19–րդ դարի գյուտը չի հնանում․ Էջմիածնում շարունակում են ռադիոգործ ուսուցանել


Տեղեկատվական տեխնոլոգիաների թռիչքային զարգացման դարաշրջանում ռադիոն շարունակում է պահպանել իր արդիականությունը։ Հաջորդ տարի իր 125- ամյակը նշող ռադիոն տեխնոլոգիական ներկա դարում շարունակում է հետաքրքրել երիտասարդներին։ Ռադոյի անվան հետ կապված մի շարք մասնագիտություններ չեն կորցրել իրենց կարեւորությունը։
Էջմիածնի մանկապատանեկան ռադիոդպրոցը հանրապետությունում միակն է, որտեղ պատանիներին շարունակում են ծանոթացնել ռադիոտեխնիկայի այբուբենին: Խորհրդային տարիներին գործող 36 ռադիոդպրոցներից այն միակն է, որ շարունակում է գործել եւ հաջորդ տարի կնշի իր 40-ամյակը։ Թամարա Մկրտչյանն այս կրթօջախում է աշխատում 1984թ-ից: Մասնագիտության նկատմամբ ունեցած սերը նրան մինչև օրս պահում է դպրոցում:
«Առանց ռադիոյի կարող ենք ապրել այսօր, քնում և արթնանում ենք ռադիոյով, իհարկե, ես այդպես եմ կարծում: Դա այնպիսի գյուտ էր, որ 124 տարվա մեջ զարգացման մեծ փոփոխություններ ունեցավ: Մեզ մոտ ուսանում են 12 տարեկանից սկսած մինչև 18 տարեկան տղաներ և աղջիկներ: Մասնագիտական ճիշտ ուսուցում է տրվում, քանի որ գործ ունեն էլեկտրականության հետ և ամենատարբեր բնագավառի համար անհրաժեշտ սարքեր են ստեղծում»:


Թամարա Մկրտչյանը պատմում է այս դպրոցում ռադիոտեխնիկական գիտելիքներ ձեռք բերած բազմաթիվ պատանիների մասին, որոնց կյանքի ճանապարհը խաչվել է իր նախընտրած մասնագիտության հետ, հետո ձեռքը մեկնում է անսովոր մի սարքի, որին անվանել է վիրավորված կամ նեղացած շնիկ: Ձայնային ազդանշաններ արձակող սարք-շնիկին հավաքել է դեռ 35 տարի առաջ: Այդ ժամանակաշրջանում դա մեծ երևույթ էր, երբ շարք էին մտնում խոսող տիկնիկները, գունաձայնային և այլ ռադիոտեխնիկական սարքավորումներ:
«Սա վիրավորված շնիկ խաղալիք է, պատրաստել եմ ես 1984թ-ին, բավականին մեծ սխեմա է կառուցված, երբ ոսկորն իր դիմացից վերցնում են՝ սկսում է հաչել»:
Ռադիոդպրոցում սովորողների ամեն օրը լցնում են հետաքրքաշարժ երևույթների բացահայտմամբ: Պատանիները հետաքրքրությունից դրդված մտնելով միկրոսխեմաների աշխարհը, գործադրելով իրենց մտքի ուժն ու ձեռքերի նուրբ աշխատանքը, փորձում են ստեղծել ռադիոմեխանիկական հաղորդիչներ, ռադիոսարքավորումներ:


«Մեր տղաները տիրապետում են ռադիոհեռագրավորմանը, որն արվում է Մորզեի այբուբենի միջոցով, տիրապետում են «Աղվեսաորսին», որի գործառույթը հետևյալն է՝ հաղորդիչ սարքը պահվում է անտառում 1 կմ շառավղով և ընդունիչ սարքով 3.5 ու 144 մեգահերց հաճախականությամբ գտնում են աղվեսին՝ հաղորդիչ սարքը: Ռադիոսպորտը ռազմակիրառական մարզաձև է, որը պատերազմի ժամանակ համարվում է զենքի միջոց: Մենք սովորեցնում ենք լավ վազել, ճիշտ կողմնորոշվել, իրենց ձեռքերով պատրաստել հաղորդիչ-ընդունիչ սարքեր, կողմնացույց, անտառի քարտեզ»:
Նայելով ռադիոտեխնիկական, էլեկտրոմեխանիկական հին սարքավորումներին՝ լայն ժպտում եմ ու համադրում նորի տեխնիկայի հետ, հետո ենթադրում, որ ռադիոդպրոցը ներկայիս ինժեներական լաբորատորիայի նախատիպն է եղել, տարբերությամբ, որ այստեղ դետալներն ու միկրոսխեմաները կառուցվում են մեխանիկական եղանակով, իսկ ինժեներական լաբորատորիայում՝ համակարգիչների միջոցով: Այս ռադիոտեխնիկական ընդհանուր գիտելիքներ հաղորդող կրթօջախում հնի ու նորի համադրմամբ ստեղծվում են նաև ռադիոմեխանիկական ժամանակակից սարքավորումներ:


«Այս ռոբոտը էլեկտրոմեխանիկական սարք է, որը բացի շարժվելուց նաև տեղորոշվում է: Վրան դրված է ուլտրաձայնային համակարգ, որի միջոցով կարողանում է տարածության մեջ գտնել իր դիրքը և շրջանցել արգելքները: Պատրաստել ենք USB վարդակ, այն տեղադրելով պատի մեջ և միացնելով նույնանուն լարը՝ կկատարվի լիցքավորում»:
Ռադիոդպրոցը նաև բանակի կապավորների ստեղծման դարբնոց է: Տղաների ստացած ընդհանուր գիտելիքները բավարարում է ծառայությունը պատշաճ կատարելու համար:
Ռադիոդպրոցի ռադիոկապի բաժնում են սովորել քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանն ու Արամայիս Միքայելյանը: Ռադիոդպրոցը ժամանակի հետ համընթաց քայլում է առաջ և սկզբունքորեն սերունդներին սովորեցնում այն, ինչը հայտնագործվել է 19-րդ դարում եւ չեն կորցրել արդիականությունը արագ փոփոխվող 21- րդ դարում։