ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է կատարել Գյումրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի:

Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ եղել է Տիգրան Մեծ և Սայաթ Նովա փողոցներում, ծանոթացել իրականացված հիմնանորոգման աշխատանքներին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ գյումրեցիները ողջունել են Փաշինյանի այցը և շնորհակալություն հայտնել քաղաքի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրության համար:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մնացած բոլոր տեխնիկական հարցերը կարգավորել հնարավորինս սեղմ ժամկետում՝ պահպանելով որակական չափանիշները:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել սոցիալական բնակարանների հանձնման արարողությանը: Նորակառույց շենքում առկա 18 բնակարանները հանձնվել են միայնակ տարեցներին, որոնք մինչև այժմ բնակվում էին տնակներում: Սոցիալական բնակարանները կառուցվել են «Առդա» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին իրականացվող ծրագրի և այն շարունակական դարձնելու համար: Նիկոլ Փաշինյանը շրջել է բնակարաններով և շահառուներին շնորհավորել բնակարանամուտի և Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Հատված Ռադիոլուրի 17.00–ի եթերից
Ցուցադրել ավելի
Back to top button