ԿարևորՀասարակություն

Էլեկտրոնային առողջապահության համակարգը դեռ առողջացման կարիք ունի

Ժուռնալիստների  «Ասպարեզ» ակումբն այսօր ներկայացրել է Հայաստանում  էլեկտրոնային  առողջապահության համակարգի  մոնիտորինգի արդյունքները։  Ծրագիրն իրականացվել է  հանրապետության բոլոր մարզերի 50 բժշկական հաստատություններում ՝ բուժաշխատողների, օպերատորների և տնօրենների շրջանում։

Ընտրվել են այն հաստատությունները, որտեղ  կատարվել են  էլեկտրոնային առողջապահության համակարգի պիլոտային փորձարկումները։ Ուսումնասիրվել է  համակարգի ներդրման  և վերջինի շահագործման հետ կապված  օրենսդրական դաշտը՝ վեր հանելով  իրավական ու գործնական բացերը, ընդհանուր առմամբ՝  համակարգի ներդրման գործընթացն ու արդյունավետությունը։  

2017 թվականի սեպտեմբերի 1-ից  Հայաստանում ներդրվեց  էլեկտրոնային առողջապահության համակարգը։ Այն ենթադրում է,  որ թղթային ամբուլատոր  քարտի փոխարեն  պետք է մուտքագրում կատարեն  առողջապահության  էլեկտրոնային համակարգ։ Արդյունքում ՝ պացիենտն իր ձեռքում կունենա  ոչ թե տարբեր տեղերում  ձեռք բերված  թղթի տարբեր փաթեթներ, այլ  էլեկտրոնային կոնկրետ հարթակում  մուտքագրված կլինի  նրա առողջության վերաբերյալ  ամբողջ տեղեկատվությունը։ Կարճ ասած՝  բուժհաստատությունները  միավորող միասնական հարթակի միջոցով առողջության պատմությունը  հասանելի կդառնա և՛ բժշկին, և՛  այցելուին։ Ինչպես է ընթանում համակարգի ներդրումը, տեխնիկական, իրավական ու այլ բնույթի  ինչպիսի՞ ռիսկեր ու բացեր են արձանագրվում ճանապարհին։ Խնդիրները վեր հանելու նպատակով Ժուռնալիստների  «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ն  իրականացրել է մոնիտորինգ։ 

Ծրագրի ղեկավար Լևոն Բարսեղյանի տեղեկացմամբ՝ մոնիտորինգն իրականացվել է կազմակերպության մարզային համակարգողների մասնակցությամբ, հատուկ մեթոդաբանությամբ։ Վերլուծության արդյունքում Բարսեղյանն առանձնացնում է հիմնական խնդիրներից մի քանիսը․

 «Համակարգի խոտանը․  տեխնիկական թերությունները՝ մեկ, բուժհաստատություններում մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կապված էլեկտրոնային համակարգի ներդրման հետ։ Որպես խնդիր արձանագրել ենք նաև հետևյալը․ ամբողջ երկրի բնակչության անձնական տվյալները հավաքել մեկ հարթակում, որը պետական չէր, արդեն մարտահրավեր էր։ Հիմա, ինչքան էլ , որ դա դառնա պետական, մենք կանխավարկած կարող ենք ունենալ, որ վտանգված են։ Դա տեղեկությունների ահռելի ծավալ է»,- ասում է Բարսեղյանը։

Մուտքագրվող տվյալների  կարևորությունն ու դրանց պաշտպանության անհրաժեշտությունը հաշվի առնելով ուսումնասիրվել է անձնական տվյալների վերաբերյալ օրենսդրությունը։  Թեև օրենքի առկայությունը սահմանում  է և՛ անձնական տվյալի մշակման ընթացակարգը, և՛ մշակողի նկատմամաբ  դրանց  պահպանման պարտականությունը, սակայն «բժշկական գաղտնիք»  հասկացության բացակայությունը  և դրանում հատուկ անձնական տվյալների  ներառման  օրենսդրական բացը թույլ չեն տալիս մտածել, որ համակարգը շահագործելիս   անձնական տվյալների  իրավական պաշտպանության մեխանիզմները  լիարժեք են։ Համակարգն օգտագործողների շրջանում  կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ  տվյալներ մուտքագրողների հետ  չեն կնքվում  գաղտնիության համաձայնագրեր, այդ մասով չեն թարմացվում նաև աշխատանքային պայմանագրերը։

«Ինչ վերաբերում է տվյալների մուտքագրմանը, ապա պարզեցինք, որ ի սկզբանե որոշված չի եղել, որ օպերատորները պետք է աշխատեն այս համակարգով։ Օպերատորներից մի քանիսը նշեցին, որ աշխատանքի են անցել մինչև համակարգի ներդրումը և իրենց պայմանագրերում դրա մասին որևէ բան չկա»,- նշում է ծրագրի հիմնական զեկուցող, առողջապահության փորձագետ Վիոլետա Զոփունյանը։

Ըստ առողջապահության փորձագետի՝  օրենսդրորեն հստակ կարգավորված չէ՝ ով ինչ չափով է տիրապետում համակարգում արդեն իսկ մուտքագրված  տվյալներին, ով է տվյալների անմիջական մուտքագրողը, պարտադի՞ր է արդյոք  մուտքագրողների հետ կնքվող  գաղտնիության համաձայնագրի առկայությունը և այլն։ Մեկ այլ իրավական բաց է նաև  հնարավոր սխալ մուտքագրումների  վերահսկողության մեխանիզմների  և դրանց համար նախատեսված պատասխանատվության  սահմանման բացակայությունը։ Մոնիտորինգի արդյունքում  բացահայտվել են  նաև մի շարք տեխնիկական բնույթի խնդիրներ։

Օրինակ՝ գրեթե բոլոր մարզերում  հարցվողները նշել էն  համակարգիչների բացակայության և աշխատանքի մեծ ծավալների մասին։ Վերլուծության արդյունքները փաստում են, որ էլեկտրոնային  առողջապահության համակարգը դեռ առողջացման կարիք ունի, ինչը ընդունում է նաև Առողջապահության ազգային ինստիտուտի  էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը։

 «Մենք առաջ ենք գնում սխալները շտկելով և թերությունները վերացնելով։   Կան կետեր, որոնց դեռ չենք անդրադարձել։ Մեր գլխավոր խնդիրը իրավական կարգավորումներն են։ Երբ լինի օրենքը, բազմաթիվ հարցեր կկանոնակարգվեն և ավելի լավ վիճակում կլինենք»,– ասում է Ծաղկանուշ Սարգսյանը։

Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցչի՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը բավականին աշխատատար ու ժամանակատար գործընթաց  է, ուստի համակարգի ամբողջական ներդրման համար նվազագույնը հինգ տարի կպահանջվի։

Ցուցադրել ավելի
Back to top button