ԿարևորՀասարակություն

Հայաստանի եւ Արցախի միջեւ գործող ռոումինգի սակագները կնվազեն

2020 թվականը Հայաստանում սպառողները  կդիմավորեն գործող սակագներով՝ գազը, լույսը, ջուրը չեն թանկանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ուսումնասիրել ու պարզել են՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցը թեև քննարկվում էր, բայց դրա  անհրաժեշտությունը չկա։  Սպառողների համար անփոփոխ կմնան նաև ջրի ու գազի սակագները։ Վերջինը, սակայն, մինչև  ապրիլ։ 

Գազի սակագնի վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցություններից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը մանրամասներ չի հայտնել։ Միայն նշել է, որ համաձայնագիրը , որով Հայաստանում գազի գինը ձևավորվում էր  Օրենբուրգի մարզում գազի գնին համապատասխան, այլևս չի գործում։

2020 թվականի  հունվարից  ՀԱԷԿ–ը կսկսի վճարել  ռուսական 270  մլն դոլար վարկը։ Վարկի մարումը ներառված է սակագնի մեջ։   Սա մեծացրել էր էլեկրտաէներգիայի սակագնի բարձրացման հավանականությունը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեպտեմբերից ուսումնասիրություն էր սկսել։

«Այսօր սակագնում ներառել ենք շուրջ 21 մլն ԱՄՆ դոլարի վարկի վերադարձ։ Եթե պատկերավոր ասեմ, ապա սա  համարժեք է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի  2 դրամին ։ Խնայողությունների հաշվին, նաև համակարգի օպերատորի ու կառավարության հետ քննարկումների արդյունքում կարողացանք ատոմակայանի աշխատանքը 2020 թվականին այնպես կազմակերպել, որ  սակագինը չբարձրանա»,- ՀԾԿՀՆ Գարեգին Բաղրամյանը:

Վարկը ներգրավվել էր ՝ՀԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով։

ԱՎԿ տվյալներով՝ այս տարվա առաջին 11 ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 3․4 տոկոսով, ինչու հարցնում են Բաղրամյանին.

«Կարող եմ պայմանավորել միայն եղանակային պայմաններով ու ինքնավար սպառողների մուտքով։ Իսկ 2020թվականի համար կանխատեսել ենք  485 մլն կվտ էլեկտրաէներգիայի արտադրության աճ»։

Սպառողները կշարունակեն 180 դրամ վճարել նաև ջրի համար։  Մինչև   2020 թվականը  191 դրամի  11 դրամը սուբսիդավորում էր կառավարությունը, հաջորդ տարվանից արդեն սուբսիդավորումը կդադարեցվի։

«2020 թվականի հունվարի 1–ից ունենք սպառողների համար գործող սակագների վերահաստատում։ Սակայն  մեկ տարբերությամբ․ եթե 2019–ի համար հանձնաժողովը գումարային սակագին էր հայտարարել 191 դրամը, որից  11 դրամը  սուբսիդավորում էր պետությունը, ապա 2020 թվականից կունենանք 180 դրամ՝ առանց սուբսիդավորման»։ 

Մինչև ապրիլ անփոփոխ կմնա նաև գազի գինը։ Թե ռուսական կողմի հետ բանակցությունները որ փուլում են, Բաղրամյանը չհստակեցրեց,  սակայն, հայտարարեց․ 

 «Համաձայնագիրը, որով մեր սակագինը կապված էր ՌԴ Օրենբուրգի մարզում գործող գազի գնի հետ, այլևս ուժի մեջ չէ»։

Խոսքը 2013–ին խորհրդարանի կողմից  վավերացված հայ-ռուսական գազային համաձայնագրի մասին է, որով  Հայաստանին վաճառվող գազի գնի հիմքում Օրենբուրգի մարզում գործող գինն է:   

2020 հունվարի 1-ից Հայաստանի և Արցախի միջև վեցամսյա պարբերականությամբ կնվազեն շարժական հեռախոսակապի ռոումինգի սակագները։  Ելքային զանգերի սակագինը կնվազի 25, իսկ մուտքայինը՝ շուրջ 40 տոկոսով։

Ցուցադրել ավելի
Back to top button