ԿարևորՎերլուծական

Որոնք են գալիք տարվա տարածաշրջանային մարտահրավերները

Անցնող տարին տարածաշրջանի համար աչքի ընկավ առատ մարտահրավերներով, նույնպիսի պատկեր է կանխատեսում գալիք տարվա համար քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Ըստ նրա` պատճառն այն  է, որ այս տարածաշրջանում խաչվում են տասնյակ պետությունների շահեր։ Այն բախման կետ է Իրանի, Թուրքիայի, ՌԴ- ի ու ԱՄՆ- ի համար։

«ԱՄՆ–ը  հստակ շահեր ունի մեր տարածաշրջանում՝  Իրանին զսպել։ 2019 թվականին բավականին տուրբուլենտ իրավիճակում էինք, նույնը կլինի նաեւ 2020 թ–ին»։

2020 թվականին ԱՄՆ–ում  նախագահական ընտրություններ են և հնարավոր է Վաշինգտոնում  վերաշարադրվի արտաքին քաղաքականությունը։ Բայց դրանից անկախ Սիրիայում իրավիճակը կշարունակի լարված մնալ։

«Չի կարելի բացառել Սիրիայում զարգացումներ։ Սիրիան կշարունակի գտնվել աշխարհի ուշադրության կենտրոնում։  Իրանի ու ՌԴ–ի  դեմ պատժամիջոցները չեն հանվի ամբողջական ծավալով, ինչը նաեւ ՀՀ–ի տնտեսության վրա է անդրադառնում»։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ  աշխարհաքաղաքական զարգացումները արագ են տեղի ունենում և ամեն բան կարելի է սպասել։ Միաժամանակ վստահ է` թուրք–ամերիկյան հարաբերությունների լարվածությունը չի հատի կարմիր գիծը․

«Չի կարելի բացառել, որ Կոնգրեսի դրդմամբ նոր պատժամիջոցներ սահմանվեն Թուրքիայի նկատմամբ։ Մյուս կողմից  Կոնգրեսում լավ հասկանում են ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը։ Ռուս–թուրքական հարաբերություններն ավելի կմերձենան, բայց դրանք չեն ստանա այնպիսի ռազմավարական դաշնակցային բնույթ, ինչպիսին թուրք–ամերիկյանն է»։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ռիսկեր է տեսնում թուրք–ադրբեջանական հայտարարությունների բովանդակության մեջ, ուր ակնհայտ նկրտումներ կան ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի նկատմամբ։  Նման պայմաններում Հայաստանը որպես պետություն պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման, ընդհուպ` վատագույն սցենարի, ասում է Սաֆրաստյանը։ Նրան հույս է ներշնչում ՌԴ- ի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքի կազմում գտնվելու հանգամանքը։ ՀՀ-ն պետք է խորացնի հարաբերությունները բարեկամ երկրների հետ` հանուն անվտանգության` ասում է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button