ԿարևորՏնտեսական

Ջերմաստիճանի բարձրացումը՝ ռիսկային գյուղատնտեսության համար

Տաք ձմեռը լավատեսական կանխատեսումներ չի առաջացնում գյուղոլորտի պատասխանտուների շրջանում։   Ջերմաստիճանի բարձրացումը  ռիսկային է  գյուղատնտեսության  համար ՝ այսօր  հայտարարել է  էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը։

Նա և գյուղատնետսության փոխնախարարն ամփոփել  են գյուղատնտեսական տարին, խոսել են պետական աջակցության ծրագրերի մասին, որոնց հիքմում գյուղատնետսական արտադրանքի մրցունակության  բարձրացումն է,  ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, գյուղացիների ֆինանսական բեռի թեթևացումը։ 

Վարկային  երաշխիքի տրամադրում  սահմանամերձ համայնքում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու համար։ Դրույթն ամրագրված է  օրերս հաստատված փաստաթղթում` գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունում։  Ծրագիրը մեկնարկելու է որպես պիլոտային։ 

Հայաստանում գիտեն՝ հատկապես  սահմանամերձ  համայնքների բնակիչները բանկերում գրավի խնդիր են ունենում։ Նրանց տները ռիսկային են, բանկերը  չեն գրավադրում։ 

«Այդ տունն օբյեկտիվորեն կես գնով  է գնահատվում, բայց մարդիկ  մեղավոր չեն, որ սահմանում են ապրում։ Պետությունն ասում է՝ մենք քեզ կօգնենք, մյուս  կեսը երաշխիք կտանք, որ Խաչիկ ու Լերմոնտովո  գյուղերի բնակիչները հավասար հարթության վրա լինեն։ Մինչև 15 մլն  դրամ վարկերի տրամադրման ծրագրի շրջանակում կերաշխավորենք գրավի առարկայի 50 տոկոսը»,– ասում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։

Սա ոլորտի զարգացման միակ  ծրագիրը չէ։ Գյուղատնտեսության բոլոր ոլորտներում կառավարությունն այս տարի տարբեր ծրագրեր է առաջարկել։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն առանձնացնում է անասնաբուծության ոլորտի ծրագրերը։ 

Արդեն մեկնարկած  «Խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման պետական աջակցության ծրագրի» շրջանակում այս տարի արդեն 18 պայմանագիր է կնքվել, տրամադրվել է մեկ փոխհատուցում՝ 8․75 մլն դրամի չափով, 104 քաղաքացու հավաստագիր է տրվել։

«Շատերը կիսատ հասկանալով էին փորձում դիմել այս ծրագրին, ուսուցումներից հետո նրանց  ինչ–որ մասը հասկացավ, որ իրենց պետք չէ»,– ասաց Տիգրան Գաբրիելյանը։

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ գյուղատնտեսական տարին ավելի ռիսկային է դառնում։  Կանխատեսումները  լավատեսական չեն։

«Մեզ համար շատ վատ է, ցավոք մենք որևէ ազդեցություն չենք կարող ունենալ։ Դա նշանակում է, որ բերքատվությունը իջնելու է մյուս տարի՝ կապված ջրի պակասի ու այլ խնդիրների հետ։ Ծառերը  եթե հունվարին ծաղկեն, հետո էլ ցրտահարվեն, դուք էլ կասեք՝ ինչու ՞  ծիրանի բերք չունենք»,– ասում է փոխնախարար Արտակ Քամալյանը։

Իսկ  ծիրանն այս տարի  իրականում քիչ էր, սալորը՝ նույնպես։  Փոխնախարարը խոստովանում է՝ անգամ իրենք լավ ցուցանիշի չէին սպասում։  Բայց արտահանման  ծավալների ավելացումը հակառակն ապացուցեց․  գրեթե բոլոր  մշակաբույսերի մասով   արտահանման  ցուցանշերն աճեցին։  

«Վարունգի արտահանումն ավելացել է 3․5 անգամ, սմբուկինը՝ 2 անգամ, տարբեր մշակաբույսերի հետ կապված միջինը 1․7–2 անգամ աճ ունենք։ Ծիրանի բերքը շատ ցածր էր, մոտ 45 տոկոսով քիչ էր անցյալ տարվա համեմատ։ Ծիրանի համար վատ տարի էր»,– ասաց Քամալյանը։

Խաղողագործության համար տարին բարենապստ էր, սակայն, խաղողի այգիները լուրջ խնդրի առաջ են․ ֆիլոքսերիա հիվանդությունն արդեն կառավարությանն է անհանգստացնում։ Փորձագետներն էլ կանխատեսում են՝ եթե ֆիլոքսերիան այս տեմպով շարունակի զարգանալ, խաղողի այգիները պարզապես կոչնչանան։

«Սա շատ լուրջ հարց է, երևի մեր լրջագույն հարցերից մեկը։ Պետությունը պետք է այդ խնդրով օր առաջ զբաղվի։ Նախկին կառավարությունը նույնպես զբաղվում էր, և հիմա մենք ունենք մոտավորապես 2 հա ֆիլոքսերադիմացկուն տնկարան։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում գրանցված է ֆիլոքսերիա, բացի Վայոց Ձորից»,– նշեց փոխնախարարը։

Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ չնայած իրականացվող ծրագրերին, անկումը շարունակվում է։  Էկոնոմիկայի փոխնախարարը  ընդգծում է՝  ֆինանսական միջոցները կարևոր են, բայց  պակաս կարևոր չէ ենթակառուցվածքների ու  մարդկային ռեսուրսների  խնդիրը։

Գյուղատնտեսության այսօրվա վիճակը փոխնախարարն  գյուղատնտեսությունն այսպես է բնորոշում․

«Լավ զարգացած, 21–րդ դարին բնորոշ  հատուկենտ գյուղացիական տնտեսություններ և մասսայական,  19–րդ դարի գյուղատնտեսությամբ զբաղվող  գյուղացիական տնտեսություններ»։

Իրավիճակն, ըստ պատասխանատուների,  կփոխվի  աստիճանաբար,   առաջիկա  երեք  տարիներից  հետո միայն։

Ցուցադրել ավելի
Back to top button