

Գյումրիում օրը տոնական էր մշակույթի և սպորտի ներկայացուցիչների համար: Հայաստանի մշակութային և սպորտային քաղաքում նորամուտ են տոնել Գյումրիի «Անի» փողային նվագախումբն ու ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցը: 2020-ին ևս Գյումրիում դռները կբացեն մշակույթի և սպորտի օջախներ:
Գյումրիում թե՛ համաքաղաքային միջոցառման, թե՛ փողոցի, կամ՝ որևէ կառույցի բացումն ավանդույթի համաձայն ազդարարում է Գյումրիի «Անի» փողային նվագախումբը: Այս անգամ փողայինի կատարումը նվիրված է իրենց նոր հասցեի բացմանը: 30 տարի անհարմարություններ հաղթահարելով տեղակայվել են տարբեր հասցեներում, վերջապես ունեցան իրենցը:
Քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, ով երկար տարիներ ղեկավարել է մարզի մշակույթը հիշում է, թե ինչպես երկրաշարժից հետո փլատակների տակից դուրս բերած ծռմռված գործիքներով, ցնցոտիներով ու պարտքով վերցրած հագուստով մեկնել են Ֆրանսիա՝ մասնակցել միջազգային հեղինակավոր մրցույթի ու պատվով վերադարձել:


Գյումրիի փողայինն իր ելույթը պատվով են կատարում առանց մեծ սպասելիքների:
Հասմիկ Կիրակոսյան․ «Պատվոգրերը դրված են, ես ասում եմ, գոնե մի պատվոգիր մեզ տան, տանենք լենինականցիների փոքր բերանները փակենք: Ու հանկարծ. վերջացան պատվոգրերը, վերջացան բոլոր տեսակի գավաթները, մնաց միայն գրանպրին՝ մեծ մրցանակը: Մենք կանգնած ենք ապշած ենք բոլորս ու հանկարծ… ձայնը տրվում է ժյուրիի նախագահին և իրենց ֆրանսերեն ակցենտով հայտարարում է «Գղան պղի, Առմենիա, դե լա Լենինական»: Դուք պատկերացնում եք մեր հուզմունքը, մենք բոլորս լաց էինք լինում: Վերջում այնպես եղավ, որ Մարսյան դաշտում չափ տվեց Մարսելիեզը մեր Ժորան և նա իր փայտիկով ենթարկեց Հայաստանին, Լենինականին 25 երկրների փողային նվագախմբերը»:
Հասմիկ Կիրակոսյանն իր հետ բերել էր այդ գրան պրին, ինչը նոր շենքի առաջին զարդը դարձավ, և արդեն ներսում տղաները հնչեցրին նույն կատարումը ինչը առիթ էր դարձել դեռ անկախությունը չվավերացրած Հայաստանի եռագույնը առաջին անգամ ծածանելու միջազգային ասպարեզում:


Հայաստանի մշակույթի ու սպորտի մայարքաղաքի հաջորդ նորամուտը ազատ ոճի ըբշամարտի մանկապատանեկան դպրոցինն է: 8-23 տարեկան շուրջ 220 մարզիկ ունեցող դպրոցը վերջապես պայմաններ ունեցավ մարզումներ կազմակերպելու համար:
Ֆրանսիայի Քրեթեյ և Գյումրի քաղաքներն արդեն 20 տարի քույր քաղաքներ են, Քաղաքի սրտում պատմական շենքերից մեկում, որտեղ գործում է մարզադպրոցը, հիմնանորոգման համար 27 մլն դրամի ֆինանսավորման 70 տոկոս Քրեթեյինն է. 30-ը՝ Գյումրիինը:
2020թ-ը օլիմպիական տարի է Գյումրիի քաղաքապետը սպասելիքներ ունի:


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան․ «Մեծ-մեծ չխոսենք, որպես գյումրեցիներ, բայց՝ ոնց որ թե ակնկալիքներ ունենք, որովհետև ռեյտինգով ոնց որ թե օլիմպիական մասնակիցներ ունենք: Ճիշտն ասած գույնը ինձ չի հետաքրքրում այդքան, ինչքան որևէ տեղ գրավելը»:
Սամվել Բալասանյանն ավելացնում է 2020 –ին Գյումրիում սպորտային ու մշակութային օջախների նորամուտներ են նշվելու: