ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հայաստանի միջազգային պահուստները պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա են․ ԿԲ խորհրդի անդամ

2019թ․ 11 ամիսների տվյալներով՝ Հայաստանի միջազգային պահուստները հասել են 2 մլրդ 375 մլն դոլարի սահմանագծին։ «Դրանք պատմականորեն ամենաբարձր մակարդակում են»,– «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանը և նշել, որ Կենտրոնական բանկն այս տարի շուրջ 500 մլն դոլարի չափով ավելցուկային արտարժույթ է գնել։

Ըստ գլխավոր դրամատան ներկայացուցչի՝ Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն ու կապիտալիզացված է, բայց կան զարգացումներ, որոնք մտահոգությունների տեղիք են տալիս։

ԿԲ–ն քննարկում է այն մեխանիզմները, որոնք թույլ կտան զսպել հիպոթեքային ու սպառողական վարկերի ծավալների ավելացումը։ Մասնավորապես, նախատեսում են «վարկ–արժեք» հարաբերակցության փոփոխություն։ «Եկամտի ու գրավադրվող գույքի բարձր արժեքը վարկն ավելի ապահով է դարձնում»,- ասել է ԿԲ խորհրդի անդամը։ Նա տեղեկացրել է, որ ԿԲ–ում քննարկում են եկամտի ու տրամադրվող վարկի հարաբերկացությունը փոխելու հարցը։

Գլխավոր դրամատանը կարևորում են քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը։ Հորդորում են՝ հատկապես նախատոնական օրերին չգայթակղվել «մատչելի վարկեր» վերցնելու առաջարկներով, հիշել, որ դրանք նաև պետք է վերադարձնել։

Ավանդների տեսակարար կշռի մեջ դրամային ավանդները ընդհանուրի 52 տոկոսն են։ Սա, ըստ Մարտին Գալստյանի, խոսում է ոչ միայն դոլարիզացիայի մակարդակի նվազման, այլ նաև ԿԲ կողմից վարվող դրամավարկային քաղաքականության նկատմամբ հասարակության վստահության մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button