ԿարևորՀասարակություն

Երևանի տրանսպորտը ոչ միայն հարմարավետ կամ անվտանգ չէ, այլ նաև վայել չէ երևանցուն. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում ամփոփել է անցնող տարում կատարված աշխատանքները, նախանշել գործունեության նոր ուղղություններ:

Հանրային տրանսպորտի բարեփոխման հարցի մասին խոսելով, նա ասել է, որ այն, իհարկե, ամենաառաջնահերթ խնդիրներից մեկն է մեր քաղաքում, իսկ այս պահին՝ աղբահանության հարցի սկզբունքային լուծումից հետո, թերևս ամենաառաջնահերթը.

«Մենք չենք զլանում վերահաստատել այն գնահատականները, որոնք տվել ենք հարցի վերաբերյալ նախորդ տարիներին: Երևանի տրանսպորտն այսօր ոչ միայն հարմարավետ չէ կամ անվտանգ չէ, այլ բառի ամենակոնկրետ իմաստով՝ վայել չէ երևանցուն: Խնդիրը տասնամյակներով համակարգային լուծում չի ստացել, իսկ վերջին տասնամյակի ընթացքում էլ ավելի է վիճակը վատթարացել: Ուստի, տրանսպորտային նոր համակարգի ներդրման, ընդհանրապես, հանրային տրանսպորտի  վերաբերյալ մեր պատկերացումների արմատական փոփոխության խնդրի առաջ ենք այսօր: Առավել ևս, թեթև մարդատար մեքենաների այս ահռելի հոսքի պայմաններում մենք պետք է ստեղծենք հանրային տրանսպորտի մրցունակ համակարգ, պարզ ասած, որպեսզի մարդիկ հրաժարվեն քաղաքում երթևեկել իրենց մեքենաներով ու ավտոբուս նստեն: Այս տարվա ընթացքում վերջնականապես հաստատեցինք նոր տրանսպորտային ցանցի նախագիծը,  մշակեցինք դրա իրագործման ֆինանսական մոդելը, որը հավանության արժանացավ կառավարության կողմից, և արդեն հաջորդ տարվանից, այսպես ասենք, թղթի վրայից հարցը կփոխադրենք իրականացման դաշտ: Համաձայն նոր ցանցի, քաղաքը կսպասարկի տարբեր տարողության ու չափի շուրջ 850 ավտոբուս և ավելի քան 100 տրոլեյբուս: Արդեն մոտ ապագայում կհայտարարվեն առաջին խմբաքանակների ձեռքբերման մրցույթները: Համագործակցության դրական ակնկալիքներ կան նաև մեր ավանդական միջազգային գործընկերների ու բարեկամ երկրների կողմից: Այնպես որ, դեռևս անցյալ դեկտեմբերին ռեֆորմի իրագործման իմ հնչեցրած ժամկետներն ուժի մեջ են, և մենք ռեալ արդյունքները կտեսնենք արդեն 2021-22 թվականներին»:  

Մետրոյի կառուցման մասին հարցին պատասխանելով էլ՝ Հայկ Մարությանը նշել է, որ բավական ծավալուն «տնային աշխատանք» են կատարել անցնող տարվա ընթացքում: Մշակվել է մի քանի էսքիզ, որոնցից առանձնացվել են առավել նախընտրելիները, մշակել են ֆինանսավորման մոդելը, այն է՝ անել գրավիչ առաջարկ պոտենցիալ ներդրողին՝ կառուցել կայարանն ու տեղում ծավալուն բիզնես-նախագծեր իրագործելու հնարավորություն ստանալ.

«Ըստ մեր հրապարակած էսքիզի, կայարանը պետք է տեղակայվի Հրազդանի կիրճի երկու ափերն իրար կապող կառուցվելիք կամրջի վրա, այսինքն, հենց կամրջի վրա կլինի կառամատույցը: Սա հնարավորություն կտա զգալիորեն օպտիմալացնել ծախսերը, ինչպես նաև դեպի կայարան մուտքի հնարավորություն կլինի երկու կողմից՝ Հալաբյանից ու Կիևյանի հետ հատվող Բարբյուսի փողոցի կողմից:  Հիմա արդեն առարկայական բանակցությունների մեջ ենք պոտենցիալ ներդրողի հետ, որոնք լավատեսության բավական ամուր հիմք են ստեղծում: Մետրոյի կայարանի կառուցումը քաղաքի այդ հատվածի համար զարգացման լուրջ խթան կդառնա»:

Ցուցադրել ավելի
Back to top button