ԿարևորՄիջազգային

Վրաստանի՝ թուրք–ադրբեջանական «էքսպանսիայի» վտանգները Հայաստանի համար

Թուրքիան 100 միլիոն թուրքական լիրայի՝ շուրջ 17 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի Վրաստանի պաշտպանության նախարարությանը՝ բանակի բարեփոխումների համար: Գումարը հատկացվելու է դրամաշնորհի տեսքով։ Համաձայնագիրը, որը ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարների՝  

Թուրքիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, նախատեսում է նաև, որ առաջիկա տարիներին երկու երկրները կխորացնեն կապերը ռազմական ու ֆինանսական համագործակցության ոլորտներում:

Հանդիպմանը Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն Է հայտնել թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար, ինչպես նաեւ ընդգծել Է Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացում:

Բանակցությունների ընթացքում պաշտոնյաները քննարկել են պաշտպանության ոլորտում վրաց-թուրքական համագործակցության խորացման ուղիները, ինչպես նաեւ Ադրբեջանի մասնակցությամբ համագործակցությունը եռաչափ ձեւաչափով:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը արտառոց որևէ բան չի տեսնում թուրքական վարկի մեջ՝ նշելով, որ գումարն էլ այդքան մեծ չէ, բացի դրանից՝ համագործակցությունը տասնամյակի պատմություն ունի։

 «Թուրքիան դա անում է Վրաստանն իր ուշադրության կենտրոնում և ազդեցության  գոտում պահելու համար։ Վրաստանը շատ կարևոր երկիր է Թուրքիայի համար»,– նշում է թուրքագետը՝ անդրադառնալով  թուրք–վրացական, նաև ավելի լայն՝ թուրք–ադրբեջանա– վրացական եռակողմ համագործակցությանը և դրա՝ մեզ համար առկա վտանգներին։

 «Թուրքիայի և Վրաստանի հարաբերությունների մերձեցման մեջ որոշակի վտանգներ կան Հայասանի համար։ Մենք գիտենք, որ Թուրքիան շատ լուրջ տնտեսական ներկայություն ունի Վրաստանում և շարունակում է մեծացնել իր  ազդեցությունը՝ հատկապես Աջարիայի շրջանում։ Կարելի է ասել նաև, որ Թուրքիան վաղուց «աչք ունի» Աջարիայի, Բաթումի նավահանգստի վրա, և դա որոշակի զգոնություն է հաղորդում Վրաստանի իշխանություններին։ Ասում են, որ  մոսկովյան այցի ժամանակ Էրդողանն անգամ հարցրել է Պուտինին՝  արդյո՞ք վերջինը  պատրաստվում է գրավել Վրաստանի մի մասը, և առաջարկել է այդ դեպքում Աջարիան թողնել Թուրքիային»,– ասում է Գաբրիելյանը՝ չբացառելով, որ իրականում այդպիսի հարց Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները քննարկած լինեն։

Էրդողանը հաջորդ տարի նախատեսում է այցելել Վրաստան։ Լուրը մի քանի օր առաջ հայտնել էր Թուրքիայում Վրաստանի դեսպանը՝ նշելով, որ Թուրքիայի նախագահը Թբիլիսի հնարավոր է մեկնի մայիսին։  Օրակագային, ըստ Հայկ Գաբրիելյանի, լինելու է նաև  թուրք մեսխեթցիների վերաբնակցեման հարցը։

«Դա իսկապես բավականին ռիսկային է մեզ համար, քանի որ Էրդողանը թուրք մեսխեթցիներին, որոնց  նա, ի դեպ, աշխարհի տարբեր երկներից է հավաքագրել և բնակեցրել Արևմտյան Հայաստանի տարածքում, հիմա ցանկանում է վերաբնակեցնել Ջավախքում։ Սա նույնպես զգալի ռիսկեր կստեղծի թե ջավախահայության, թե ընդհանրապես Հայաստանի համար՝ հյուսիսիսից  թյուրքական օղակ կամ միջանցք ձևավորելու առումով։ Նկատի ունեմ ինչպես թուրք մեսխեթցիներին, այնպես էլ Մառնեուլի ադրբեջանցիներին։  Այնպես որ, մենք պետք է շատ լուրջ հետևենք Վրաստանի և Թուրքիայի հարաբերություններին՝ հասկանալով, որ Վրաստանը որոշակիորեն հայտնվել է Ադրբեջանի և Թուրքիայի փոխհարաբերություններում՝ վերածվելով նրանց միջև տրանսպորտային միջանցքի, ինչը հնարավոություն է տալիս մեծացնել այդ երկրների ներկայությունը Վրաստանում»։

Թուրքագետը չի կարծում, որ Երևանն այս գործընթացների վրա ներազդելու մեծ հնարավորություն ունի՝ բացառությամբ թուրք մեսխեթցիների հարցի, որը  չափազանց վտանգավոր է և Ջավախքում հնարավոր բախումներով հղի իրավիճակ կարող է ստեղծել։

Նրա խոսքով, Թբիլիսիի հնարավորությունները սահմանափակ են թուրք–ադրբեջանական կողմի գործողություններին դիմակայելու տեսանկյունից, և այս հանգամանքը Երևանում հաշվի են առնում։

Back to top button