ԿարևորՔաղաքական

«Հոկտեմբերի 27»–ի գործի վերաբացման հետքերով

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրերս բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի դիմումը։

Սա նշանակում է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով գործի քննությունը վերսկսվելու է։ Ի՞նչ է սա նշանակում եւ ի՞նչ զարգացումներ այն կարող է ունենալ։ Այստեղ հետաքրքրականն այն է, որ գործի վերաբացման առումով տուժողների իրավահաջորդները  տարբեր մոտեցումներ ունեն։

«Հոկտեմբերի 27»–ի ոճրագործության հետ կապված գոյություն ունի 2 քրեական գործ։ Մեկով՝ անմիջական իրականացնողների մասով, դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: ԱԺ վրա կատարած հարձակման արդյունքում 8 անձ սպանած, 8–ին վիրավորած եւ 91–ին գերեվարած հանցախմբի 6 անձ, այդ թվում Նաիրի Հունանյանը դատապարտվեց ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:

Երկրորդ քրեական գործը ընդհանուրից առանձնացվեց 2000 թվականին՝ պարզելու՝ արդյո՞ք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ կամ հնարավոր կազմակերպիչներ: Գլխավոր դատախազությունն այդ գործը կարճեց 2004 թվականին՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։ Տուժող կողմը երկու գործի հետ կապված էլ մշտապես ունեցել է վերապահումներ եւ դժգոհություններ։ Անգամ չհասցրեցին լսել բոլոր վկաներին` ասում էին։ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը մշտապես խոսել է անջատված մասով գործի կարճման հարցում դատախազության թույլ տված խախտումների մասին։

 «Անջատված մասը չպետք է կարճվեր։ Կարճվել է, որ մոռացվի։ Քրեական դատավարության օրենսգրքի 262 հոդվածը, եթե չեմ սխալվում, հստակ սահմանում է, թե քննիչը կարճելուց հետո ինչ պետք է անի։ Անմիջապես, պատշաճ ծանուցմամբ տեղյակ է պահում սրան, սրան, սրան, տուժողներին կամ նրանց ներկայացուցչին։ 7 օրվա ժամկետ է տրվում այդ դեպքում, որպեսզի մարդիկ կարողանան բողոքարկեն։ Սա է։ Բայց մենք անջատված մասի կարճման մասին իմանում ենք մամուլից։ Քրեական գործի կարճման որոշումը մենք չենք ստացել։ Այդտեղ արդեն խնդիր է առաջանում։ Ես չպետք է զանգեմ ուզեմ, չկա այդպիսի բան։ Օրենքն ասում է դատախազությունն անմիջապես պատշաճ ծանուցմամբ պետք է ուղարկի»։

Օրենքում գրվածին հետեւել չցանկացավ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։ Դեկտեմբերի 18-ին նա դիմեց Գլխավոր դատախազություն։ Պահանջեց եւ ստացավ ինչպես կարճման որոշումը, այնպես էլ՝ գործի նյութերը՝ 57 հատոր։ Բողոքեց գործի կարճման դեմ եւ պահանջեց նոր քննություն, ինչը դատախազությունն այս անգամ բավարարեց։ Սա նշանակում է, որ «Հոկտեմբերի 27»- ի գործից անջատված՝ կազմակերպիչների մասով քննությունը վերսկսվում է։ Անահիտ Բախշյան․

«Ոչ միայն ակնկալում եմ, այլեւ դիմում եմ պահանջելով, որովհետեւ այս ոճրագործությունը պետության դեմ էր ուղղված։ Ես այնտեղ ոչ առաջին տուժողն եմ։ Առաջին տուժողը պետությունն է եւ իշխանությունը պետք է շահագրգռված լինի իր շահերը պաշտպանել։ Ես ուզում եմ տեսնել իշխանություն՝ ի դեմս հեղափոխությունից հետո եկած իշխանության, որը տեր է կանգնելու պետական շահին, պաշտպանելու է պետության շահը։ Պաշտպանելու է ցանկացած ահաբեկչությունից եւ ցանկացած էն տականքից, որի մտքով անցնելու է ահաբեկչությամբ ինչ- որ իշխանափոխություն անել երկրում»։

Գործի վերաբացման հեռանկարին զգուշավոր է մոտենում Արամ Սարգսյանը՝ հոկտեմբերի 27–ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Թեեւ նրա համար դեռ շատ բացեր կան, բայց նա նաեւ պատկերացնում է, թե ինչ մանիպուլյացիներ կարող են սկսվել, ասենք՝ հենց Հունանյանի կամ քաղաքական տարբեր շրջանակների կողմից։ Ամեն դեպքում` Վազգեն Սարգսյանի եղբայրը արդեն հայտարարել է, որ  Անահիտ Բախշյանին աջակցելու է՝ ինչով կարող է, բայց շարունակում է անհանգստանալ՝ այնպես չստացվի, որ գործին քաղաքական երանգ տրվի։ Այս փուլում Արամ Սարգսյանը չի վստահում դատական համակարգին։

«Այնպիսի իրավիճակ է, որ քաղաքական գործընթացներին հետեւում է նաեւ գլխավոր հանցագործը, ենթադրություններ, եզրակացություններ է անում, կարող է եւ տարբեր վարկածներ մտածել իր համար, որը շահեկան կլինի իրեն, որ իր հանդեպ գուցե մեղմ վերաբերմունք ձեւավորվի կամ որեւէ գործարք արվի եւ այլն։ Ամենայն հավանականությամբ, նման հանցագործության գնացած ստահակը ամեն ինչի ունակ է, եւ ես չեմ բացառում, որ հիմա ինքը իմանալով, որ իր կողքի խցում է նստած Ռոբերտ Քոչարյանը, փորձի օգտվել նաեւ դրանից եւ որոշակի բաներ ասի, ինչը կարող է եւ ճշմարտություն է, կարող է ասվում է նրա համար, որով կփորձի որոշակի շահեկան իրավիճակի մեջ հայտնվել։ Հոկտեմբերի 27–ի նման բարդ դատավարությունները պետք է տեղի ունենան այնպիսի ժամանակաշրջաններում, երբ ամբողջությամբ դատաիրավական համակարգը կունենա հանրային լուրջ վստահություն, երբ պետությունն իսկապես ուժեղացած կլինի»։

Դեռ գործի քննության եւ դատաքննության ժամանակ տուժողներն արդեն ականատեսն էին, թե ինչպես է փոփոխվել գործով հիմնական մեղադրյալի ցուցմունքները։ Գիտակցելով հանդերձ այս բոլոր խնդիրները` Դեմիրճյանների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը կողմ է գործի վերաբացմանը․

 «Չլինի հանկարծ նորից ինչ- որ քաղաքական նկատառումներով այս անգամ էլ օգտագործեն Հոկտեմբերի 27–ը։ Այդպես չի կարելի։ Առաջինը՝ թույլ չենք տա, որովհետեւ այնպես չի, որ տուժողների իրավահաջորդները անգործ նստած են։ Վերջին հաշվով դա ցավ է։  Ոգեւորություն է, երբ տեսնում ես, որ ուզում են իրոք բացահայտեն, բայց հետո, երբ տեսնում ես, որ բացահայտումը կարող է շեղվի ուրիշ նպատակներով, դա արդեն կրկնակի ցավ է։ Նորից վերապրել այս ամեն ինչը։ Դրա համար այստեղ պետք է շատ զգույշ լինել եւ այս գործը շատ հմուտ արհեստավարժ քննիչների միջոցով հնարավոր է գոնե Հայաստանում տեղի ունեցածը, գոնե Հայաստանի մասով այդ անփութությունը, անգործությունը  մի հատ պարզենք, տեսնենք՝ ոնց է եղել»։  

Այս գործով մնացած զարգացումներն արդեն տեղի կունենան հաջորդ տարի։ Դեմիրճյանների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը նշում է նաեւ մեկ այլ  ժամկետ։ 2001- ին նա ստորագրություն էր տվել փաստաթղթերում առկա մի անուն չհրապարակելու մասին։ 20 տարին լրանալուն պես նա ազատ է այդ անունը հրապարակել՝ ժամկետը լրանում է 2021- ին։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում փաստաբանն ակնարկել է, որ այս գործում ոչ պակաս դերակատարություն ունեցող մարդ է եղել, որը հանդիսացել է ԱԱԾ գործակալ։

Back to top button