ԿարևորՀասարակություն

Առաջադրած մեղադրանքով Հրայր Թովմասյանն անձեռնմխելի չէ. Ռուստամ Բադասյան

Այսօր առավոտյան ՍԴ–ում ՀՔԾ քննիչը հարցաքննել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել։ Խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չբացակայելու մասին։

Հարցաքննությունից առաջ ՍԴ շենքի մոտ արդեն հավաքվել էին Թովմասյանի աջակիցները, որոնք պնդում էին՝ ՍԴ նախագահն օգտվում է անձեռնմխելիությունից։

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում արդարադատության նախարարին ուղղված հարցերի զգալի հատվածն առնչվում էր հենց ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին եւ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին։

Այս ամենին զուգահեռ կա եւս մեկ գործընթաց՝ ՀՀ նախագահը երեկ ստորագրել է ՍԴ անդամների համար նախատեսված «վաղաժամ կենսաթոշակ» նախատեսող օրենքը։  

Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը կապ ունի ոչ թե նրա ՍԴ նախագահի, այլ՝ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածի հետ։ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է՝ գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ինքը՝ Հրայր Թովմասյանը այսօր է լրագրողների ներկայությամբ բարձրաձայնում, որ դեպքերի նման զարգացման մասին իրեն նախապես զգուշացրել էին։ Նա քաղաքական ենթատեքստ է տեսնում։ 

– Ինձ 6 ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ X,Y,Z քայլեր չանելու համար մեղադրանք մի օր կառաջադրվի։

–Ո՞վ էր զգուշացրել։

–Մի օր կխոսեմ էլի այդ ամբողջի մասին։

–Իսկ Y,Z քայլերը որո՞նք էին։

–Հրաժարական տալն էր։

Մինչ ՍԴ–ի շենքում ՀՔԾ քննիչը քննում էր Հրայր Թովմասյանին, ՍԴ շենքի մոտ հավաքված նրա աջակիցները տարբեր վարկածներ էին շրջանառում, թե ինչու է Հրայր Թովմասյանը անձեռնմխելի եւ ինչու են այս դեպքում օրենքներ ոտնահարվում։ Այս հիմնավորումների հակափաստարկն ունի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․

 «Որեւէ անձ չունի երաշխիք, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարությամբ սահմանված կարգով, որովհետեւ քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետությամբ։ Ինչ վերաբերում է ՍԴ թույլտվությամբ մեղադրանք առաջադրելու հարցին, ապա նշեմ, որ որքանով ես եմ տեղյակ, գործը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, վերաբերում է պարոն Թովմասյանի նախարար աշխատած ժամանակ ինչ–ինչ ենթադրյալ չարաշահումներին եւ այդ մասով, բնականաբար, ՍԴ թույլտվությունը քրեական հետապնդման մասով չի պահանջվում եւ այդ մասով անձեռնմխելիություն ՍԴ դատավորը չունի»։   

Նախաքննության շրջանակներում ավելի ինֆորմացիա չի տրամադրվում։ Հրայր Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Հրայր Թովմասյանի կողմնակիցները հակված են այս գործընթացը կապել այլ իրադարձության հետ։ ՀՀ նախագահը երեկ ստորագրեց Աժ ընդունած՝ ՍԴ անդամներին «վաղաժամ կենսաթոշակ»–ի հնարավորություն ընձեռող օրենքը։ ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանն այսօր արդեն հայտարարեց, որ չի պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից՝ հպարտ է իր կենսագրության յուրաքանչյուր էջով։ ՍԴ այս անդամի անունին Հրայր Թովմասյանը հավելեց եւս մի քանի անուն։

«Կարծում եմ, շատերը վատ են ճանաչում ՍԴ դատավորներին։ Նրանք ուժեղ մարդիկ են, նրանք հայրենասեր մարդիկ են, նրանք նվիրյալներ են։ Դա Արեւիկ Պետրոսյանն է, դա Հրանտ Նազարյանն է, դա Ֆելիքս Թոխյանն է, դա Արայիկ Թունյանն է, դա Արման Դիլանյանն է։ Եթե որեւէ մեկը մտածում է, որ այս մարդիկ կարող են գայթակղվել «կաշառք» անվանումը ստացածով  եւ գնալ, ապա շատ ու շատ վատ են ճանաչում։ Իմ թվարկած դատավորները որեւէ մեկը դրան չի գնալու։ Թող ոչ մեկը չմտածի, որ անկախ դատական իշխանությունը սկուտեղի վրա բերելու են մատուցելու են իրենց»։

Այս հայտարարությունն անելիս Հրայր Թովմասյանը հավաստիացրեց, որ դատավորների հետ չի զրուցել եւ չեն պայմանավորվել այս հարցի շուրջ։ Այս հայտարարությունն այլ կերպ ընկալեց արդարադատության նախարարը։ Ըստ նրա՝ սա սկզբունքայնության հետ որեւէ կապ չունի․

«Պարոն Թովմասյանը ճնշում է գործադրում դատավորների նկատմամբ։ Մենք պետք է ունենանք ՍԴ, որը անկախ է ոչ միայն գործադիր իշխանությունից, անկախ է ոչ միայն օրենսդիրից, անկախ է որեւէ շրջանակների ազդեցությունից։ ՍԴ, որը ոչ թե ընդդիմություն է, այլ ՍԴ է։ Եվ այո, պետք է կայացնի ցավոտ որոշումներ, որը օրվա իշխանության համար ցավոտ կլինի, բայց ՍԴ–ն երբեք ու երբեք չի կարող երկրում լինել ընդդիմություն։ Ինչու են անընդհատ նշում անպարկեշտ առաջարկ, որպեսզի այն անձը, որը կարող է կամավոր իրեն մեկնած ձեռքը սեղմել եւ հեռանալ՝ բարոյական ճնշում զգա»։

Նախարարը պնդում է՝ ՍԴ դատավորներին արված առաջարկն ընդունված է միջազգային պրակտիկայում։ Սա ըստ էության իշխանության երկրորդ քայլն է՝ սահմանադրական ճգնաժամը լուծելու համար։ Այն դեպքում, երբ իշխանությունն օգտագործում է այս  ձեւակերպումը, ՍԴ անդամները պնդում են հակառակը։ Լսենք Արեւիկ Պետրոսյանին եւ Հրայր Թովմասյանին ։

Արեւիկ Պետրոսյան․ «ՍԴ–ում ճգնաժամ կարող էր լինել, եթե մենք չկարողանայինք նիստեր անցկացնել, եթե չկարողանայինք որոշումներ կատարել, եթե մեր անգործության հետեւանքով պետական իշխանության այլ մարմինների համար ստեղծեինք խնդիրներ»։

Հրայր Թովմասյան․«Այս ժամանակահատվածում ՍԴ–ն աշխատել է առանց որեւէ խոչընդոտի եւ ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք ելակետային են, բեկումնային  են լինելու մեր իրավական համակարգի հետագայի համար»։

Ապագայի համար քայլեր մտածել է նաեւ իշխանությունը։ Սա արդեն կլինի երրորդ փորձը։  2020–ին իրականություն կարող են դառնալ սահմանադրական փոփոխությունները, որոնք մի մասը չի բացառվում առնչվեն հենց Սահմանադրական դատարանին։ Այսպիսի զարգացումները չի բացառում արդարադատության նախարարը։

 «Այո, կարող ենք 2020- ին ունենալ սահմանադրական բարեփոխումներ եւ այո, կարող է դրույթներ լինեն, որոնք վերաբերելի են սահմանադրական դատարանին»։

Աշխատանքները երկար սպասեցնել չեն տալու։ Առաջիկա օրերին՝ կամ տարվա վերջում, կամ հունվարի սկզբին, արդարադատության նախարարությունն արդեն պատրաստվում է մրցութային կարգով ընտրել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քաղհասարակության եւ իրավաբան գիտնական ներկայացուցիչներին, որպեսզի ապահովվի հանձնաժողովի աշխատանքի ներառականությունը։ 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button