ԿարևորՀասարակություն

«Ես քայլելու եմ»․ Ապրիլյան քառօրյայի բովով անցած քաջերին միավորող վայրն ու հույսը

«Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնում եմ։ Ամանորի շունչն այստեղ արդեն զգացվում է՝ տոնի  խորհրդանիշ եղևնին զարդարված է։  Այս կենտրոնում ապրող տղաներին իրար կապող մի ընդհանուր բան կա։  Նրանք մինչ  այստեղ հայտնվելը իրար չեն ճանաչել, բայց այսօր դարձել են մի ընտանիքի անդամ։

Ծանոթ են մեկը մյուսի  խնդիրներին։  Տարբեր ժամանակներում են հայտնվել  «Հայրենիքի  պաշտպանի» վերականգնողական  կենտրոնում, նրանց կապող օղակը եղել է հենց հայրենիքը։ Այստեղ  տարբեր  տարիներին  զինվորական ծառայության ժամանակ վիրավորված տղաներն են՝  ոմանք դիվերսիայի,  ոմանք մարտական հերթապահություն իրականացնելու, իսկ ոմանք էլ` դժբախտ պատահարի ժամանակ։ Սեդրակ Շահբազյանը վիրավորվել է 2012 թ-ի  հունիսի 4–ին՝ թշնամու դիվերսիոն գործողությունների ժամանակ։

«Այդ օրը ես էի հերթապահ, դիվերսիոն գործողություն սկսվեց ու ինչպես լինում է դիվերսիայի ժամանակ սկսվեց փոխհրաձգություն, ունեցանք զոհ, իրենց հետ շպրտեցինք․․․ Եկել եմ Բերդի հոսպիտալ, որից հետո Մուրացան»,–պատմեց Սեդրակը։

Երբ ստեղծվում է Վերականգնողական կենտրոնը Սեդրակին զանգահարում են ու հրավիրում  վերականգնողական կուրսեր անցնելու։

 «Այստեղ մենք զգում ենք այնպես ինչպես տանը։ Այստեղ հավաքված անձնակազմը ոնց մի ընտանիք լինեն, փորձում են մեկը մեկին օգնել, մեկը մեկի կարիքները հոգալ»։

Այս կենտրոն մուտք գործող յուրաքանչյուր վիրավոր ունի  մեծ հավատ, որ առողջացած տուն է վերադառնալու։  Զրուցակիցս` Արթուր Սաֆարյանը, վիրավորվել է  այս տարի և ունի հենաշարժողական խնդիրներ,  քայլում է ձեռնափայտի օգնությամբ, բայց հավատում է, որ կինեզիստ Դավիթ Ավետիսյանի շնորհիվ, ու ոչ միայն, լիովին ապաքինված տուն է վերադառնալու։  

«Սկզբում չէի հավատում ,որ կարող է առողջանամ, խնդիրը զուտ քայլելս է, բայց հավատում եմ, որ ժամանակի ընթացքում կկարգավորվի, շնորհիվ վերականգնողական թիմի մեծ աշխատանքի։ Ու վստահեմ եմ, որ ժամանակի ընթացքում իմ քայլվածքը կլինի ավելի լավ»:

Մինչ զրուցում ենք Արթուրի հետ, հանգստի  սենյակ են ուղեկցում Դավիթ Սարգսյանին։ Վերջինս անվասայլակով է, ես տեղից վեր եմ կենում, փորձում մոտենալ։ Կարիք չկա, ինքս կմոտենա, կանխում է Դավիթը։ Հարցս արդեն անիմաստ է հնչում, թե ինչպես է  իրեն զգում։ 

«Դիրքերից հետ էինք վերադառնում ընկել եմ, այդ պահին չենք պատկերացրել, որ պետք է ֆիքսվի պատգարակի վրա  ու  իմ ոտքով եկել եմ բուժկետ․․․, հիմա ամեն  ինչ փառք Աստծո լավ եմ»։

Դավիթն ապագա պատմաբան է, ասում է, որ 2020 թ.-ի հետ մեծ հույսեր է կապում թե առողջության, թե անձնական կյանքի և թե երկրի զարգացման հետ։ 

«Առողջական առումով դինամիկա կա, մի քիչ ավելի եմ ինքնուրույն եմ  շարժվում անվասայլակով։ Իսկ մեր քաղաքում տեղաշարժվելը շատ բարդ է։ Ինչքան են էլ ողնաշարդ վնասված է լինում, քայլելու հույսը չենք կորցնում։ Իսկ ես պիտի քայլեմ, այլ կերպ չի կարող լինել։ Իսկ 2020 թ–ին կուզենայի ամուսնանայի, բայց ցանկությունը դեռ քիչ է։ Շատ մեծ սպասումների  ու  պատասխանատու տարի է լինելու բոլորիս համար։ Եթե մենք մեր տեղում լինենք, ինչ–որ աճ կգրանցենք։ Իսկ եթե մենք շարունակենք բողոքենք, որ մեր տեղը ինչ մեկը, ինչ–որ մի բան պիտի անի, ապա ոչինչ չի փոխվի»։

Զրույցին միանում է փոխգնդապետ Բայրամյանը, նա արցախյան գոյամարտի մասնակից է ։ Առավոտյան  դասավանդում է  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, իսկ  դասերից հետո վերականգնողական կուրս անցնում Հայրենիքի պաշտպանի կենտրոնում։

«Առաջիններից մեկն եմ եղել, որ ծանր վիրավորվելուց հետո շարունակել եմ ծառայել ու այս  ավանդույթը ես փոխանցել եմ իմ կուսանտներին։ Աստված չանի ինչ որ նման բան լինի, նրանք պատրաստ  են հենց այդպես էլ ծառայելու»։

Փոխգնդապետի հետ զրուցում ենք անցած գնացած օրերի մասին։ Պատմում է, որ մի քանի տարի Ամանորը դիմավորել է հենց դիրքերում։

Պարզվում է, որ զրուցակիցներիս համար ամենահիշարժան ամանորները եղել են ծառայության տարիներին։

 «Որպես զինվորականի ամենահզոր տարին եղել է 1993 թ–ը։  Ինքս ծնվել եմ սահմանում, ու անգամ այդ ժամանակներում  էլ անգամ   հրավառություն էինք անում։ Թշնամին գիտեր, որ այդ օրերին  մեծ պատրաստություն էին տեսնում ու հենց դեկտեմբերի 29–ին։ Կանայք գաթա էին թխում, տղամարդիկ մսի հարցերով էին զբաղվում։

Ու այդ օրը ամբողջ Հայաստանի սահմանով ընդհուպ գրադ կայանքներից սկսում էին ռմբակոծություն էին անում։ Բայց ժողովուրդը միշտ զգոն էր, անգամ նկուղներում անգամ կենդանի էին մորթում, որ նոր տարին նշեի։ Առաջին բաժակն էլ բարձրացնում էին խաղաղության  համար»։

Մեր զրույցը կարող էր երկար տևել, սակայն նրանք շտապում էին հերթական թերապիային։ Արդեն միջանցքում  հանդիպում եմ ապրիլյան պատերազմի մասնակից Ավետիս Զարգարյանին։ Նա ծանր վիրավորվել էր Թալիշի մարտական գործողությունների ժամանակ։  Բժիշկները որևէ հույս չունեին, որ Ավետիսը կապրի, մեկ ամիս միացված էր  արհեստական շնչառության ապարատին, մի քանի անգամ  վիրահատվել էր։

Այսօր  արդեն աշխատանքի է անցել  վերականգնողական կենտրոնում՝ միանալով Զինվորների տան «Մեկ պատուհանի» թիմին:  Նա այս անգամ հրաժարվում է հարցազրույցից, ժպտալով ասում՝ «Գիտեմ ինչ եք հարցնելու՝ իմ պատասխանը մեկն է` ես քայլելու եմ»։

Ցուցադրել ավելի
Back to top button