ԿարևորՔաղաքական

Զգուշավորությունից՝ վստահություն․ Հայաստանը՝ ԱՄՆ–ԵԱՏՄ–ԵՄ խաչմերուկում

Արտաքին քաղաքական ի՞նչ ուղեծրով է 2019–ին շարժվել Հայաստանը, հեռանկարային ի՞նչ զարգացումներ են նախանշվում հաջորդ տարվա ընթացքում։

Վերլուծաբաններն անցնող տարին պայմանականորեն 2 մասի են բաժանում․ առաջին հատվածում Հայաստանի  իշխանությունները փորձել են հաղթահարել իրենց նկատմամբ միջազգային գործընկերների զգուշավոր վերաբերմունքը, երկրորդում ՝ այն փոխակերպել վստահության։

ԵՄ–ի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման միջին ժամկետը 2–ից 3 տարի է։ Այդքան է տեւել համագործակցության հաստատումը մի կողմից՝ ԵՄ–ի, մյուս կողմից՝ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջև։ Հայաստանն արդեն անցել է 2 տարվա ճանապարհը, և  համագործակցության համաձայնագրի վերջնական ուժի մեջ մտնելուն ավելի քիչ է մնացել։ Հաշվարկը «Օրբելի» կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանինն է։

Անցնող տարին Հայաստան–ԵՄ համագործակցության  տեսանկյունից նա հաջողված է համարում, թեեւ նշում է․ վիզաների ազատականացման հարցում Բրյուսելը Հայաստանի նկատմամբ դեռ զգայուն է՝ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի  բացասական փորձը հաշվի առնելով։ Այն փաստը, սակայն, որ 2020–ին ԵՄ–ն պատրաստվում է  150 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին,  արդեն բավարար ազդակ է հասկանալու աջակցության աստիճանը։

 «Դրական ֆոն է ստեղծել խնդրի առաջ մղման համար։ Այս տարվա ընթացքում եվրոպական կողմից բարձր մակարդակով նաեւ արձանագրվեց, որ Բրյուսելը որեւէ խնդիր չի տեսնում վիզային ռեժիմի ազատականացման համար։ Կարող ենք արձանագրել, որ ԵՄ–ի կողմից «կանաչ լույս» վառվեց գործընթացի համար, սակայն պետք է նաև արձանագրել, որ խնդիրը միայն ԵՄ իշխող շրջանակներից կախված չէ։

Սրա համար անհրաժեշտ է նաեւ ԵՄ յուրաքանչյուր երկրի համաձայնությունը։ ԵՄ մի շարք երկրներ արդեն իրենց համաձայնությունը եւ դրական վերաբերմունքն են արտահայտել վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ։ Տարվա ընթացքում տարբեր այցերի, տարբեր երկկողմ հանդիպումների շրջանակներում հստակ տեսանելի է, որ հայկական կողմը բարձրացնում է այս հարցը։ Պաշտոնական Երեւանը պնդում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հաշվի առնել տվյալ երկրի առանձնահատկությունները, եւ մյուս երկրների պատճառով Հայաստանը չպետք է տուժի»։  

2019-ի ընթացքում փոխվել է նաեւ Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների որակը։ Տարվա ամենակարեւոր ձեռքբերումը համարվում է Սենատի եւ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը։ Մասնագետներն ասում են, որ փաստաթուղթը քաղաքական նշանակություն դեռ ունենալու է։ Իսկ ընդհանրապես հայ–ամերիկյան հարաբերությունների մասին խոսելիս վերլուծաբաններն օգտագործում են նոր ձեւակերպում՝ «ռազմավարական երկխոսության» ձեւաչափ։ Թե ինչ է դա նշանակում,  բացատրում է միջազգայնագետ Լիանա Հովհաննիսյանը․

«Ռազմավարական երկխոսության ձեւաչափի սկիզբը դրվեց այս տարի։ Տեղի ունեցավ անդրանիկ նիստը, որի ժամանակ հայտարարվեց, որ ամերիկյան կողմի միջազգային զարգացման գործակալությունը արդեն սկսել է երկամյա ծրագիր՝ ուղղված Հայաստանում բարեփոխումների իրականացմանը։ Անդրանիկ տարվա համար արդեն հատկացվել է 6 միլիոն գումար։ Բացի դրանից՝  2019–ին ԱՄՆ–ի տրամադրած  ֆինանսական օգնությունը աճել է 40%–ով՝ հասնելով 60 միլիոնի։ Կարեւոր է, որ օգնությունը տրամադրվում է ոչ միայն ավանդական դարձած միջազգային զարգացման գործակալության, այլ նաեւ առանձին դեպարտամենտների կողմից՝ լինի դա էներգետիկ թե պաշտպանության դեպարտամենտը։ Սա խոսում է այն մասին, որ ամերիկյան կողմը ցանկանում է Հայաստանի հետ համագործակցել տարբեր ոլորտներում»,– ասում է միջազգայնագետը։

Որոշակի ակտիվություն նկատվեց  2019–ին եւ նախանշվում է 2020–ին Հայաստան – ՌԴ– ԵԱՏՄ շրջանակում։ Նախ՝ արդեն նախատեսված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փոխադարձ այցերը։ Օրեր առաջ Ռուսաստանը Հայաստանին մատակարարեց կարեւորագույն զինտեխնիկա, ԵԱՏՄ շրջանակներում էլ  Հայաստանի կատարած աշխատանքը բարձր է գնահատվել։ Թեեւ ԵԱՏՄ–ում նախագահությունը 2020–ին Հայաստանից փոխանցվում է Բելառուսին, բայց Եվրասիական գոտում գործելու համար, օրինակ՝ Եգիպտոսի հետ բանակցությունները կրկին վստահվել են Հայաստանին։

Այս ամենը գալիս է փոխարինելու տարվա սկզբին առկա որոշակի անվստահությանը՝ ասում է քաղաքագետ Վարդուհի Հարությունյանը․

«Չնայած տարվա ընթացքում, հատկապես տարվա առաջին հատվածում երկու երկրներում որոշակի շրջանակների կողմից արտահայտվող մտահոգություններին եւ մտավախություններին, թե հայ–ռուսական հարաբերությունները ճգնաժամի մեջ են, իրականում Ռուսաստանը շարունակում է Հայաստանը ընկալել որպես տարածաշրջանում իր հիմնական, ռազմավարական դաշնակից և որպես պատասխանատու, վստահելի գործընկեր։ Սրա մասին վկայում են ինչպես հարաբերությունների դինամիկան, այնպես էլ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահի, արտգործնախարարի հայտարարությունները,  ընդհանուր հարաբերությունների մթնոլորտը եւ թեկուզ մամուլում առկա այն հրապարակումները, որոնք մենք տեսնում ենք տարվա արդեն  երկրորդ մասում»։

Ընդհանուր առմամբ՝ արտաքին հարաբերությունների ոլորտում վերլուծաբաններն արձանագրում են որակական փոփոխություններ՝ ընդգծելով  հիմնական միտումը․  Հայաստանի իշխանությունների նկատմամբ  միջազգային գործընկերների՝  սկզբում նկատվող զգուշավորությունը աստիճանաբար վերափոխվում է վստահության։

Ցուցադրել ավելի
Back to top button