ԿարևորՀասարակություն

Քաղաք՝ քաղաքի տակ․ ինչպես են Ամանորը դիմավորում մետրոյում

Մետրոյի «Բարեկամություն» կայարանի տարածքում  եմ։ Այստեղ է գտնվում Երևանի Մետրոպոլիտենի վարչական շենքը։ Առաջին անգամ մետրո եմ մուտք գործում ոչ որպես ուղևոր։ Քայլերս ուղղում եմ ոչ թե դեպի կառամատույց, այլ այն սենյակը, որտեղից կարգավորվում է մետրոյի աշխատանքը։  Եվ ահա ես արդեն  դռների մոտ եմ։

«Ես Մարտիրոսյան Մանուշակն եմ, ավագ կարգավարը, Աղավի Մարտիրոսյանը, որն աշխատում է այստեղ քարե դարից, Լուսինե Միրումյանը  մասնագիտությամբ ուսուցչուհի, բայց արդեն կարգավար, և մեր երիտասարդ սերունդը, որ վեց է ամիս է ինչ աշխատում է շարժասանդուղքի հերթապահ»։

Ինչպես նշեցին  զրուցակիցներս` երեք սերնդի ներկայացուցիչներ են, կարգավորում են մետրոյի աշխատանքը։ Կարգավար Աղավնի Մարտիրոսյանն արդեն 40 տարի  հետևում է մետրոյի շարժին, մարդկանց  ելք ու մուտքին, մեքենավարներին։

Աղավնին զուգահեռ էկրանից հետևում է ու միաժամանակ պատմում, թե ինչպես հայտնվեց այստեղ։ Ասում է, որ այստեղ  եկավ բանդիկները գլխին ու իր երիտասարդությունն անցկացրեց հենց այս պատերի ներսում։ Մեկ օր անգամ չի զղջացել, որ այս աշխատանքն է ընտրել։

«Ես ներքևից եմ եկել, վինտիկները պտտացնելով եմ եկել, եթե վթար է լինում, ես մոռանում եմ եմ ամեն ինչ, անդրենալիս հասնում է 100 –ի ու աշխատում եմ ինքնամոռաց։ Երբ ուղևորահոսքը շատանում է,մենք այնպես ենք ուրախանում, որ գիտեք մի նոր լավ բան կբերի մետրոյի համար»։

Լուսինե Միրումյանը երկար տարիներ դպրոցում  դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ Այսօր ուսուցչությունը փոխարինել է կարգավարի աշխատանքով։ Ասում է` որքան էլ զարմանալի է` էմոցիայի պակաս չի զգացվում։

Իսկապես կարգավարների սենյակում էներգիայի պակաս չկար։  Աղավնի Մարտիրոսյանը ասում է, որ այս տարի նոր տարում առաջին անգամ աշխատելու է մինչև լուսաբաց։ Մետրոյի ստեղծման պատմության մեջ սա առաջին դեպքն  է։ Պատճառը, իհարկե, Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանդիսություններն են, Գորան Բրեգովիչի համերգը։ Ասում է` իհարկե  եղել են շատ տարիներ, որ դեկտեմբերի 31- ի կեսգիշերը դիմավորել  են կարգավարական  սենյակում։

Դուրս եմ գալիս սենյակից ու իջնում մետրո։ Այս անգամ էլ մեքենավարի խցիկում եմ։ Քաղաք   քաղաքի տակ։ Մետրո «Բարեկամությունից» շարժվում եմ մինչեւ «Սասուցի Դավիթ» կայարան։

Իհարկե, պատահական կանգ չենք առնում «Սասունցի  Դավիթ» կայարանում, քանի որ այստեղ մեքենավարների հավաքատեղին է։ Հենց  այստեղից է կարգավորվում մեքենավարների աշխատանքը։ Զրուցակիցս  Աշոտ Երեմյանն է՝  շահագործման գծով  հավաքակայանի պետի տեղակալը։  Մեկ անգամ չէ, որ  աշխատել  է  դեկտեմբերի 31-ին ու մեկ անգամ չէ ,որ ժամը 12–ը դիմավորել է աշխատավայրում։ Այստեղ ոչ թե շամպայն կամ այլ ոգելից խմիչքով  գավաթ են բարձրացնում, այլ՝ « Բարձր ազդանշան ենք տալիս,իսկ խմիչքի մասին մոռանում»

Դռները բացվում են ու դուրս եմ գալիս, սակայն այն հույսով ու սպասումով, որ մի քանի տարի անց արդեն ռեպորտաժ կպատրաստեմ նոր կառուցված մետրոյի կայարանի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button