ԿարևորՀասարակություն

Ամանորը՝ առանց ճայթուկների ու վտանգավոր հրավառությունների

Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից ճայթուկ վաճառելը տուգանվելու է 250 հազար դրամով։ Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում վաճառողը կտուգանվի 500 հազար դրամով։ Տուգանքը նախատեսվում է առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծով։

Նախարարությունը նախաձեռնությունը հիմնավորում  է հետևյալով․

«Հաշվի առնելով ճայթուկների օգտագործման հետևանքով երեխաների ինքնավնասման դեպքերի հիման վրա արձանագրված փաստերը` անհրաժեշտություն է առաջացել իրավական հստակ կարգավորման առարկա  դարձնել հրավառությունները, այդ թվում` ճայթուկները, դրանց վաճառքին, իրացմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև սահմանել այդ պահանջները չպահպանելու համար նախատեսված պատասխանատվություն»։

Նախագծով  նախատեսվում է կարգավորում, ըստ որի՝ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները կարող են իրականացվել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա։ Կփոփոխվեն նաև հրավառությունների արգելման ժամերը։ Հրավառություն իրականցնելը կարգելվի  երեկոյան ժամը 10-ից մինչև հաջորդ օրվա ժամը 8–ը՝ նախկին 11-ից 7–ը արգելքի փոխարեն։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ նախագիծն ու դրանում ամրագրված կարգավորումները  դիտարկենք նախ սպառողի շահերի տեսանկյունից։ Ըստ Պիպոյանի՝ խնդիրն ավելի վաղ կարելի էր կարգավորել՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, քանի որ այս տարածքում տեխնիկական   կարգավորումների փորձն առկա էր, և այն  ընդամենը պետք էր տեղայնացնել։ Ինչու դա չի արվել, ըստ նրա, արդեն համապատասխան մարմինների խնդիրն է։   Ըստ փորձագետի՝ լուծումը ոչ թե կտրուկ արգելքն է, այլ շուկայի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը։

«Պետք է վերահսկվի նախ այդ նյութերի անվտանգությունը, ապա լուծվի հարցը՝ ում են դրանք վաճառվում։ Արգելելը ամենավերջին քայլն է։  Ի վերջո,  եթե վաճառվում են, ուրեմն կա դրանց պահանջարկը»։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, վնասվածքաբան, միկրովիրաբույժ Գևորգ Ալոյանը առողջապահության նախարարության նախաձեռնությունը պաշտպանում է երկու ձեռքով։ «Ամեն տարի Ամանորի գիշերը  մենք սպասում ենք նման դեպքերի։ Հրավառվող նյութերից տուժած երեխաներին բերում են ամենատարբեր վնասվածքներով»,-ասում է բժիշկ Ալոյանը։

«Միանշանակ համաձայն եմ փոփոխություններին, անձամբ ես հաճախ առնչվում եմ։ Երեխաներին բերում են հաճախ ծանր վնասվածքներով։ Երբեմն ստիպված ենք լինում վերջույթների ամպուտացիա իրականացնել։ Ծնողներին անընդհատ հորդորում ենք՝ չտալ երեխաներին այդ ճայթուկները, բայց պատկերը միշտ նույնն է»։

Գևորգ Ալոյանի աշխատանքային պրակտիկայում  եղել է դեպք, երբ երեխան ձեռքի  գրեթե բոլոր մատերը կորցրել է։

Նախագիծը դեռ պետք է ընդունվի,  ու մինչև օրենսդրական վերջնական կարգավորումները   առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս դիմում  է ծնողներին։

«Մինչև մենք օրենսդրորեն կկարգավորենք խնդիրը, ծնողներին պարզապես խնդրում եմ՝ երեխաների համար չգնել պայթուցիկներ և, ընդհանրապես զերծ մնալ կենցաղային պայթուցիկների օգտագործումից»։

Փակ տարածքում երեխաների առղջության համար վտանգավոր են նաև հելիումով և դյուրավառ գազերով լցված փուչիկները։ Մանկաբույժ Մարի Դարակչյանը պարզաբանում է․

«Եթե երեխան փուչիկը պայթեցնում ու շնչում է, ինչը հաճախ անում են՝ ձայնը փոխելու և դրանից հաճույք ստանալու համար, դա շատ վտանգավոր է։  Այդ օդը կարող է թունավորել նրան։ Հելիումից բացի՝ մյուս գազերը ևս վտանգավոր են»։

Ամանորին փորձենք զերծ մնալ սթրեսածին հաճույքներից՝ չփչացնելով ոչ մեր, ոչ էլ ուրիշների տոնական տրամադրությունը։ Իսկ ամենակարևորը՝ չվտանգենք երեխաների կյանքն ու առողջությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button