ԿարևորՔաղաքական

Անցնող տարում նոր մակարդակի հարաբերություններ Վրաստանի հետ

Անցնող տարին հայ-վրացական հարաբերություններում․ 2019-ը հարևանի հետ ակտիվ փոխայցերի ու շփումների տարի էր։ Հետհեղափոխական Հայաստանի իշխանությունները Վրաստանի հետ հարաբերություններն առանձնացնելով, դեռ 2018-ից  աննախադեպ թվով փոխայցելություններ սկսեցին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում այս տարեվերջին հյուրընկալելով իր վրացի գործընկերոջը, շեշտեց, որ Հայաստանը նոր մակարդակի հարաբերություններ է ձևավորել հարևան Վրաստանի հետ․

Հայ-վրացական հարաբերությունների տարին մեկնարկել էր հենց տարեսկզբին, երբ վարչապետ Փաշինյանը հին նոր տարուց երկու օր անց ոչ ֆորմալ հանդիպում ունեցավ  վրացի իր գործընկերոջ, այդ ժամանակ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ  Բոլնիսիում։

Սա հայ-վրացական հարաբերությունների նոր՝ ջերմ ու բարեկամական մակարդակի մասին է խոսում, ընդգծեցին հայերով բնակեցված Բոլնիս-Խաչենի բնակիչները, ասելով՝ «երեկ վարչապետ վերընտրվեց (արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո), իսկ այսօր կրկին Վրաստանում է»։

Վրացի փորձագետները սկսեցին կատակել՝ «ոչ ֆորմալ այս այցը պաշտոնական չէ, այսինքն Մոսկվայում կարող են սա չհաշվել, որովհետև ուղղակի եկել է վրացի գործընկերոջ հետ սուրճ խմելու»։ 

Ի դեպ, հենց այդպես, 2018-ին՝ թավշյա հեղափոխությունից հետո, ընտրվելով վարչապետի պաշտոնում, Փաշինյանն իր առաջին պաշտոնական այցը սկսել էր Վրաստանից՝ առանձնակի ընդգծելով արտաքին քաղաքական առաջնահերթությունները հարևաններ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունները էլ ավելի բարձր մակարդակի բարձրացնելն է։

Երկու երկրների միջև, սակայն, ժամանակ առ ժամանակ խնդիրներ ևս ծագում են։ Այս տարի մարտին նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին սկսելով տարածաշրջանային այցն Ադրբեջանից, այնուհետև եղավ նաև Հայաստանում, որտեղ սպասում էին որոշակի հստակություն կմտցնի արցախյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշման մեջ, կամ այսպես ասած կշտկի Բաքվում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու օկուպացիայի» մասին արած հայտարարությունները։ «Բաքվում եղան ձևակերպումներ, որոնք մտահոգել են հայ հասարակությանը»,–Հայաստանի ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը՝ Զուրաբիշվիլիին։

Երևանում ու Թբիլիսիում շարունակում են պնդել, որ հայ-վրացական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան։ Իսկ Զուրաբիշվիլիի հայտարարությունները փորձագիտական շրջանակները տարբեր կերպ են մեկնաբանում` պայմանավորելով նաև Ադրբեջանի հետ տարեսկզբից լարված հարաբերություններով՝ կապված Դավիթ Գարեջիի և ադրբեջանական գազի մասին հարցերով։

Ի դեպ այս տարի առաջին անգամ չմասնակցելով Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած Աբխազիայի եւ Հվ. Օսիայի փախստականների կարգավիճակի մասին բանաձևի քվեարկությանը, Հայաստանը Թբիլիսիում մեծ դրվատանքի արժանացավ։ Վրաստանում ընդգծեցին, որ Հայաստանի ուղերձը տեղ է հասել, հարևան երկիրն ըստ արժանվույն կգնահատի այն։

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին ասում է, որ Վրաստանը գիտակցում է, թե ինչու 2008-ին ռուսական ինքնաթիռները չգրոհեցին նաև Հայաստանի կողմից, որովհետև դա Հայաստանը թույլ չէր տա.

«Հենց նույն կերպ էլ, Հայաստանը գիտի, որ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց վստահ է, որ երբևէ Վրաստանից ուղղակի կամ անուղղակի վտանգ որևէ այլ երկրի կողմից ուղղորդված չի լինի»։

Այս տարի Հայաստանն ու Վրաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը։ Երկու երկրներում կարծում են, որ այս տարիներին հայ և վրաց ժողովուրդների միջև առկա դարավոր բարիդրացիական հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել՝ դառնալով աշխարհում եզակի ու օրինակելի։ 

Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ Վրաստան իր այցի ընթացքում ուղերձ է փոխանցել գործընկերներին․ «Հայ-վրացական հարաբերությունները զերծ պահել տարբեր տեսակի աշխարհաքաղաքական ազդեցություններից։ Այդ գիտակցումը Վրաստանում վերահաստատվեց, այնպես որ հայ-վրացական հարաբերություններն այսօր շատ ապահով պայմաններում են»։

Վրաստանի խորհրդարանի իշխող կուսակցությունը ներկայացնող հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը նշում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև բոլոր հարցերը լուծելի են, երկու երկրների պաշտոնյաներն այսօր այդ ուղղությամբ մեծ գործ են անում։

Վրաստանի իշխող ուժի ազդեցիկ անդամներից մեկը՝ խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Վոլսկին նկատում է երկու երկրները խնդիրներ կարող են ունենալ, լինում են, սակայն Վրաստանը Հայաստանի համար խնդիրներ չի ուզում ստեղծել։

Ցուցադրել ավելի
Back to top button