու ընկերությունը պարտավորվել է թերությունները վերացնի, որից հետո քաղաքապետարանը կհասկանա՝ ընդունում է դա, թե էլի շտկելու բաներ կա կամ մենք ընդհանրապես չենք ընդունում»

Թիվ 4 մանկապարտեզի մի մասը վարձակալությամբ տրամադրվել էր  Արմավիրի մարզի խմելու ջրամատակարարմամբ ու ջրահեռացմամբ զբաղվող  «Նոր ակունք» ՓԲԸ-ին, որի լուծարումից հետո ազատված մասնաշենքը վերանորոգվելու էր և ավելացվելու մանկապարտեզի   խմբերի թիվը: Սա 2019թ բյուջեով կատարվող աշխատանքների մեջ էր ներառված, որը կիսատ է մնացել: Այս տարի համայնքի բյուջեով լոկալ ջեռուցում է անցկացվել Արմավիրի թիվ 9 մանկապարտեզում: Այս նախադպրոցական կրթօջախը 4 տարի առաջ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց շիգելլա զոնե կամ դիզենտերիա հիվանդության բռնկմամբ: Այստեղ համայնքի բյուջեի և բարերարների աջակցությամբ հիմնանորոգումներ են արվել:

Արմավիր քաղաքի 12 մանկապարտեզից 8-ում դեռ ջեռուցումը կազմակերպվում է փայտե վառարանների միջոցով: Լոկալ ջեռուցման անցած 4 մանկապարզներն արդեն աշխատելու են նաև ձմռան ամիսներին:

Տարվա վերջին  անհամաձայնություններ առաջացան Արմավիրի թիվ 8 մանկապարտեզի տնօրենի և փոխքաղաքապետի միջև, արդյունքում Արմավիրի քաղաքապետի կարգադրությամբ  տնօրեն Թամար Ավետիսյանն ազատվեց աշխատանքից:

«Թիվ 8 մանկապարտեզի տնօրենին չենք ազատել նրա համար, որ կոնֆլիկտ է ունեցել քաղաքապետարանի աշխատակցի հետ: Խախտվել է կարգ, խախտվել է ԿԳՍՄ նախարարի հրամանը ուսումնադաստիարակչական պրոցեսում ընդգրկված անձնակազմի էթիկական նորմերի հետ կապված: Նախկինում խնդիր տնօրենը ևս ունեցել է և գրավոր նախազգուշացում է ստացել»:

Դավիթ Խուդաթյանը նշեց նաև, որ քրեական գործի հիմքով նյութեր են ուղարկվել ոստիկանություն՝ գույքի հափշտակության մասով:

Արմավիրի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն է նշանակվել թիվ 12 մանկապարտեզի տնօրենը, ում աշխատանքը գոհացրել է քաղաքապետին:  Համայնքային բյուջեով մեկ ամիս առաջ կառուցվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակը, տարբեր փողոցներում անցկացվել  շուրջ 6 կմ երկարությամբ լեդ  լուսավորության համակարգ: Այս տարի Արմավիր քաղաքի հյուսիսային ծայրամասում հիմնվել է 2 հա 2000քմ տարածքով նոր այգի, որտեղ   «Ծառատունկ-Հայաստան» հիմնադրամի նվիրատվությամբ տնկվել է մոտ 800 ծառ:  Չորս խաչմերուկում տեղադրվել են թվայնացված լուսացույցեր:  2019-ին Արմավիր քաղաքը 1 սուբվենցիոն ծրագրի է մասնակցել՝  ասֆալտապատվել է կենտրոնական փողոցը  հատող 2 խաչմերուկի 3 հատվածը: Աշխատանքներն ավարտվեցին ժամանակին, բայց Սայաթ-Նովա փողոցում ջրահեռացման   թերություններ են նկատվել: Դրանք արդեն շտկվել են, բայց  դեռ հանձնված չէ, քանի որ ընթանում է  որակական փորձաքննություն:  Այս հատվածում ասֆալտապատումն իրականացվել է առանց ջրահեռացման համակարգի կառուցման, որին անդրադարձել էր «Ռադիոլուր»–ը:

Տարեմուտի գլխավոր խորհրդանիշ տոնածառն այս տարի բարձրացվել է մինչև 9.5 մետր և նոր զարդարանք ունի, որի համար ծախսվել է 400 հազար դրամ, փոխվել են փողոցների լուսային զարդարանքները:

«Ամանորի համար հատկացված ամբողջ ծախսը չի գերազանցում 3 մլն դրամը: Քիչ ծախսով արդյունավետ աշխատանքը պայմանավորված է նրանով, որ աշխատում են բոլորը»:

Ամփոփելով տարին Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ամանորի շնորհավորանքի խոսքն ուղղեց արմավիրցիներին և վաղը երեկոյան ժամը 19-ին բոլորին հրավիրեց Արմավիրի հրապարակ՝ միասին դիմավորելու 2020 թվականը:

Ցուցադրել ավելի
Back to top button