Գյումրիում «Երիտասարդների տուն» ծրագրի արդյունքներից գոհ են


Գյումրիի կենտրոնական հրապարակում այսօր ժամը 17-ին կմեկնարկի Սուրբ ծննդյան տոնավաճառը, կամ՝ Christmas Bazaar-ը: Գյումրու արվեստներից, արհեստներից մինչև նորարար լուծումներն ու տեխնոլոգիական թռիչքը, ինչպես նաև տաք թեյն ու սուրճը դեկտեմբերի 26-31-ը , ամեն օր՝ 17:00-21:00-ը նոր աշխուժություն կբերեն քաղաքին: Մինչ այդ՝ օրերս Գյումրիում երիտասարդների ու պատանիների նախաձեռնությամբ արդեն հաջողությամբ անցկացվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառ: «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի մասին է պատմում «Ռադիոլուրի» ռեպորտաժը:
Երիտասարդական օրհներգ, քաղաքականություն, միջազգային կապեր ու հավակնոտ ծրագրեր. «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը տարին ամփոփում է հաշվետվությամբ ու ամանորյա տոնավաճառով, Եվրամիության աջակցությամբ հիմնադրված «Երիտասարդների տուն» երիտասարդական կենտրոնում: Բակում՝ տոնավառի սեղանիկներին, երիտասարդներն իրենց ձեռքի աշխատաններն էին ներկայացնում. բնական թելերից հյուսված տոնածառեր, եթերայուղերով պատրաստված օճառներ, փայտյա մոմակալներ, մոմեր և ամանորյա գեղեցիկ զարդարանքներ:


Ներսում տարվա ձեռքբերումները «Երիտասարդների տան» համակարգող Գայանե Առաքելյանն է ներկայացում հյուրերին. «Մեզ համար շատ կարևոր է, երբ մեր պատանիները որոշ ժամանակ այցելելով մեր կենտրոն, այնքան են ներգրավվում կենտրոնի աշխատանքներին, որ հմտություններ են ձեռք բերում և արդեն սեփական նախաձեռնությամբ հանդես գալիս: 15 նախաձեռնություն է եղել ու աջակցություն ստացել մեր կողմից, երիտասարդների ընդհանուր թիվը՝ 102»:


Երիտասարդության հարցերի ոլորտում 10 տարվա աշխատանքային հաջողված փորձ ունեցող «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի երիտասարդ ղեկավար Արթուր Նաջարյանն արդեն մեկամյա «Երիտասարդների տուն» ծրագրի արդյուններից գոհ է. «Կենտրոնի հիմնական նպատակը թաղային երիտասարդական աշխատանքի միջոցով 13-18 տարեկան երեկաների զարգացմանն ուղղված հստակ ծրագրեր իրականացնելն էր, և կարող եմ ասել , որ մեծ հաջողություն է գրանցել, 2019 թ.ին շուրջ 295 պատանի կարողացել են առօրյա ծառայություններից օգտվել և յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվել» :


Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների հետ: Ամեն տարի օտարերկրացի շատ երիտասարդներ են ընդունում իրենց հարկի տակ և միաժամանակ մեծ թվով հայ երիտասարդների էլ հնարավորություն ընձեռում կարճաժամկետ և երկարաժամկետ վերապատրաստման ծրագրերի մասնակցելու եվրոպական միության անդամ 28 երկում: 2020-ին բախտը կժպտա ավելի մեծ թվով երիտասարդների. «Հուսով ենք, որ մինչև 500 հոգի կհասնի, այդքան մարդ կկարողանա դրսում վերապատրաստվել»:


2020-ի ծրագրերն ավելի շատ են. «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի նախաձեռնությամբ նոր տարում առաջին նմանատիպ «Երիտասարդների տունը» կհիմնվի Սպիտակում, նոր տարվա առաջին ամսին: Այն կլինի ներառական: Երիտասարդների տներ հիմնելու մտադրություն կա նաև Գյումրիի 2 այլ թաղերում, որտեղ մեծ թվով տնակներ և սոցիալապես խոցելի խմբի պատանիներ կան:
2020-ին նաև կզարգացնեն սոցիալական ձեռնարկատիրությունը: Կենտրոնի սաներն իրենց ձեռքով բնական հումքով ինքնատիպ օճառներ են պատրաստում, բաղադրատոմսն էլ էստոնացի գործընկերն է ասել, ով էստոնիայում հայտնի օճառագործի դուստր է, բայց՝ պայմանով, որ տեխնոլագիան գաղտնիք կմնա և կկիրառվի միայն կենտրոնի սաների կողմից. «Սրա բացառիկությունը նրանում է, որ ամբողջապես բնական հումքից է պատրաստված, եթերայուղեր ունի իր մեջ, որոնք օգնում են ավելի թարմ և երիտասարդ տեսք ունենալ, մի մասն էլ պատրաստված է ծովի աղից»:


Կենտրոնի սաների պատրաստած բացառիկ օճառներից նաև հյուրերին նվիրեցին: Ասում են՝ ի տարբերություն մեր երկրի, եվրոպայում ընդունված է օճառ նվիրելը. «Հայկական իրականության մեջ մենք գիտենք, որ օճառ նվիրելը բացասական երևույթների հետ են կապում, սակայն եվրոպայում սա միանգամայն այլ իմաստ ունի, խոսում է մաքրության, սիրո, կրքի մասին»:
Արթուր Նաջարյանը կարծում է, որ Հայաստանում էլ շուտով կկոտրվեն կարծրատիպերը և որպես գեղեցիկ նվեր մեր հայրենակիցներն էլ միմյանց օճառներ կնվիրեն, հատկապես՝ իրենց կենտրոնի սաների պատրաստած բազմերանգ օճառները: