ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ես այնպիսի բարոյական սխալ չեմ արել, որի համար այսօր ամաչեմ․ Հունան Պողոսյան

Երբ հեղափոխությունից հետո նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ, դա միանշանակ չընդունվեց։

Իրավապաշտպանները քննադատեցին, Կապանում անգամ ճանապարհ փակեցին։
Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ Հայաստանում չպետք է քաղաքական ռասիզմ լինի, և օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն։ Հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ Սյունիքում քրեածին իրավիճակը բարվոք չէ եւ Հունան Պողոսյանը կարող է օգտակար լինել այդ հարցում:

«Ռադիոլուրի հյուրասրահում», ամփոփելով իր մեկ տարվա գործունեությունը, Հունան Պողոսյանն ասաց, որ թյուր կարծիք կա Սյունիքի մարզի մասին, քանի որ այնտեղ ապրում է իրավահարգ ժողովուրդ, իսկ քրեածին հանցավոր միջավայրի տարրեր միշտ եղել են և կան, դրա համար էլ կան պատկան մարմիններ, ովքեր պատշաճ մակարդակով իրենց գործառույթներն են իրականացնում։

Սյունիքի մարզպետարանում նախատեսված է օպտիմալացում, Հունան Պողոսյանը հավաստիացնում է, որ գործընթացն օբյեկտիվ կլինի։ «Աշխատող մարդիկ են մնալու, քանի որ չաշխատող մարդկանց հանդուրժել պետք չէ»։

Հունան Պողոսյանը պարբերաբար հայտնվում է քննադատությունների թիրախում։ Ասում է, որ դրանց ժպիտով և ըմբռնումով է վերաբերվում։

«Ես այնպիսի բարոյական սխալ չեմ արել, որի համար այսօր ամաչեմ։ Պատրաստ եմ անգամ վեթթինգի ենթարկվել ու իմ նման շատերն են պատրաստ ենթարկվելու»,- ասում է Պողոսյանը։

Back to top button