ԿարևորՀասարակություն

Իրակա՞ն է «Յոթ վերք» եկեղեցում բանալիով աղոթքի պատմությունը

Զորավոր աղո՞թք, թե՞ սնոտիապաշտություն։ Իրակա՞ն են արդյոք Գյումրիի եկեղեցիներից մեկում խաչի փոխարեն բանալիով աղոթք կարդալու մասին խոսակցություններն ու այդ արարողակարգի մասին ներկայացվող պատմությունները։

Հայ ծնողների ֆեյսբուքյան էջերից մեկում թեժ քննարկում է։ Հիմքում ծնողներից մեկի հարցն է, թե՝ «ո՞վ գիտի՝ Լենինականի ո՞ր եկեղեցին են տանում չխոսող երեխաներին»։ Սրանով հետաքրքրվող ծնողը լսել է՝ Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցում հատուկ արարողակարգով՝ բանալիով աղոթք են անում հատուկ չխոսող երեխաների համար։ Նրա այս հարցի տակ մեկնաբանությունների ու պատասխանների իսկական խառնաշփոթ է, իրարամերժ մոտեցումների բախում։  Արձագանքողներից ոմանք հավատում են ու վստահեցնում, որ դա իրական հիմքեր ունի, ոմանք հեգնում են, ոմանք միմյանց մեղադրում սնոտիապաշտ լինելու մեջ։ Մեջբերեմ մի քանի գրառում։

«Յոթ վերք են տանում առավոտ շուտ, բանալին մտցնում են երեխայի բերանը, պտտում, հետո դրանով եկեղեցու դռները բացում։ Դա մեծերից եկած է, չգիտեմ՝ ճի՞շտ է, թե՞ ուղղակի միֆ։ Լսել եմ՝ շատերին օգնել է»։

 «Մենք եղբորս երեխուն տարել ենք առավոտ շուտ, դեռ եկեղեցին չբացված։ Եկեղեցու բանալին բերանի մեջ պտտել են, հետո նոր միայն եկեղեցին են բացել, ու դրանից հետո երեխան սկսել է խոսել։ Չգիտեմ՝ զուգադիպե՞ց, թե՞ հավատով էինք լցված։ 4 տարեկան էր արդեն երեխան էդ ժամանակ ու չէր խոսում»։

«Կներեք, Աստված է հրաշքներ գործողը,ոչ թե քարե շինվածքը»։

«Ինչի՞, էդպիսի հատուկ եկեղեցի կա՞»։

«Տարեք Սուրբ լոգոպեդ եկեղեցի»։

«Ժողովուրդ, ես, մեղմ ասած, հավատացյալ մարդ եմ ու հայ առաքելական եկեղեցու հավատացյալ եմ, բայց էն, ինչ ասում եք, եկեղեցու անունն էլ է վարկաբեկում։ Ո՞նց կարող եք սնոտիապաշտությամբ եկեղեցի լցնել։ Աստծո՞ւն եք հավատում, Աստծու զորությա՞նն եք ապավինում։ Բա բանալին ի՞նչ կապ ունի։ Հավատքը սնահավատությամբ մի ապականեք։ Դա մաքրամաքուր կռապաշտություն է։ Բանալին չէ, որ պետք է երեխայի խոսքը բացի»։

Հեռակա քննարկումն այնքան բուռն է, թեմային հավատացողներն ու չհավատացողներն այնպես ակտիվորեն են հիմնավորում իրենց մոտեցումները, որ հարցի պատասխանը որոշում ենք գտնել տեղում՝ Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցում, որի հետ եւ կապվում են այս խոսակցությունները։ «Յոթ վերք» եկեղեցու հոգեւոր հովիվ, Տ. Շիրակ ավագ քահանա Առաքելյանին իմ հարցն ամենեւին չի զարմացնում։ Կա նման բան՝ ասում է։

«Այն ինչ ճիշտ է, ճիշտ է։ Եւ առաջին ու վերջին անգամ չէ։ Այսօր էլ մեկը եկել էր ավատոտյան շուտ այդ հավատքով։ Ասեմ՝ ինչն է հիմնական դրդող պատճառը։ Նախ Քրիստոս, երբ իր ժամանակ հրաշագործություններ էր կատարում ու բժշկում էր, հարցնում էր առաջինը՝ իսկ դու հավատո՞ւմ ես։ Եւ հետեւյալն էր ասում՝ քո հավատքի չափով քեզ լինի։ Այսինքն՝ նայած, թե մարդ արարածն Աստծուն ինչ հավատքով է մոտենում։ Եթե արդեն արմատացած է, որ «Յոթ վերքն» իր պատկերով հրաշագործ է, ուրեմն եկեղեցին կարող է այդ հրաշագործությունը կատարել։ Մնում է, թե ինչ հավատքով ես գալիս»։

Հրաշքներն ու հավատի զորությունը վիճակագրության չեն տրվում, բայց, այնուամենայնիվ, Տեր Շիրակից հետաքրքրվում եմ՝ շա՞տ են դեպքերը, երբ եկել են չխոսող երեխայի հետ ու հեռացել հրաշքի հանդեպ հավատն արդարացված։

«Առաջին դեպքը չէ։ Արդեն 40 տարի է՝ այստեղ քահանայագործում եմ, 40 տարում հազարավորներ են եկել, եւ ահագին մարդկանց ճանաչում եմ, ծնողների հետ էլ արդեն բարեկամական կապեր, զանգեր եւ այլն, որ երեխան խոսել է արդեն օրեր անց։ Այո, կարող է երեխան չխոսի էլ, որովհետեւ երեխան անմեղ է։  Այստեղ ծնողների հավատքն է՝ ուղղակի ասել են՝ «գնամ, հասնեմ Յոթ վե՞րք», թե՞ եկել են այն հավատքով, որ «Յոթ վերք»-ը դա կարող է բուժել»։

Բանալիով աղոթքի միջոցով երեխայի խոսքը բացելը սնոտիապշտություն կամ ասեկոսե կոչող խոսակցությունները քահանան մեղք է համարում։ Եթե կա հրաշք, ուրեմն սա է՝ ասում է Տեր Շիրակն ու նկատում, որ այստեղ այսպիսի խնդիրներով ու հավատքով գալիս են հիմնականում շրջաններից։ Ու այս հավատը հիմնականում հենց «Յոթ վերքի» հետ է կապվում։ Ինչ արարողություն է արվում՝ հետաքրքրվում եմ։

« Ուղղակի աղոթք, պարազապես խաչի փոխարեն՝ բանալիով։ «Յոթ վերքի» զորությունը մարմնավորված է բանալու մեջ։ Մենք գալիս ենք եկեղեցի 8։30, իսկ իրենք երեխային պետք է բերեն մինչեւ եկեղեցու բացվելը։ Ավանդույթն էդպիսին է, որ այս աղոթքը, առողջության ավետարանն ընթերցվի, որից հետո միայն բացվի եկեղեցու դուռը։ Որ ինչպես դուռը բացվեց, այնպես էլ երեխայի լեզուն բացվի։ Աղոթքն արվում է դրսում՝ զանգակատան տակ։ Իսկ վերջին աղոթքն արվում է արդեն ներսում՝ սուրբ սեղանի մոտ։ Պարտադիր չէ, որ բանալին երեխայի բերանում պտտեն, դա սիմվոլիկ մոտեցումն է»։

Յոթվերաց պատկերը, ըստ ավանդության, նկարվել է հենց Քրիստոսի առաքյալ Ղուկաս Ավետարանիչի ձեռքով, ով նաեւ բժիշկ էր։ Նաեւ այս հրաշագործ պատկերի շնորհիվ է «Յոթ վերք» եկեղեցին բացառիկ, ու առողջություն պարգեւող աղոթքն այստեղ նոր զորություն է ստանում։ Սա Տեր Շիրակին փոխանցվել է ավելի ավագ քահանաներից։

Ու մինչ քահանան հիշում է դեպքեր, երբ խաչի զորությամբ երեխայի խոսքը բացվել է, լոգոպեդ Մարիամ Պետրոսյանը փոխանցում է իր դիտարկումները՝ երեխաների մոտ խոսքի խանգարումները գնալով ավելի մտահոգիչ պատկեր են գրանցում։ Զրուցակիցս աղոթքի կարեւորությունը չի թերագնահատում, բայց միաժամանակ շեշտում է՝ եթե երեխան ունի խոսքային լուրջ խնդիր, միայն աղոթքի վրա հույս դնելը մի փոքր դժվար է։

« Խոսքային խնդրի դեպքում ցանկալի է գոնե լոգոպեդի, հոգեբանի կամ զարգացման մանկաբույժի խորհրդատվություն, որը կկարողանա ծնողին ասել՝ երեխան ինչ պոտենցիալ ունի, եւ արդյո՞ք ժամանակ ունեն սպասելու, թե՞ ոչ։ Երեխայի խոսքային խնդիրները եթե շատ երկար ժամանակ են անտեսվում, խոսքի զարգացման հապաղումը կամ խոսքի թերզարգացումն իրենց հետեւից կարմիր թելի պես քաշում են նաեւ երեխայի ընդհանուր զարգացումը»։  

Մարիամ Պետրոսյանը խոսքային խնդիրների ավելի հաճախ ի հայտ գալը կապում է թե թվային տեխնիկայով շատ զբաղվելու, թե ծնողների բազմազբաղության հետ։ Երեխաների միջեւ շփում-հաղորդակցությունը, բակային խաղերն  էլ են քչացել․ սա էլ է, ի թիվս մի շարք այլ գործոնների, բացասաբար ազդում։ Օրինաչափորեն, ըստ մասնագետի, բազմազավակ ընտանիքներում երեխաները փոքր-ինչ ավելի շուտ են խոսում, քան այն ընտանիքներում, որտեղ երեխան միակն է։

« Միայն աղոթքի վրա հույս դնելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ մենք կարող ենք բաց թողնել շատ կարեւոր ժամանակ երեխայի խոսքին նպաստելու առումով։ Կա մարդկանց մի որոշակի զանգված, որն ամեն դեպքում դեռ հույսը դնում է, էսպես ասած, հին մեթոդների, հին մոտեցման վրա։ Նաեւ կակազող երեխաների դեպքում շատ են դիմում «վախ  չափողներին» եւ կորցնում երեխայի համար թանկագին ժամանակն ու խնդիրն ավելի խորացնում»։

Գիտությունը զարգանում է, զարգանում են մասնագիտական մոտեցումները, Հայաստանում եւս լոգոպեդիան նոր արդյունքներ է գրանցում։ Սակայն միաժամանակ վիճակագրությունը խոսում է խոսքային խնդիրների ավելացման մասին։ Այս հակասության կողքին նաեւ  մյուս հակասությունն է՝ խնդիրների լուծումը փնտրել մասնագետների՞ն դիմելու, թե՞ աղոթքի զորությանն ապավինելու միջոցով։ Ընտրությունը, թերեւս, ծնողինն է, բայց մի բան անվիճելի է՝ թանկագին ժամանակը չպետք է կորցնել։

Back to top button