ԿարևորՏնտեսական

Հիմքերը գցված են, արդյունքները չեն ուշանա. բարձր տեխնոլոգիաների ոլորտում 2019-ը դրական էր

2019 թվականը դրական են գնահատում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները։ Այս տարի հատկապես կարեւորվում է նրանով, որ Համաշխարհային համաժողովն անցկացվեց Հայաստանում, իսկ դրանից բխող գործնական արդյունքները տեսանելի կլինեն նաեւ առաջիկա տարիներին։

Ոլորտի արդյունքներն ամփոփելիս մասնագետներն առանձնացնում են նաեւ այն հանգամանքը, որ պետությունն ըստ էության հստակեցրեց ոլորտի հետ կապված իր քաղաքականությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծմամբ ու դրանից բխող ռազմավարության մշակմամբ։ Այս հանգամանքը առանձնացնում են հատկապես Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության պատասխանատուները։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2019-ին իրականացրել է տասնյակ ծրագրեր՝ ուղղված Հայաստանի գիտակրթական, գործարար և ռազմարդյունաբերության ոլորտների աջակցմանը: 2019-ի հավակնոտ ու լայնամասշտաբ ծրագրերը մեզ հետ զրույցում ամփոփեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:  Խոսելով ԱՏՁՄ-ի գործունեության ռազմավարական ուղղությունների մասին՝  նա առանձնացրեց կրթության ոլորտում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը։

2019-ին Միությունն ընդլայնել է իր գործունեության ոլորտը՝ ներառելով առաջատար տեխնոլոգիաների ոլորտը: ԱՏՁՄ-ին այժմ անդամակցում են ոչ միայն տեխնոլոգիական, այլև տնտեսության այլ ոլորտների ընկերություններ, իսկ Միության աշխատանքները ուղղված են տարբեր ոլորտների շահերի պաշտպանությանն ու աջակցմանը: Միությանն այս պահին անդամակցում են ավելի քան 80 ընկերություն: Ոլորտի փորձագետները համոզված են, որ հեռանկարներն առավել մեծանում են, երբ ի վերջո ստեղծվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Նախարար Հակոբ Արշակյանը վստահեցնում է՝ պետության աջակցությունը ոլորտին շարունակական է լինելու։

Կարեւոր ձեռքբերումներից մեկը ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումն է՝ Դիջիթեք Էքսպոն։ Այս տարի այն հոբելյանական էր՝ 15-րդը։

Տարվա առանցքային միջոցառումն իր գործնական հեռանկարներով Երեւանում անցկացված  «ՏՏ համաշխարհային համաժողով»-ն էր՝ WCIT 2019-ը։ Այն Հայաստանում անցկացվեց 2019 թ. հոկտեմբերի 6-9-ը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:  

Միությունը WCIT 2019 -ը Հայաստանում անցկացնելու համար աշխատանքներ էր  տարել սկսած 2014 թվականից: Միության անդամները 2018-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում մասնակցեցին WCIT-ին և վերադարձան Հայաստանում անցկացնելու էստաֆետով: Համաժողովի երեք օրերը Հայաստանը դարձրին իսկապես համաշխարհային կենտրոն, սպասումներն արդարացան լիովին՝ ասում է ԱՏՁ միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Միջազգային համաժողովից գործնական արդյունքներ սպասվում են արդեն գալիք տարում։ Ալեքսանդր Եսայանի փոխանցմամբ՝ համաժողովի հեղինակավոր մասնակից-բանախոսների հետ մշտապես կապի մեջ են, ոմանք էլ նամակներ են ուղարկել, որ ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում։    

Ցուցադրել ավելի
Back to top button