Հանցագործության դեմ պայքարի միջոց է ոչ թե պատիժը` այլ բարքերի և կրթության բարելավումը


Դեկտեմբերի 24-25-ին «Իրավախախտում կատարած անձանց 2019 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում պահվող շուրջ 167 ազատազրկված անձինք, որոնց մեջ կան նաև օտարերկրացիներ` «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացել են հավաստագրեր և վկայագրեր, իսկ անչափահաս դատապարտյալները և կալանավորված անձինք, ովքեր իրացնում են իրենց կրթության իրավունքը` Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության կողմից ստացել են ամանորյա նվերներ` գրքեր` ըստ իրենց նախասիրության:
Անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացման դասերի մեկնարկը տրվել է 2019 թվականի փետրվարի 1-ին այս ընթացքում դատապարտյալները և կալանավորված անձինք ուսումնասիրել են բիզնես գրագիտություն, հայոց լեզու և գրականություն, անգլերեն, համակարգչային հմտություններ, դեկորատիվ կիրառական արվեստ (վիտրաժ, գծանկար, բատիկա, մանրանկարչություն զարդակիրառական արվեստ, խեցեգործություն) առարկաները:
ՔԿՀ-ում վերասոցիալականացման և հանրակրթություն ծրագիրը կրում է շարունակական բնույթ, ծրագրերի նպատակն է. կրթության միջոցով փոխել անազատության մեջ հայտնված անձանց վարքը, արժեհամակարգը, մտածողությունը և հասարակական նորմերի ընդունումը:
Հաջորդ տարի «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրերի շրջանակում նախատեսում է իրականացնել նոր խմբերի համալրում` կապված դասերի և առարկաների կարիքների պահանջից: Նախատեսվում է նաև ՀՀ արդարադատության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների կողմից քննարկել 19 տարեկանից բարձր իրավախախտում կատարած անձանց հանրակրթական ծրագիր անցնելու իրավունքը: