Քաղաքացիները օնլայն տեղեկություն կստանան Երևանում տրվող շինթույլտվությունների մասին


Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքացիներն օնլայն տեղեկություն կստանան Երեւանում տրվող շինթույլտվությունների մասին:
«Շուտով քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքում հնարավոր կլինի առանձին բաժնում քարտեզագրված տեսնել քաղաքապետարանի տրամադրած բոլոր շինթույլտվությունները և գործընթացի՝ տվյալ պահին առկա կարգավիճակը:
Բաժնում կլինի կառուցապատման նկարագիրը՝ հասցեն, ծավալները, հարկայնությունը, արտաքին տեսքը, կառուցապատողի կոնտակտային տվյալները եւ այլ տեղեկատվություն:
Ավագանու այսօրվա նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս գործիքը քաղաքացիներին հնարավորություն կտա նաև ապօրինի կառուցապատման կասկածի դեպքում Թեժ գիծ զանգելուց առաջ ստուգել կառուցապատման օրինականությունը:
Բացի սրանից՝ բնակարան կամ այլ նորակառույց տարածք ձեռք բերելու ցանկություն ունեցողները կարող են ստուգել, թե որքանով է արժանահավատ այս կամ այն կազմակերպության՝ բնակարանային համալիրների վաճառքի առաջարկը, (որովհետև քիչ չեն դեպքերը, երբ համացանցում բնակարանների վաճառքի գովազդ տարածող կազմակերպությունը շինթույլտվություն կամ չունի»,- նշված է գրառման մեջ: