ԿարևորՀասարակություն

Ավելի լուսավոր, հարմարավետ ու մարզական․ Երեւանի զարգացման ծրագիրը հաստատվեց

Երևանի ավագանու օրակարգում է Հնգամյա զարգացման ծրագրում փոփոխությունների հարցը, որը, ի դեպ  հաստատվել է  2018 թվականին այս ավագանու կողմից։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով` հնգամյա զարգացման ծրագրից հանվել է  Հաղթանակ զբոսայգին  վերակառուցելու  և արդիականացնելու  ծրագիրը։

Ասում է` դա ներդրումային ծրագիր է։ Հանվել են աղբահանություն իրականացնելու համար երկրորդ օպերատորի ներգրավումը, հեծանվաուղիներ ստեղծելու,  ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու ծրագրերը։

 «Իմ քայլից» Լիլիթ Կիրակոսյանը նշեց, որ թեև որոշ կետեր հանվել են, սակայն դրան զուգահեռ որոշ  կետեր  ավելացել  են։ Օրինակ «Շրջակա միջավայրի և կանաչապատման պահպանման»  ՀՈԱԿ–ի ստեղծումը։ Դրա ստեղծման համար հատկացվել է 3.4 մլրդ  դրամ, մոտ 800 հաստիք։

Այն, որ հնգամյա զարգացման ծրագրում չի խոսվում  տրանսպորտի, վերելակների բարելավմանն ուղղված ծրագրերի մասին, ընդդիմադիր խմբակցության անդամների դիտարկումներին հակադարձեց «Իմ քայլից» Գրիգորի Երիցյանը։ Ասաց, որ մատնանշված  խնդիրները մինչև  2023 թվականը քաղաքային իշխանության գերակայությունների  մեջ են, խորհուրդ տվեց բազմաէջանոց փաստաթուղթը կարդալ։

Հակառակ ընդդիմադիր խմբակցությունների առարկությունների` փոփոխությունների նախագիծն ընդունվեց։ Այնուհետև ավագանու հաստատմանը ներկայացվեց Երևանի զարգացման 2020 թվականի ծրագիրը։  ԲՀԿ- ից Մարկոս Հարությունյանը հետաքրքրվեց, թե հաջորդ տարի 4-րդ կարգի վթարային շենքերի  բնակիչների վերաբնակեցման  ի՞նչ ծրագրեր են նախատեսվում։

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ  եկող տարի  նախատեսում են  իրականացնել  սոցիալական բնակարաշինության մեծ ծրագիր, որը ենթադրում է քաղաքի միջոցների հաշվին, մասնավորապես այս տարվա տնտեսված միջոցների հաշվին, կառուցել բազմաբնակարանային շենք։ Այս ծրագիրը ենթադրում է մի քանի 4–րդ կարգի վթարային շենքերի  կամ անտուն բնակիչների  վերաբնակեցում կամ բնակեցում։

Բարգավաճից Հռիփսիմե Առաքելյանին հետաքրքրում էր  հրատապ ծախսերի մասին հոդվածը, որով ընթացիկ տարվա  բյուջեով նախատեսվել է  30 մլն դրամ, իսկ  2020–ին  նախատեսել են  355 մլն դրամ։

Փոխքաղաքապետը փորձեց փարատել ավագանու  ընդդիմադիր անդամի մտահոգությունները, մեկ տարվա փորձը ցույց է տվել, որ  30 մլն դրամը  ծառայել է նպատակին և բավականին արդյունավետ է եղել։

2020 թվականին  նախատեսվում են  քաղաքի ֆիզիկական մատչելիության ուղղված ծրագրեր ևս։  Թեքահարթակներից բացի  հաջորդ տարի  հայտնվելու են  այլ կոմպոնենտներ։ Կավելանան ձայնային լուսացույցերը,  ավտոբուսներում կավելանան բարձրաձայն հայտարարման սարքերը, իսկ մարզադպրոցներում կավելանա հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ մարզագույքը։ Մատչելիության բաղադրիչներ կլինեն նաև մետրոյում։ Գծերից զգուշանալու համար կտեղադրվեն նախազգուշացնող սալիկներ։

Ցուցադրել ավելի
Back to top button