ԿարևորՀասարակություն

Ձկնագողերի դեմ պայքարն ակտիվանալու է

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը քաղաքացիներին կոչ է անում ՝ չգնել ձվադրած ձկներ, ինչը կսահմանափակի որսը ձվադրման շրջանում։ Սևանում սիգի պաշարների, ջրի  մակարդակի բարձրացման ու մաքրման աշխատանքների մասին շրջակա միջավայրի նախարարն խոսել է տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում։


2019-ին Արարատյան դաշտում շուրջ հարյուր միլիոն խորանարդ մետր տարեկան ծավալով  ջրախնայողություն է իրականացվել։ Ըստ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի՝ դա ավելին է, քան Երևան քաղաքի  մեկ տարվա խմելու ջրի սպառման ծավալները։

Անցնող տարում մեկնարկել են  անտառապատման ու անտառվերականգնման  լայնածավալ աշխատանքներ։ Պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է  425 միլիոն դրամ։ Նորքի  անտառների 45 հեկտար  տարածքում առաջիկայում  կաթիլային ոռոգման համակարգ կներդրվի։

Անտառների մասով, ըստ նախարարի, փոփոխությունները շատ են՝ և օրենսդրական, և գործնական քայլերի առումով։ Նախարարը  ձեռքբերումներ է նշում նաև Սևանի մասով․ 2019 թվականին լճից իրականացված ջրառը  նվազագույնն է վերջին մի քանի  տարիների  կտրվածքով։

Ջրի մակարդակի բարձրացումից զատ, Սևանի մյուս կարևոր խնդիրը կեղտաջրերի հոսքի նվազեցումն է․ «Մաքրման մասով բազմաթիվ գործողություններ են իրականացվել, հանվել են ցանցավանդակները, 4-5 տարվա ընթացքում առաջին անգամ կենսունակ մանրաձուկ է լցվել, և կարծում ենք, որ վերարտադրությունը մեծ կլինի։ Գերմանիայի գիտության նախարարությունը 500 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրել, որպեսզի ուսումնասիրվեն Սևանի որակի հետ կապված խնդիրները»։

Արդյո՞ք 2020-ին էլ Սևանը կկանաչի, ըստ գիտնականների ՝ այո՛։ Նախարար Գրիգորյանի խոսքով՝  տասնյակ տարիներ Սևանը բազմաթիվ ճնշումների է ենթարկվել, խորհրդային տարիներին ջրի մակարդակն իջեցրել են, հետո նորից բարձրացրել։ Այդ ամենն իր ազդեցություն է ունեցել լճի  էկոհամակարգի վրա։ «Նախկինում կարծում էին, որ Սևանի ջրի մակարդակի 6 մետր բարձրացումը կարող է որակական փոփոխություն բերել, բայց կեղտաջրերի մեծ հոսքի պայմաններում  այդ լուծումն արդեն բավարար չէ»,-ասում է Գրիգորյանը։

Սիգի որսն արգելված է, իսկ փողոցներում ամենուր սիգ է վաճառվում։ Վերահսկողության պատասխանատուն «Սևան» ազգային պարկն է, որի գործունեությամբ նախարարն ինքն էլ  բավարարված չէ։ Դրա համար, սակայն,  օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան՝ ասում է․

«Սևան» ազգային պարկի աշխատակիցները, բնականաբար, պետք է  մի քանի անգամ ավելի ջանասիրաբար աշխատեն, բայց կան օրենսդրական սահմանափակումներ, օրինակ՝  նրանց աշխատանքը ավարտվում է 18․00-ին։ Պարկի տնօրենը ազատվել է աշխատանքից։ Երկու օր առաջ նոր տնօրեն է նշանակվել , ավելի քան 10 աշխատակցի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել»։

Ստեղծված իրավիճակի պատճառն, ըստ նախարարի,  օրենսդրական  բացն է, որն էլ փորձում են կարգավորել։ Իսկ մինչ  այդ  նախարարը կոչ է անում  քաղաքացիներին՝ ձվադրած ձկների որևէ գնում չկատարել, ինչը մեծ ազդեցություն կարող է ունենալ, որ  ձվադրման շրջանում որսը սահմանափակվի։

Լրագրողների խնդրանքով  Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց իրավիճակը Ամուլսարի մասով։

 «Դեռ քննչական գործն է ընթանում։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Այն 13 կետը, որ մենք ներկայացրել ենք, հիմնականուն քննվում են  այդ գործի շրջանակում»։

Անդրադառնալով «Ռադիոլուրի» հարցին, թե իրավապահ մարմիններն արդյո՞ք որևէ ընթացք տվել  են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն  հայտարարություններին, որ Ամուլսարի հանքի բացման դեմ արշավն ուղղորդվում  է հանքարդյունաբերական այլ  ընկերությունների կողմից, նախարարը պատասխանեց, որ իրականում Ամուլսարի շահագործման դեմ պայքարողների ֆինանսավորման հարցն  իրավական հարթությունում  չի քննարկվում։ Նման տեղեկատվության  նախարարը համենայն դեպս չի տիրապետում։

«Կան տարբեր անհատներ, որոնք աշխատում են կազմակերպությությունների հետ, որոնք ֆինանսավորվել են այլ տնտեսվարողներից»։

Այս օրերին փողոցում վաճառվող տոնածառերի մասին․ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ տոնածառ հատելու թույլտվություն չի տրվել որևէ մեկին, միայն Գյումրու քաղաքապետարանն է դիմել՝ սանիտարական հատման ենթակա ճյուղերը հատելու, Գյումրու տոնածառը զարդարելու խնդրանքով։

«Վաճառվող եղևնիների ավելի քան 99 տոկոսը ներմուծված ծառեր են»,-վստահեցնում  է շրջակա միջավայրի նախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button