ԿարևորՀասարակություն

Ամանորը ոչ թե հայերը կանցկացնեն Վրաստանում, այլ վրացիները՝ Հայաստանում

Հայաստանն այս տարի ակնկալում է վրացի զբոսաշրջիկների աննախադեպ աճ գրանցել։ Տարվա ինն ամիսների տվյալներով` Վրաստանից զբոսաշրջային հոսքն ավելացել է ավելի քան 14 տոկոսով, սակայն սպասվում է, որ Թբիլիսիում Հայաստանի մասին գովազդային վահանակների ու տեսահոլովակների տեղադրումից հետո այդ թիվն էլ ավելի է մեծանալու։

«Այս տարի հավանաբար Ամանորը ոչ թե հայերը կանցկացնեն Վրաստանում, այլ վրացիները՝ Հայաստանում»․ այս օրերին հաճախ են նման խոսքեր լսվում․ վրացիների շրջանում ակնհայտորեն հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ մեծացել է։ 

Զարմանալի է, բայց հարևան Վրաստանում Հայաստանի մասին շատ չգիտեն։ Հեղափոխական խաղաղ գործընթացները, որը աշխարհի ուշադրությունը բևեռեցին Հայաստանի վրա, անմասն չթողեցին նաև Վրաստանին։ Վրաստանը 2003-ի վարդերի հեղափոխությունից հետո համարվում էր տարածաշրջանում ժողովրդավարության փարոսը․ այսօր Հայաստանը ևս դիտարկում է նույն ուղղությամբ շարժվող երկիր։

Վրաստանում քաղհասարակության ներկայացուցիչ Իրակլի Կիկիանին ասում է, որ մի քանի անգամ տարբեր հանդիպումների առիթով եղել է Հայաստանում, բայց այս տարի առաջին անգամ գալու է ամանորյա տոներին։

«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը կարևոր է Վրաստանի համար, քանի որ Հայաստանն ուզում է շարժվել ժողովրդավարության ճանապարհով։ Ես Հայաստանի ու Վրաստանի ապագան տեսնում եմ ԵՄ-ում»։ 

Հայաստանն այսօր առավել ճանաչելի է դառնում վրացիների շրջանում։ Վրացական լրատվամիջոցներով ներկայացվում են Հայաստանի մասին պատմող գովազդային հոլովակներ։  Վրաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի գովազդային տեսավահանակներով ողջ օրը ցուցադրվեցին ՀՀ Անկախության տոնին նվիրված շնորհավորանքն ու Հայաստանի մասին պատմող զբոսաշրջային պրոմոհոլովակները։ Դեսպանատան մամուլի քարտուղար Հարություն Հայրապետյանն ասում է, որ աշխատում են Վրաստանի զբոսաշրջության գործակալության հետ՝ ուշադրություն դարձնելով համատեղ փաթեթների վրա, որպեսզի Վրաստան եկող զբոսաշրջիկն այցելի նաև Հայաստան։

«Եթե տարեկան 1,7 միլիոն զբոսաշրջիկ է Հայաստանից այցելում Վրաստան, ապա հակառակ ուղղությամբ պատկերը շատ տխուր է։ Մեր գործունեության ողջ ընթացքում՝ վերջին երկու տարիներին, ամեն ինչ արվում է, որպեսզի հայ-վրացական զբոսաշրջային ուղղությունը հայկական տեսանկյունից ևս զարգանա և վրացի զբոսաշրջիկներին դեպի Հայաստան գրավենք։ Կարող եմ նշել, որ այդ ուղղությամբ արդեն դրական արդյունքներ կան»։

Այսօր Երևանի քաղաքապետարանի և Զբոսաշրջության կոմիտեի համագործակցության արդյունքում Երևանում անցկացվող ամանորյա միջոցառումները լայնորեն լուսաբանվում են Վրաստանում։ «Երևան 2020-ը հրավիրում է ձեզ» գովազդն այսօր Թբիլիսիի մեծ համերգասրահի էկրանին է։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նկատում է, որ Վրաստանից զբոսաշրջիկների թվի աճն առավել նկատելի է այսօր․ «Վրաստանում այս մարկետինգային միջոցառումները երկու նպատակ են հետապնդում։ Մեկը Վրաստանում գտնվող զբոսաշրջիկների շրջանում է, որպեսզի նրանք, Վրաստանում տեսնելով Հայաստանի մասին նյութերը, ցանկություն ունենան պարզապես դուռը թակել, մտնել հարևան երկիր և երկրորդը` հենց Վրաստանում վրաց ժողովրդի շրջանում Հայաստանի մասին իրազեկելն է»։

Վրացիներին վերջին շրջանում հետաքրքրում են հատկապես մշակութային մեծամասշտաբ իրադարձությունները։ Նինո Չելիձեն ասում է՝ մոտ երկու տարի առաջ հայ ընկերուհու հետ առաջին անգամ եղել է Հայաստանում․

«Եղել եմ Հայաստանի տեսարժան վայրերում, սակայն այսօր տեսնում եմ, թե ինչ միջոցառումներ են տեղի ունենում Երևանում և մեծ ցանկություն ունեմ այս օրերին լինել։ Ի դեպ մի քանի հայերեն բառ գիտեմ՝ բարև ձեզ, շնորհավոր ամանոր Հայաստան»

Ցուցադրել ավելի
Back to top button