ԿարևորՀասարակություն

Միայնակ ո՞ր թոշակառուների կոմունալ ծախսերն է փոխհատուցելու պետությունը

Վերջին օրերին սոցցանցերում լայնորեն տարածում գտավ տեղեկությունն այն մասին, որ հունվարի 1-ից պետությունը փոխհատուցելու է միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծախսերը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տարածված այս տեղեկությունն ի սկզբանե համարում է կեղծ կամ համապատասխան օրինագծի թյուրըմբռնման արդյունք՝  հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է միայն պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին, որոնց թիվը 59 է։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեղեկությունը, թե պետությունն իր վրա է վերցրել բոլոր միայնակ թոշակառուների կումունալ ծախսերը, ի սկզբանե կեղծ էր, կամ՝ թեմայի սխալ ընկալման արդյունք։ Իրականում խոսքը վերաբերում է «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին։  

«Այսինքն, օրենքի նախագծի վերնագրից արդեն իսկ երեւում է, որ խոսքը ոչ թե ՀՀ-ում ապրող միայնակ կենսաթոշակառուների մասին է, այլ՝ պետության աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների վերաբերյալ է»։

Սոնա Մարտիրոսյանը փոխանցեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ապրում է շուրջ 200 մարդ։ Նրանցից 59-ն են միայնակ կենսաթոշակառու։

«Նրանք բնակվում են Երեւանում եւ Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը «վետերան» օթեւանում։ Խոսքը այս 59 միայնակ կենսաթոշակառուների մասին է, ովքեր բնակվում են պետության աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բացառապես. խոսքը վերաբերում է նրանց կոմունալ ծախսերի փոխհատուցմանը»։

«Վետերան» օթեւանի տնօրեն Լիլիթ Աղաջանյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրենց սոցիալական կացարանն այս պահին 40 բնակիչ ունի, սակայն իրենց  համար առայժմ որոշակի հստակության խնդիր կա, թե ու՞մ է վերաբերելու օրենքը.

Փոխտնօրեն Մարտին Զաքարյանն էլ ասաց, որ կառավարության որոշումն արդեն ուժի մեջ է, բայց այդ որոշմամբ նախատեսված շահառուների ցուցակը դեռ քննարկման փուլում է եւ առաջիկայում իրականացման մեխանիզմները կառավարությունն է հստակեցնելու՝ հաշվի առնելով սոցիալական արդարության հանգամանքը, որպեսզի չստացվի արտոնություններ ունեցողն էլ ավելի մեծ արտոնություններ ստանա, շատ առավել դրա կարիքն ունեցողի փոխարեն։

Նշենք նաեւ, որ «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքն օրերս խորհրդարանն ընդունեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Ըստ այդմ՝ այն գործելու է հունվարի մեկից եւ պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող 200 անձերից 59 միայնակ կենսաթոշակառուները կստանան կոմունալ ծախսերի փոխհատուցումները։ Այս մասով կատարված են նաեւ հաշվարկներ, որի համաձայն՝ միջինում ամսական 12 հազար դրամ փոխհատուցման մասին է․ այս մասին տեղեկացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Սա տարեկան կազմում է 144 հազար դրամ՝ յուրաքանչյուր բնակչի հաշվով։ Այսինքն, 59 բնակչի հաշվով տարեկան 8 մլն 496 հազար դրամ փոխհատուցման մասին է»։

Եզրափակելով՝ Սոնա Մարտիրոսյանը հստակեցրեց, որ հաշվարկները կատարվել են՝ ելնելով սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշներից։   

Ցուցադրել ավելի
Back to top button