ԿարևորՀասարակություն

Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցը հրատարակում է «1+1» աշակերտական թերթը

Այս տարվա փետրվարից Գեղարքունիքի միջնակարգ դպրոցը հրատարակում է «1+1» աշակերտական թերթը: Այն հիմնվել է արտերկրում բնակվող գեղարքունիքցի բարերարի նախաձեռնությամբ, դպրոցի ուսուցչի և աշակերտների ուժերով: Թերթը լույս է տեսնում ամիսը մեկ` 500 օրինակով,  ծավալը՝ մեկ տպագիր մամուլ և բաժանվում է անվճար: «1+1» թերթի էջերում զետեղվում են աշակերտների գեղարվեստական ստեղծագործությունները, հոդվածները, լուրերը, լուսաբանվում է գյուղի միջնակարգ դպրոցի, համայնքի ու մարզի մարդկանց կյանքը:

«1+1». սա Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում հրատարակվող աշակերտական թերթի անվանումն է: Դպրոցի ամեն մի աշակերտ պետք է ձգտի իր եղած գիտելիքների պաշարին ամեն օր ավելացնել նորը. սա էլ  1+1 թերթի անվան խորհուրդը:

Դպրոցում թերթ  հիմնելու գաղափարով ոգևորված աշակերտներն ու նրանց ուսուցուհի Ռոզա Հակոբյանն անցնող տարվա փետրվարից ջանք ու եռանդ չեն խնայել , որ ամիսը մեկ «1+1»-ը  լույս տեսնի: Եվ ահա նրանք պատրաստվում են հրատարակման ուղարկել թերթի 10-րդ համարը: Թերթի պատասխանատու, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի եւ լրագրողական խմբի ղեկավար Ռոզա Հակոբյանը հաստատեց դպրոցականների ակտիվ մասնակցությունը թերթի կազմավորման ու զարգացման աշխատանքներին:

«Նյութերը հավաքագրում ենք լրագրության խմբի աշակերտների հետ, մշակում ենք, տեղեկությունը ճշգրտում:  Հիմնականում աշխատում է թուղթը և գրիչը: Երեխաները մեծ հաճույքով են իրենց մտքերը արտահայտում՝ նկարների, խաչբառների միջոցով: Նրանց ինտելեկտի զարգացումը ավելի է շատանում և, նկատել եմ, որ գրքի նկատմամբ սերը՝ նույնպես: Ունենք աշակերտներ, ովքեր լավ նկարում են և նրանց նկարները ևս տպագրում ենք: Այսինքն՝ արվեստը, արհեստը, գիր ու գրականությունը համատեղում ենք, դրա հետ զարգանում է նաև աշակերտների ինտելեկտը»,- ասաց թերթի պատասխանատու Ռոզա Հակոբյանը:

Աշակերտներն իրենց հոդվածներում անդրադառնում են ինչպես Գեղարքունիք գյուղի ավանդույթներին ու դպրոցի կյանքին, այնպես էլ Գեղարքունիքի մարզի առօրյային ու  անցուդարձին:

«Ունեի այնպիսի մտքեր, որոնք ուզում էի հանրայնացնել և, դրա համար էլ փորձեցի ներգրավվել թերթի աշխատանքներում, և իմ ստեղծագործությունները տպվում են այժմյան թերթում: Ուսումնասիրել եմ նաև մեր տոհմառածը, գրի առել և հանրայնացրել, որ բոլորը իմանան նախնիներիս պատմությունը»,- նշեց լրագրության խմբի աշակերտուհի Անի Կարապետյանը: Խմբի մյուս անդամ Վարդան Աբրահամյանը ևս հաճույքով է ստեղծագործում, գրում հոդվածներ և ուզում է լրագրության մասին ավելին իմանալ:
«Իմ առաջին հոդվածը, որ տպագրվել է թերթում, հայրենասիրության մասին է: Մարտունիում հանդիպեցինք ազատամարտիկ Զավենին: Նա խոսեց, թե ի՞նչ է իր համար հայրենասիրությունը, ի՞նչ գրքեր է կարդում և այլն»,- ասաց Վարդանը:

Աշակերտուհի Աննա Գևորգյանի ծաղրանկարներն էլ համահունչ են լինում թերթի տվյալ համարի բովանդակությանը: Այս անգամ թեման Ամանորն է: Նկարչուհին փորձել է պատկերել մարդկանց՝ տոնի վերաբերյալ ունեցած ընկալումը. տոնական սեղաններ,  համեմատություն, բազմազան ուտեստներով մեկը մյուսին զարմացնելու ձևավորված սովորույթ:

«Ծաղրանկարների միջոցով մենք ցույց ենք տալիս սոցիալական և կենցաղային տարբեր իրավիճակներ, որոնցում մարդը վատնում է և իր ժամանակը, և իր միջոցները: Այդպիսով, կարելի է ասել՝ մեր ծաղրանկարները ունեն նաև դաստիարակչական բնույթ»,- ասաց Աննա Գևորգյանը:

Լրագրության խմբի պատասխանատու Ռոզա Հակոբյանը նշեց, որ լույս տեսած թերթը բնակիչներին բաժանում են դպրոցի բոլոր աշակերտները: Լինում են դեպքեր,  երբ երեխաները մեծահասակների համար նույնիսկ  բարձրաձայն կարդում են: Թերթից օրինակներ են ուղարկվում նաև արտերկրում բնակվող համագյուղացիներին: Հենց Ռուսաստանում ապրող համագյուղացիներից մեկն էլ այս ամենի հովանավորն է ու աջակիցը: Գործարար Մարտին Թովմասյանն իր անձնական միջոցներով հիմնել է պատանի լրագրողների այս խմբագրությունը, սենյակը հագեցրել համակարգիչներով, անհրաժեշտ գույքով, սարքավորումներով ու այլ նյութերով: Մարտինը սովորել է այս նույն դպրոցում, իսկ թերթ հիմնելու գաղափարը, ըստ նրա , գալիս է տարիքից և ամեն մեկը պետք է իր պարտքը վերադարձնի բնօրրանին:

«Այս գաղափարի նպատակն այն է, որ պահպանենք մեր ինքնությունը. չունենալով ինքնություն, մարդը կորցնում է գոյատևելու հիմքերը և  գոյատևելու իրավունք չունի նա, ով չունի ինքնություն»,- ասաց թերթի գլխավոր խմբագիր, հովանավոր Մարտին Թովմասյանը: Ըստ նրա՝ գեղարքունիքցի երեխաները տարեցտարի նոր գիտելիքներով դուրս կգան գյուղի նեղ սահմաններից և այդ կերպ  օրինակ կծառայեն հասակակից մյուս երեխաների համար:
«Ցանկացած բարեգործություն աստվածահաճո է, որոնցից մեկը այս գործն է և, ես մեծ կարևորություն եմ տալիս մեր դպրոցի այս «1+1» թերթին, որը կարծես թե մեր փոքրիկ գյուղը ճանաչելի դարձրեց մեր մարզում և տարածաշրջանում: Բոլորը հետաքրքրված են՝ այսպիսի փոքր գյուղում, որ կա այսպիսի թերթ»- ասաց դպրոցի տնօրեն Գոհար Բադալյանը: 

«1+1» թերթի պատանի լրագրողների պրակտիկ ուսուցման գործում օժանդակություն է ցուցաբերում  «Գեղամա աշխարհ» մարզային թերթը: Պատանի լրագրողներն այցելել են նաև «Առավոտ» թերթի խմբագրություն՝ իրենց համար գտնելով մի շարք ինչուների պատասխաններ: 2020թ.-ի հունվարից թերթը կլինի նաև ինտերնետ տիրույթում՝ «1 և 1» անունը կրող  կայքէջում: Մշտապես հայտարարվելու են տարատեսակ մրցույթներ՝ «1+1» թերթի առանցքի շուրջ մարզի դպրոցականներին համախմբելու նպատակով:

Back to top button