ԿարևորՀասարակություն

Թուրք-ադրբեջանական ներդրումները՝ Վրաստանի սահմանազատմանը խոչընդոտ

Այսօր համաձայնեցված չէ հայ-վրացական սահմանի մոտ 78 կմ երկարությամբ հատվածը` «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան ասում է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ կողմերի միջև համաձայնեցման փուլում է գտնվում հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը կազմակերպելու հարցը։

Վրաստանի նախագահը օրերս պատասխանելով Ադրբեջանի հետ խնդրահարույց դարձած սահմանի՝ մասնավորապես Դավիթ-Գարեջի վանական համալիրի վերաբերյալ հարցին, ասել է, որ Վրաստանը պետք է վերջնականապես  որոշի երկու հարևանների ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանները։  

Խորհրդային տարիներին Վրաստանի հետ մեր սահմանը վարչական էր, այն կարելի էր հատել, համարվում է խորհրդանշական սահմանը։ Ի տարբերություն հարեւան երեք երկրների` Թուրքիայի հետ Վրաստանի պետական սահմանը գծագրված ու ավարտին հասցված է համարվում։ Այն ամբողջությամբ համապատասխանում է Խորհրդային Միության եւ Թուրքիայի միջեւ վրացական հատվածի պետական սահմանին:

Հայաստանն ու Վրաստանը պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցը քննարկում են 1992 թվականից: 1996-ից երկու երկրների միջև գործում են սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովներ։

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով․«ՀՀ-ի և Վրաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովների աշխատանքների արդյունքում ընդհանուր 225 կմ երկարությամբ ձգվող հայ-վրացական պետական սահմանից համաձայնեցված է 147 կմ: Սահմանի մնացած, գումարային մոտ 78 կմ երկարությամբ հատվածների համաձայնեցման նպատակով իրավական հիմքի ընդունման շուրջ քննարկումները դեռ շարունակվում են»։

2007-ից հետո հանձնաժողովների համատեղ նիստ, սակայն, տեղի չի ունեցել։ Նաղդալյանի խոսքով, այսօր հաջորդ նիստի անցկացման հարցը գտնվում է կողմերի միջև համաձայնեցման փուլում:

Հարևանների, այդ թվում Հայաստանի հետ ևս պետական սահմանի հարցով  բանակցությունները դանդաղ են ընթանում, սակայն Թբիլիսիում կարծում են, որ վրաց-հայկական սահմանը ամենաքիչ խնդրահարույցն է։

Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան, այժմ Վրաստանի խորհրդարանի նախագահի խորհրդական Թենգիզ Շարմանաշվիլին «Ռադիոլուրին» ասել է․  

«Սահմանազատումը երկրորդական հարցը չէ, որ արագ պետք է լուծել, սակայն արդեն տևական ժամանակ առկա այդ խնդիրը պետք է հանգուցալուծվի՝ բավարարելով երկու կողմին էլ՝ ստվեր չգցելով հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության վրա»։

Վրաստանում ժամանակ առ ժամանակ վրաց-հայկական սահմանի խնդիրը սոցիալական ցանցերում քննարկման առիթ է դառնում՝ օրակարգ բերելով հատկապես Խուճապի վանքի հարցը։ Այն գտնվում է սահմանին՝ Վրաստանի հայաբնակ Աղքյորփի գյուղից 2-3, իսկ հայաստանյան Պրիվոլնոյե գյուղից՝ 20-25 կմ հեռավորության վրա։ Վրաստանի ԱԳՆ հաղորդմամբ՝ քանի դեռ սահմանազատումն ավարտված չէ, եկեղեցու գտնվելու վայրն օրինականորեն որոշված չի կարող լինել:

Վրաց-հայկական սահմանի չհամաձայնեցված հատվածներ են Աղքյորփի, Չանախչի, Բրդաձոր և Խոժոռնի գյուղերի հատվածները, որտեղ նույնիսկ բնակիչների այգիների մի հատվածն է հայկական սահմանում։ Օրինակ` Խոժոռնիում գյուղացիները իրենց բոլոր խնդիրները կապում են սահմանի հետ:

Իսկ ահա Ադրբեջանի հետ սահմանի հարցը դարձել է վրաց-ադրբեջանական սկանդալի պատճառ։ Ադրբեջանը Դավիթ Գարեջի համալիրն անվանում է Քեշիկչիդաղ՝ համարելով այն «Ադրբեջանի քարե դարե պատմություն»։  

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Իրակլի Կակաբաձեն, որ ժամանակ առ ժամանակ ակցիաներ է կազմակերպում համալիրի տարածքում, ասում է․

«Հասկանալի է, որ Ադրբեջանն այժմ փորձում է իր պատմությունը կերտել մեր պատմության հաշվին։ Եւ այդ երկիրը համարվում է մեր ռազմավարական գործընկերը։ Վրաստանի ռազմավարական գործընկերները պետք է լինեն ժողովրդավարական, մարդու իրավունքները հարգող։ Ռազմավարական գործընկերոջը արժեքներով են ընտրում, ոչ թե տնտեսական հանգամանքներով»:

Ադրբեջանը, շարունակելով իր նկրտումները առաջ տանել, վերջերս առաջացրել էր իր դիրքերը։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը Վրաստանի համեմատաբար կրավորական կեցվածքը շատ հարցերում պայմանավորում է վրացական տնտեսությունում Ադրբեջանի և Թուրքիայի ունեցած մեծ դերով, երկրում թուրքական և ադրբեջանական կապիտալի ներկայությամբ։

«Դա որոշակի առումով ճնշում է Վրաստանի գործողությունները, թույլ չի տալիս ավելի համաչափ գործողություններ իրականացնել Ադրբեջանի նկատմամբ»։

Կառավարական մակարդակով Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանի 66 տոկոսը: Համաձայնեցված չէ հատկապես Կախեթիի շրջանին կից հատվածը, որտեղ գտնվում է պատմական հուշարձանը։

Բաքու պաշտոնական այցի ժամանակ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բարձրացրեց սահմանազատման հարցը եւ երկարատև ընդմիջումից հետո Դավիթ Գարեջիի շուրջ աղմուկի ֆոնին վերսկսել են սահմանազատման հարցով աշխատանքները։ Զուրաբիշվիլին, կրկին անդրադառնալով Գարեջիի հարցին, ասել է, որ Վրաստանը պետք է մինչև վերջ կայանա որպես պետություն և դրա համար նախ պետք է որոշի սահմանները հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button