ԿարևորՀասարակություն

48 LED լամպ. սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում ամանորը կդիմավորեն լուսավորված փողոցներով

Տավուշի մարզի սահմանապահ գյուղերից մեկում՝ Ներքին Կարմիրաղբյուրում, նախատոնական տրամադրություն է՝ պատրաստվում են Ամանորին: Մութ ու անհրապույր փողոցների գոյությանը վաղուց համակերպված բնակիչները ոգևորված են. լուծվել է երկար տարիների խնդիր: Լուսավորվել են դեպի սահման, հիմնական նշանակության կառույցներ տանող և կենտրոնական մի քանի փողոցներ: Թեև գյուղը լուսավորվել է մասնակի, բայց արդեն իսկ փոխվել է սահմանին ապրող մարդու վստահությունը. ինքն անտեսված չէ, գիշերային ժամերին փողոցում գտնվելն էլ առավել ապահով է:

«Մեր գյուղից մինչև Ադրբեջանի հետ սահման հեռավորությունն ուղիղ գծով 700մ է: Շատ երկար տարիներ լուսավորության խնդիր ենք ունեցել: Այն փաստը, որ մարդիկ այսուհետ կարող են գիշերվա ժամերին հանգիստ քայլել՝ ոգևորիչ է: Դա կարևոր է և հոգեվիճակ է փոխում: Լուսավորված փողոցներով մենք նաև ուղերձ ենք հղում հակառակորդին. գյուղը կա, շենանում է ու պիտի զարգանա»,-ասել է վարչական տարածքի ղեկավար Լևոն Առաքելյանը:

Ներքին Կարմիրաղբյուրում շինարարական աշխատանքները լայն թափով մեկնարկել են աշնանը: Համակարգի տեղակայմանն աջակցել են ենթակառուցվածքների և էկո-գյուղերի ցանցի զարգացումը թիրախավորած գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Որոշակի ներդրում է ունեցել նաև համայնքը: Արդյունքում, տեղակայվել է 48 LED լամպ՝ լուսավորելով շուրջ 1800մ երկարությամբ տարածք: Մասնավորապես՝ գյուղի մուտքից դեպի սահման տանող հիմնական փողոցը, կենտրոնական մյուս փողոցները և դեպի վարչական շենք ու մանկապարտեզ տանող փողոցները:

«Ցանկացած խնդիր կարելի է լուծել, երբ կա ցանկություն: Դրանում համոզվել ենք և՛ մենք, և՛ մարզերի բնակիչները: Ընթացիկ տարում, մեր թիրախում եղել են հեռավոր և հատկապես սահմանամերձ գյուղերը: Փողոցների լուսավորություն և առհասարակ՝ մարզերում իրականացվող ցանկացած ծրագրով ոգևորված ենք բոլորս: Դա շատ կարևոր է. լավատեսությունը, երազելու կարողությունը և հույսն առաջ մղող ուժ են: Թող երազելու և երազանքն իրականացնելու կամքը երբեք չլքի ձեզ: Մենք ձեզ հետ ենք: Առիթից օգտվելով, շնորհավորում եմ բոլորիդ՝ գալիք տոների կապակցությամբ», — ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախորդ ամանորին Ներքին Կարմիրաղբյուրի վարչական կենտրոնը լուսավորվել է ընդամենը տասն օր: Այդ ամենն արդեն անցյալում է. գյուղում այլևս մութ գիշերներ չեն լինի: Ոչ արդյունավետ ու ծախսատար հին լամպի կարիք այլևս չի լինի, իսկ բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, կսպառեն 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և կծառայեն կրկնակի արդյունավետությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button