Սեւանա լճում կխստացվեն ապօրինի ձկնորսության դեմ պայքարի միջոցառումները


Դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 20-ը Սեւանա լճում կխստացվեն ապօրինի ձկնորսության դեմ պայքարի միջոցառումները: Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ հրապարակվել է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների խստացման համատեղ ծրագիրը՝ ձվադրման շրջանում սիգ ձկնատեսակի բնական վերարտադրություն ապահովելու նպատակով:
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում՝ նվիրված Սեւանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարի խստացմանը: Հանդիպմանը մասնակցեցին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, Ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, «Սեւան ազգային պարկ»-ի նորանշանակ տնօրեն Վարդան Վարդանյանը, ՊԵԿ ներկայացուցիչը, համայնքների ղեկավարներ, ձկնորսներ: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:


«Այս տարի ձկնորսության դեմ պայքարի միջոցառումներին մասնակցելու է նաև ՊԵԿ-ը՝ հաշվի առնելով փողոցներում ձկան վաճառքը: Փորձում ենք երկուստեք փոխհամաձայնության գալ, ձկնորսներին հստակ ասել պետության դիրքորոշումը և այս ժամանակահատվածում լճում բացառել ձկնորսությունը: Ցանկալի է մեր ձկնորսների հետ պայմանավորվածության արդյունքում հասնենք նրան, որ իրենք այս ժամանակահատվածում լիճ չմտնեն, ձուկ չորսեն և նաև իրենք իրավական գործընթացներով չանցնեն՝ և իրենք չտուժեն, և լիճը չտուժի»,- ասաց մարզպետ Գնել Սանոսյանը:


Ժամկետը հստակ է. դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 20-ը Սևանա լճում բացառվելու են բոլոր որսացանցերը եւ լողամիջոցները, հսկողություն է սահմանվում լիճ տանող ճանապարհներին, շուկաներում, մայրուղիներում, բնակավայրերում՝ սիգ ձկնատեսակի բնական վերարտադրություն ապահովելու նպատակով: Կարծիք կա, որ այս տարի ապօրինի ձկնորսության դեմ պայքարի խստացման միջոցառումները ուշ մեկնարկեցին: Պարզվում է՝ տաք եղանակի պատճառով, ձկան ձվադրոման շրջանը ևս կուշանա:


«Գլխավոր ձվադրման գործընթացը դեռ չի սկսվել և հիմնականում կլինի հունվարի սկզբին, ուստի ընտրվել է դեկտեմբերի 25-ից հունվարի 20 ժամանակահատվածը», — նշեց Գնել Սանոսյանը:


Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ներկայացրեց Շրջակա միջավայր նախարարության, Ոստիկանության, բնապահպանական տեսչական մարմնի, Պետական եկամուտների կոմիտեի եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից վավերացված համատեղ միջոցառումների ծրագիրը ՝ կապված Սեւանա լճում ձկնորսության արգելքի միջոցառումների խստացման հետ: Նրա խոսքերով, այս արգելքի խստացումը սահմանվել է, որպեսզի չվտանգվի սիգ ձկնատեսակի ձվադրության շրջանը, եւ ձկնորսներն առաջիկա տարիների համար եւս որսի պաշարներ ունենան:
«Կարծում եմ, որ մենք կաշխատենք փոխըմբռնման եւ փոխհամագործակցության պայմաններում, որպեսզի ոչ մի կերպ Սեւանա լճում չվտանգվի սիգի ձվադրության շրջանը: Օրինախախտման ամեն դեպք ունենալու է իր հետեւանքները, ուստի կոչ ենք անում՝ զերծ մնալ ապօրինի քայլերից եւ հարգել միջոցառումների խստացման բոլոր պահանջները»,-ասաց Վարդան Մելիքյանը:


Գեղարքունիքի մարզպետն անդրադարձավ նաև Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության կանոնակարգման եւ ապօրինի ձկնորսությամբ զբաղվողներին օրենքի դաշտ բերելու հետագա քայլերին: Նոյեմբեր ամսին կառավարությունը արդյունագործական ձկնորսության կարգի վերաբերյալ որոշում է ընդունել: Ըստ մարզպետի սա ձեռքբերում է, սակայն այս ոլորտում դեռ օրենսդրական կարգավորումները պետք է շարունակվեն, քանի որ գիտական մարմնի տված թվերի և իրականում ձկնորսների կողմից լճից դուրս բերված ձկան քանակի միջև հակասություն է առաջանում:


«1-ինը ցանցավանդակի չափն է, որը կարգավորելու միջոցով մենք կկարգավորենք որսվող ձկան չափը, ինչը շատ կարևոր է և 2-րդը՝ ժամկետը: Այսինքն՝ պետությունը ձկնորսին պետք է ասի՝ ե՞րբ ձուկ որսի, և ի՞նչ չափի ձուկ որսի: Եթե այս երկուսը մենք կարգավորենք, Սևանա լճում, հատկապես սիգ ձկան, որևէ վտանգ չի պառնա և հիմա հեռանկարում գնում ենք այդ ուղղությամբ»,- ասաց մարզպետ Գնել Սանոսյանը:
Հանդիպմանը մասնակից ձկնորսները խոստացան սահմանված ժամկետներում ապօրինի ձկնորսություն չիրականացնել եւ ամեն կերպ աջակցել խստացման ռեժիմի պահպանմանը: