ԿարևորՀասարակություն

Նախընտրանքը՝ այլընտրանքային ջեռուցումն է

Բնական գազ չունեցող Սյունիքի մարզի համայնքներում անտառը չհատելու, բայց նաև չմրսելու նպատակով՝  նախատեսում են մարզում  հիմնել բրիկետների և դրանց այրման համար հատուկ տեխնոլոգիաներով պատրաստվող վառարանների արտադրություն: Այս մասին տեղեկացրել է  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Առաջարկվում է նաև օգտագործել արևային էներգիան:

Տաք ձմեռը կարծես  փոքր ինչ մեղմել է Սյունիքի մարզի բարձրադիր բնակավայրերում ապրող մարդկանց հոգսերը: Այստեղ ցուրտն ավելի շուտ է թակում մարդկանց դռները և սեպտեմբերի կեսից արդեն վառում են  վառարանները, վառելանյութն էլ փայտն է, սակայն այս տարի անտառի կողքին ապրող բնակիչները չեն կարող օգտվել փայտից, նրանց թույլատրվում է կտրոնով ձեռք բերել 8 խմ թափուկ: Լիճք գյուղի վարչական ղեկավար Հովիկ Միրզոյանը նեղսրտում է այս հանգամանքից.

«Շրջակայքը բոլորն անտառ է, մենք չենք կարողանում վառելափայտ ձեռք բերել: Այստեղ չկա ոչ մի բիզնես, չկա ոչ մի ծառատեսակ, որն օգտագործվի, որպես շինանյութ: Նպատակը միայն տաքանալն է, բայց քաղաքացին չի կարողնաում օգտվել: Տաշտունը 2000 մ բարձրության վրա է, Լիճքը՝ 1800մ: ճանապարհ էլ չկա, որպեսզի թափուկը հավաքես, բերես»:

Լիճքի վարչական ղեկավարը նշում է, որ միշտ օգտվել են իրենք հողամասերի շրջակա տարածքներից և հեշտությամբ են լուծել վառելիքի հարցը: Անտառից վառելանյութ ձեռք բերելու դժվարություններից է խոսում նաև հարակից Տաշտուն բնակավայրի վարչական ղեկավար Հենրիկ Գաբրիելյանը.

«Ամենաբարդը մեր այս բարձրադիր գյուղերն են՝ Լիճքն ու Տաշտունը, 6-7 ամիս ձմեռ է: Ոչ մի բնակիչ, անգամ ես, կողմնակից չեմ անտառ հատելուն, որովհետև դա տանջանք է: Որտեղ, որ ճանապարհ կա, ձի, ջորիով հնարավոր էր գնալ, այդ տարածքում թափուկները լրիվ պրծել են, մյուս հատվածներում էլ ոչ ճանապարհ կա, ոչ էլ ձի-ջորիով կկարողանանք գնալ»:

Կապանի և Գորիսի անտառտնտեսություններում հատուկ հատվածներից թույլատրվում է օգտվել փայտից, սակայն այն ոչ մի կերպ մատչելի չէ ծերերին և անապահով ընտանիքներին: Ինչպես են լուծում այս խնդիրը՝ «Ռադիոլուր»-ի հարցին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը պատասխանեց.

«Սյունիքի զարգացման հիմնադրամով աջակցում ենք այդ ընտանիքներին, եթե տեղափոխությունն է խնդիրը՝ մենք դա կազմակերպում ենք, մարզպետարան-համայնքապետարանները վերցնում են իրենց վրա: Շատ դժվար բան է, իրենք ապրում են անտառի մեջ, վառելափայտ չունեն, տանը մրսում են, բայց, ի տարբերություն մյուս տարածաշրջանների, մերոնք օրինահարգ են»:

Անցած տարի  «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրով Լիճք և Տաշտուն  գյուղերում ձմեռող սակավաթիվ տնտեսություններից յուրաքանչյուրին, որպես այլընտրանքային վառելիք, անվճար հատկացվել էր 1տ բրիկետ: Սա արվել էր բնությունը պահպանելու նպատակով: Տեղացիները դժգոհել են բրիկետներով ջեռուցումից, չէր տաքացրել:

«Բրիկետն առանց փայտի չի վառվում, դա ծղոտի պրես է, տաքացնում է, գիտե՞ք ոնց, ոնց որ թուղթը գցեք վառարան, շուտ վառվում է ու վերջ»:

Սյունիքի մարզպետն այդ կարծիքին չէ, բրիկետների այրման համար հատուկ վառարաններ են անհրաժեշտ, որպեսզի  և ջերմությունը երկար լինի, և վառարանը շարքից դուրս չգա: Այդ նպատակով գործարարների հետ ծրագրեր են մշակվում. «Բրիկետները սովորական վառարաններում չեմ վառվում, հատուկ ջերմային էֆեկտ են տալիս, որի պայմաններում սովորական վառարանները փչանում են: Մենք գործարարներ ենք հրավիրել, խոսել ենք, որ տեղում և բրիկետներ արտադրեն, և վառարաններ»

Այլընտրանքային վառելիք է նաև աթարը, որն անասնապահությամբ զբաղվող  հարավային գյուղում ընդունված տարբերակ չէ, մինչդեռ հյուսիային բնակավայրերում այն հիմնական վառելամիջոց է:

«Ա՜, քիչ ենք չարչարվում, գնանք հիմա էլ թրիքների հետ խաղ անենք: Մեղրու շրջանը կուլտուրական միջավայր է, գոմաղբը հողն ենք լցնում»:

Ջեռուցման այլընտրանքային տարբերակ է նաև արևային էներգիան: Սիսիանի 2 դպրոցում Սյունիքի զարգացման հիմնադրամի միջոցներով տեղադրվել են  արևային մարտկոցներ, որն ըստ մարզպետի, ցանկալի արդյունք է տվել:

Ցուցադրել ավելի
Back to top button