ԿարևորՄիջազգային

Թուրքիան 2020–ին նոր երկիր կմտնի

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանը հայտարարել է Լիբիա զորք ուղարկելու մտադրության մասին՝ նշելով, որ այդ խնդրանքով կդիմի երկրի խորհրդարանին, եթե ինքը Լիբիայից նման խնդրանք ստանա։ Տրիպոլիի խնդրանը չուշացավ․ արդեն մեկ օր հետո` այսօր, Լիբիան պաշտոնապես դիմեց Թուրքիային օդային, ցամաքային և ծովային ռազմական օգնության հարցով։ Անկարան հայտարարում է, որ աջակցում է Տրիպոլիի իշխանությանն ու մտադիր է օգնել Սարաջին՝ կանխելու գեներալ Խալիֆա Հաֆթարի հարձակումը։ Ըստ ամենայնի, հենց հունվարի առաջին օրերին  թուրք օրենսդիրները հավանություն կտան նախագահի առաջարկին։

2011 թվականից ի վեր Լիբիայի երկարամյա առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, Լիբիայում երկիշխանություն է, և այդ երկրում իշխանության համար պայքարը ոչ մի կերպ չի հանգուցալուծվում։ Տրիպոլիում Ֆայիզ Սարաջի ղեկավարած ազգային միասնության կառավարությունն է,  երկրի արևելյան շրջանում՝ Աբդալահ աթ-Թանիի ժամանակավոր վարչակարգը, որին սատարում է ըմբոստ գեներալ Հաֆթարը։ Նա փորձում է վերահսկողություն հաստատել Տրիպոլիի նկատմամբ:

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը Անկարայի՝ Լիբիա զինուժ ուղարկելու մտադրությունը դիտարկում է Էրդողանի՝ հատկապես վերջին մեկ տարում վարած ընդգծված նվաճողական քաղաքականության, տարածաշրջանային տերության դիրքերն ամրապնդելու և իր դերակատարությունն ի ցույց դնելու համատեքստում։

 «Լիբիա և տարածաշրջանի մյուս երկրներ զորք ուղարկելու Թուրքիայի նկրտումները շատ ավելի հեռանկարային են, քան կարող է թվալ, շատ ավելի երկարաժամկետ նպատակներ են հետապնդում։ Էրդողանը բացառապես շարժվում է պանթյուրքիզմի գաղափարներով  և փորձում է եթե ոչ իր ժամանակաշրջանի, ապա ապագայի համար ստեղծել հիմքեր պանթյուրքիզմի զարգացման համար»։

Լիբիական խաղին Մոսկվան, ինչպես  հայտնի է, վաղուց է մասնակցում, և վերջին շրջանում հարաբերությունները բավականին սերտացրած Մոսկվան ու Անկարան կարծես թե Լիբիայի հարցով հակադիր ճամբարներում են հայտնվել։ Անկարան, փաստորեն, պատրաստվում է կանխել գեներալ Խալիֆա Հաֆթարի հարձակումը, որը վայելում է Մոսկվայի աջակցությունը և որին, ի դեպ, դեմ է նաև Արևմուտքը։

Թուրքիայի առաջնորդը նախօրեին հայտարարել է, որ չեն պատրաստվում լուռ հետևել, թե ինչպես են ռուսաստանցի վարձկան զինվորականներն օգնում ապստամբ գեներալին: Մոսկվան ոչ միայն  կտրականապես հերքում է իր զինվորականների մասնակցությունը լիբիական քաղաքացիական պատերազմին, այլև հայտարարում է, որ դեմ է երրորդ երկրների միջամտությանը Լիբիայում ստեղծված իրավիճակին։

 Վերջին շրջանում Թուրքիային Արևմուտքը ու մասնավորապես ԱՄՆ–ն անընդհատ մեղադրում է ռուսական գիծը պահելու մեջ։ Սա նույնպես հիանալի պատրվակ է Արեւմուտքին «ապացուցելու», որ սխալվում է Անկարայի հարցում, որը  վարում է բացառապես թուրքամետ քաղաքականություն, նշում է Կարեն Հովհաննիսյանը։

Բացի այդ, փորձագետը ուշադրություն է հրավիրում այս փուլում արդեն ռուս–թուրքական հարաբերություններում որոշակի սրացման մասին, որն ազդում է Սիրիայում համատեղ գործողությունների վրա։

«Սրված հարաբերությունները իրենց պտուղները տվել են հենց Սիրիայում։ Կարծես թե որոշակի սառնություն է նկատվում Սիրայի  անվտանգության գոտում համատեղ  պարեկություն իրականացնելու հարցում,  ռուսները թուլացրել են համագործակցությունը Թուրքիայի հետ, և սա հենց Լիբիայով է պայմանավորված։ Մոտակա շրջանում սպասվում է որոշակի սառնություն Մոսկվա–Անկարա հարաբերություններում և դա բնական է։ Թուրքան փորձում է «ներխուժել» մի տարածք որը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ, իսկ Մոսկվան միանշանակ չի հանդուրժի»։

Թուրքիայի նկրտումները, ինչպես հայտնի է, տարածվում են նաև դեպի Հարավային Կովկաս։

«Վտանգները բավականին տեսանելի են, քանի որ Թուրքիան միշտ պատրաստակամ է որևէ ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի դեմ։ Ոչ թե անմիջականորեն, այլ միջնորդավորված՝ Ադրբեջանի միջոցով Նախիջևանի կողմից։  Սակայն վերջին շրջանում Թուրքիան մեկ այլ վտանգավոր քաղաքականություն է որդեգրել Հայաստանի նկատմամբ` փորձելով կրկնակի շրջափակման ենթարկել Հայաստանը՝ միջազգային հանրության առաջ բարձրացնելով Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման հարցը և միջազգային հնչեղություն տալով դրան։ Թուրքիայի միջնորդավորված վտանգը ակնհայտ է․ Ադրբեջանի հետ Նախիջևանում զորավարժություններ անցկացնելն  ու զենքը Ադրբեջանում թողնելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թուրքիան որոշակի նկրտումներ ունի»,– նշում է Հովհաննիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button