ԿարևորՄշակույթ

Հասկանալ մանուկներին. «Կախարդական կոճակներ» հեքիաթը՝ իրականություն

Հայ փոքրիկներին ձյան փաթիլները նոր հեքիաթ են բերել։ Չնայած դրսում դեռ ձյուն չկա, բայց Ամանորի հրաշքը սպիտակ փաթիլներին չի սպասում. գալիս է։

Հայաստանի նախագահի կինը` Նունե Սարգսյանը, «Կախարդական կոճակներ» նկարազարդ հեքիաթն է ներկայացրել։ Աղջիկը, որ եկել է փրկելու աշխարհը, անձամբ է ծանոթացել հրաշքներին հավատացող փոքրիկների հետ։

–Ի՞նչ ես կարծում գիրքն ինչի մասին կլինի,– հարցնում եմ ես 4-ամյա Տաթեւին։

–Կախարդական կոճակների,– պատասխանում է Տաթեւը։

–Իսկ հրաշքներ կարո՞ղ են անել,– հարցնում եմ նորից։

Զույգ քույրիկներ Տաթեւն ու Եվան գլխով համաձայնության նշան են տալիս, գիտեն, որ «Կախարդական կոճակները» հրաշքներ կարող են անել։ Հավատում են ու հենց դրա համար էլ եկել են, որ ծանոթանան ու լսեն կախարդական կոճակներ ստեղծած կնոջ` Նունե Սարգսյանի հետ։ Դահլիճի փոքրիկները, որ հերթով տեղավորվում էին գետնին, միաձայն ասում էին, որ երազում են։

Իսկ հեքիաթներ ստեղծող տիկին Նունեն չի երազում ու երեխաների նման չի մտածում։ Մի պարզ գաղտնիք գիտի։ Հասկացել է, թե իրենից ինչ են սպասում երեխաները։

«Ես չեմ երազում, բայց ստիպում եմ, որ իմ գրքերը կարդալով երեխաները սկսեն երազել։ Ես նրանց տանում եմ կախարդական աշխարհներ, ես նրանց համար ստեղծում եմ հրաշալի կերպարներ՝ սկսած բարի վիշապներից մինչեւ չար կախարդներ»,– ասում է Նունե Սարգսյանը։

Այդ հերոսներից մեկն էլ Սադափն է, մի աղջիկ, որ ծնվել է աշխարհը փրկելու համար։

-Դուք հեքիաթներ կարդո՞ւմ եք,–հարցնում են դահլիճից։

–Այո՛,– միաձայն պատասխանում են երեխաները։

–Իսկ գիտե՞ք «Կախարդական կոճակները» հեքիաթ է, թե՞…

–Ո՛չ հեքիաթ չէ, նոր գիրք է,– շտապում են ուղղել երեխաները։

Անցնող տարիների ընթացքում մանկագիր Նունե Սարգսյանը, որոշում է «նորացնել» ու «փոփոխել» փոքրիկ Սադափի ճակատագիրը։ Նախ փոխում է գրքի վերնագիրը՝ հետո ավելացնում–պակասեցնում գրքի նոր ու հին հատվածներ։

Բոլոր փակագծերը չբացելով ասեմ, որ «Կախարդական կոճակներ»–ը պատմում է տասնամյա Սադափ Դարզիի մասին, անվախ աղջնակ, որը փորձում է չար վհուկներից փրկել աշխարհն ու իր պապիկին, որը կախարդանքի արդյունքում կապույտ գույնի է դարձել:

Տիկին Սարգսյանն ասում է՝ աշխատում է «Կախարդական կոճակներ»–ի հաջորդ մասի վրա, որում Սադափը նոր փորձությունների միջով է անցնում, բարեկամանում է ոսկե վիշապի հետ, որի անունը Կարկանդակ է:

Իսկ թե ինչպես է ավարտում գրքի այս մասը՝ ես գիտեմ, բայց չեմ ասի։ Դա թողնում եմ ձեզ, որ շտապեք գրախանութ ու կարդաք «Կախարդական կոճակները» իմանալու՝ հաջողվո՞ւմ է Սադափին փրկել իր պապիկին, թե՞ ոչ։

Ցուցադրել ավելի
Back to top button