Ո՞ր խանութներում են հայտնաբերվել ժամկետանց մթերքներ


Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացրել խանութներում և արձանագրել խախտումներ։ Կառույցից կոչ են անում ամանորյա եռուզեռի ընթացքում լինել առավել ուշադիր և թերությունների դեպքում ահազանգել 1-05 հեռախոսահամարին։ Ո՞ր խանութներում են հայտնաբերվել ժամկետանց մթերքներ և ի՞նչ են արվել դրանք:
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ամբողջ տարվա ընթացքում, իսկ նախատոնական օրերին ուժեղացված ռեժիմով իրականացրած հսկողության արդյունքում մայրաքաղաքի որոշ խանութներում արձանագրել է ժամկետանց ապրանքներ։ Վարչությունը ստուգումներ է իրականացրել այն խանութներում, որտեղ մարդկանց հոսքը մեծ է։ Դրանք հիմնականում ցանցային խանութներն են։
«Սիթի», «Նոր Զովք», «Ելակ», «Ծիրան», «ՎԱՍ» սուպերմարկետներում իրականացրել ենք ստուգումներ։ Կարելի է ասել, որ 90 տոկոսում հայտնաբերվել են թերություններ։ Ժամկետանց սննդամթերքները եղել է երշիկների ու կաթնամթերքի մեջ։ Թերություններ են եղել նաև հիգիենայի պարագաների ու խնամքի միջոցների մեջ»։
Ըստ քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանի, կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ 100-200 հազար դրամ տուգանքով։ Ստուգումները շարունակվում են, վարչության ղեկավարը հորդորում է, որպեսզի սպառողները լինեն առավել ուշադիր, խանութներում գնումներ կատարելիս ուշադրություն դարձնեն ժամկետներին, իսկ տնտեսվարողները լինեն բարեխիղճ։ Հայտնաբերված խախտումները առևտրի և սպասարկումների վարչությունն ուղարկել է Սննդի անվտանգության տեսչական մարմին։
«Ռադիոլուրը» փորձեց կառույցից ստանալ պատասխան, թե ինչ աշխատանքներ են տարել հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ, սակայն ասացին, որ աշխատակիցները ստուգայցների են և չեն կարող հիմա պատասխանել։ Քաղաքապետարանի պաշտոնյան տեղեկացնում է, որ առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում հսկողությունը կրելու է մշտական բնույթ և իրավախախտում կատարած անձինք ենթարկվելու են պատասխանատվության
2019 թվականին քաղաքապետարանի իրականացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են ժամկետանց ապրանքների իրացման 77 դեպք։ Սննդագետ Դավիթ Պիպոյանն իր հերթին հորդորում է հատկապես ամանորյա ակտիվ գնումների ընթացքում առավել ուշադիր լինել մակնշումների ու պիտանելիության ժամկետների նկատմամբ, քանի որ խանութներում գոյացած հերթերի արդյունքում մարդիկ չեն կարողանում հետևել դրանց։
«Պետք է սպառողները զգույշ լինեն և հետևեն ապրանքների մակնշումներին, ապրանքները գնեն այն ժամկետի համար, երբ պետք է օգտագործեն»։
Ուշադիր պետք է լինել բոլոր ապրանքների պիտանելիության ժամկետների, առավել ուշադիր` կենդանական ծագում ունեցող սննդի նկատմամբ, Դրանք բարձր ռիսկայնություն ունեցող մթերքներ են և պիտանելիության ժամկետի ավարտը հանրային առողջապահական խնդիրների և թունավորման պատճառ կարող է լինել, ասում է սննդագետ զրուցակիցս։
«Եթե, օրինակ, կոնֆետի մեջ պիտանելիության ժամկետն անցնելուց նրա էսթետիկական տեսքն է վատանում կամ համային հատկանիշները և հետո չի օգտագործվում այդ ապրանքը, ապա կենդանական ծագում ունեցող մթերքների դեպքում թունավորման ռիսկը մեծ է»։
Մարդկանց մեծ մասն ամանորյա գնումները կատարում է դեկտեմբերի 20-ից հետո, իսկ այդ ընթացքում ավելանում են նաև այն տնտեսվարողները, որոնք փորձում են մինչև տարեվերջ ազատվել ապրանքներից։ Սննդագետը խորհուրդ է տալիս գնումները կատարել այն ժամերին, երբ հերթեր չկան։