ԿարևորՀասարակություն

Երեւանյան կարոտը. սպիտակ, սեւ, երկնագույն

Ես հավանեցի այս երգը։ Միանգամից։

Ու անգամ այն ժամանակ, երբ չես հասկանում,թե երգն ինչի մասին է՝ այն քեզ սկսում է հուզել։ Կիթառի  մեղմ հնչյունները սկսում են բարձր հնչել երգի առաջին նոտաներից սկսած, հետո կամաց–կամաց զգում ես, որ երգում ինչ–որ մեղմ տխրություն կա՝ բնական, հանգիստ։

Երգը կատարում են տղամարդիկ, զգում ես՝ երեքի ձայնն էլ հասուն տղամարդու ձայն է։ Երգերը, սովորաբար, մեկ կուլմինացիոն կետ է ունենում, այս մեկը՝ երկուսն ունի։ Մի քանի անգամ լսելուց հետո սկսում ես երգի վրացական ձայները նմանեցնել, հասկանալ։ Այն մի քանի անգամ լսելուց հետո քեզ այնպես է կլանում, որ ուզում ես անպայման հասկանալ՝ թարգմանել։

Այս երգը ծերության մասին է, այս երգը սիրո մասին է, այն կարոտի, անցած տարիների ու զգացմունքների մասին է։ Այն բոլորին հասկանալի զգացմունքների մասին է։

Այս երգը սպիտակ ու սեւ օրերի մասին է, և վրացերենի իմ իմացությունը սահմանափակվում է այս երգի բառերով միայն։ Դրանք ես սովորել եմ մեկ օրում։

Իսկ երգի տեղն ինձ ցույց է տվել լրագրող Մարկ Գրիգորյանը։ Սկզբում ուղղակի միացրել ու թողել, որ լսեմ, հետո երգին ավելացրել պատմությունը։


«Հերթական անգամ Թբիլիսիում էի։ Հիմա արդեն չեմ հիշում, թե ով` գուցե իմ աշխատակիցներից էր, գուցե ընկերներիցս մեկն էր, ինձ ցույց տվեց այս երգը։ Այնքան դուրս եկավ, որ MP3 ֆորմատով ձայնագրած տարա Լոնդոն եւ վերադառնալուն պես սկսեցի լսել՝ ամեն օր, օրը մի քանի անգամ, լինում էր, իրար հետեւից, առանց դադարի»,- պատմում է Մարկ Գրիգորյանը։

2002 թվականին` իր դեմ կատարած մահափորձից հետո, Մարկ Գրիգորյանը Երեւան վերադառնալ չէր կարող։

«Վախենում էի։ Ու այդ ժամանակահատվածում Վրաստանն ու հատկապես Թբիլիսին ինձ համար դարձել էին այն կետը, որտեղ ես ինձ կարող էի տանը զգալ։ Կարոտում էի Հայաստանը, Երեւանը, իմ տունը, եւ շատ հետաքրքիր ձեւով հենց Թբիլիսիում էի կարողանում առնել այդ կարոտը։ Սարսափելի զգացում էր, շատ ծանր էի տանում Երեւանից հեռու կյանքը»,-շարունակում է Մարկը։

Թամազ Սեփերթելաձեն, Մարկ Գրիգորյանը և Մալխազ Տավարտղիլաձեն

Իսկ հետո նա կարողացավ վերադառնալ։ Սկզբում՝ որպես «Բի-բի-սի»–ի թղթակից, իսկ հետո՝ հիմնական։

Բայց հայրենիքում էլ սպիտակ ու սեւ օրերի մասին այս երգը մնում է նրա հետ։

«Ու ես շատ էի ուզում հանդիպել այն մարդկանց, որոնց երգը մի քանի տարի ինձ հետ է եղել։ Այդ երգն օգնել է ինձ զգալ Հայաստանում այն ժամանակ, երբ ես չէի կարող այստեղ լինել»։

Ու ես սկսեցի մտածել՝ ինչպես գտնել երաժիշտներին։

Յութուբում երգը գտնելը հեշտ չէր, սակայն ճակատագիրը ժպտում է համառներին։ Ես գտա այն ու իմացա, որ կատարում է «Ցիսպերի տրիո»-ն։ Դա առաջին քայլն էր, հետո հետեւեցին այլ քայլեր, որոնց արդյունքում, որոշ ժամանակ անց ես արդեն ունեի «Ցիսպերի տրիո»-յից Թամազ Սեփերթելաձեի հեռախոսահամարը։

Պարզվեց, որ երգիչներից մեկը՝ Դավիթ Աբեսաձեն, մեկնել է Գերմանիա՝ երկարատեւ բուժման։ Եվ մենք հանդիպեցինք Թամազի եւ Մալխազ Տավարտղիլաձեի հետ։

«Սա կարծես սեղանի շուրջը երգվող մի երգ է, որը մենք հաճախ ենք երգում, արդեն հարյուր տարի։ Սովորական, ոչ համերգային կատարում է, որը մենք սեղանի շուրջ ենք կատարում»,- ասում է Մալխազը։

Անի Մինասյանը, Թամազը և տանտիրուհին՝ Ժաննա Դավթյանը

Սպիտակ ու սեւ օրերի մասին երգը Թամազը, Մալխազն ու Դավիթը առաջին անգամ լսում են վրացի քանդակագործ Մերաբ Բերձենիշվիլի տանը՝ սեղանի շուրջ։ Հավանում են այն ու սկսում  երգել։ Սակայն քաղաքային այս ռոմանսը երբեք չի ընդգրկվում խմբի համերգային կատարումների ցանկում։

Եռյակն այն կատարում է այնտեղ, որտեղ լսել են առաջին անգամ՝ սեղանի շուրջը, ինչպես մեր հանդիպման ժամանակ։  

«Ձեզ հետ հանդիպումն ինձ համար կարեւոր էր, որովհետեւ այսքան տարի ես լսել եմ այս երգն ու անգամ չէի կարող պատկերացնել, որ մի օր կհանդիպեմ ձեզ հետ»,–ասում է Մարկը։

Երգիչների հետ հանդիպեցինք Հավլաբարում՝ Ժաննա Դավթյանի հյուրընկալ տանը։

«Երբ սիրահարվեցի այս երգին եւ այն ցույց տվեցի լոնդոնյան իմ վրացի ընկերներին։ Նրանք էլ ասացին, որ այս երգը սովորաբար պրոֆեսիոնալ երգիչներ չեն կատարում, այն սեղանի շուրջը երգելու երգ է։ Ու ես չհավատացի»,- ծիծաղում է։

Թամազը նմանակում է Նապոլեոնին

Պրոֆեսիոնալ երգիչներ չեն նաեւ Դավիթը, Թամազն ու Մալխազը։ Նրանց եռյակը ստեղծվեց դեռ ուսանողական լսարանից, երբ երեքն էլ ճարտարապետություն էին սովորում։ Միասին երգում են արդեն 45 տարի։

Այդ ընթացքում դարձել են Վրաստանում եւ նրա սահմաններից դուրս հայտնի երաժիշտներ, հյուրախաղերով այցելել տասնյակ երկրներ եւ ստացել «Վրաստանի ժողովրդական արտիստ»- ի կոչումներ։

Նրանց եռյակն ստացավ «Ցիսփերի» անունը։ Վրացերեն նշանակում է՝ երկնագույն։ Իսկ պատմությունն այսպիսին է. եռյակը հյուրախաղերի էր մեկնել Լոնդոն։ Թամազին նմանեցնում էին Նապոլեոնին։ Վեստմինստերում այցելում են նաեւ Նապոլեոնի անգլիացի հակառակորդներից ծովակալ Նելսոնի գերեզման։ Նելսոնն ու Նապոլեոնը, ըստ էության, ատում էին իրար, սակայն Նելսոնը հայտնի է նաեւ լեդի Համիլթոնի նկատմամբ բուռն սիրով։ Եվ ահա Նապոլեոնին նմանվող Թամազը, Դավիթն ու Մալխազը նրա գերեզմանի մոտ երգում են «Տխուր ապրիլ»-ը:


Նրանց հետ էր նաև վրացի պոետ Քարթլո Կասրաձեն` երգի հեղինակը։ Երգելու ժամանակ պոետը հանկարծ տեսնում է, որ Թամազ Սեփերթելաձեի գլխին, չմոռանանք նա նման էր Նապոլեոնին, լույսի երկնագույն շողք է ընկնում։

«Ու նա միանգամից ասաց՝ ես ձեր անունը դնում եմ ցիսպերի, «Ցիսպերի տրիո» ու այսպես սկսվեց ամեն ինչ »,– ասում է Թամազը։

«Բարաթաշվիլին մի այդպիսի բանաստեղծություն ունի…

Цвет небесный, синий цвет,
Полюбил я с малых лет.
В детстве он мне означал
Синеву иных начал…

Հայերեն այսպես կլինի՝
Երկնքի գույնը, կապույտ սիրունը
Սիրեցի ես դեռ փոքր տարիքից
Նա նշմարեց ինձ ու իմ անունը
Երկնային կապույտը սկզբի»,– ասում է Մարկ Գրիգորյանը։

Մալխազը

-Դուք չեք պատկերացնում, թե ինչ ապրումներ էր բերում ինձ Ձեր երգը։  Իսկ այսօրվանից ամեն բան փոխվեց։ Այն երգը, որն ինձ համար տնից հեռու գտնվելու խորհրդանիշն էր, այն երգը, որն ինձ հնարավորինս մոտ էր պահում տանը, հիմա լրիվ այլ կերպ հնչեց, որովհետեւ ես հիմա տանն եմ,– ավարտում է զրույցը Մարկը։

-Երաժշտությունը մեր կյանքն է ու ապրել երաժշտությամբ, նշանակում է զգացմունքներով ապրել, զգացմունքներ ունենալ։ Շատ կարեւոր է, երբ կյանքիդ դժվար պահերին երաժշտությունը քեզ մենակ չի թողնում»,- Մալխազն է ասում։

-Ես չեմ ուզում, որ իմ հայ երգիչ եւ կոմպոզիտոր ընկերները նեղանան ինձանից, իհարկե նրանց երգերն ինձ համար առանձնահատուկ կարեւոր են ու հոգեհարազատ, բայց  Ձերը, չգիտես ինչու, ինձ համար այլ էր։

— Չեմ կարծում, որ որեւէ մեկը պիտի նեղանա։ Նեղանալու ոչինչ չկա, երբ օտար երաժշտության մեջ ինքդ քեզ ես գտնում։ Ռեյ Չարլզը մի երգ ունի՝ «Say no more», չկա մի երգ, որ խառնի իմ ներսն այնպես, ինչպես այդ մեկը։

Մեր հանդիպումը մոտենում էր ավարտին։ Երկրորդ անգամ սկսեցինք կատարել երեքով՝ ես միացա Թամազին ու Մալխազին։

Ցուցադրել ավելի
Back to top button